ԵՄ-ի ակտիվությունը տարածաշրջանում այս տարի ավելի տեսանելի կլինի. Եվրոպացի վերլուծաբան

Եվրոպացի վերլուծաբան Ուվե Հալբախը կարծում է, որ անցած տարին դիվանագիտական և քաղաքական գործընթացներով հարուստ էր Հարավային Կովկասում:

Ըստ նրա, դա շատ ավելի նախընտրելի է նման խնդրահարույց տարածաշրջանների համար, քան պատերազմելը և ռազմական միջադեպերը:

Վերլուծաբանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ պատերազմից հետո թեև դիվանագիտական ակտիվ գործընթացներ են սկսվել, սակայն դրանց զուգահեռ՝ շատ են եղել զորավարժությունները:

«Այս դեպքում դրանք ամփոփելով, կարելի է դիտարկել՝ որպես դիվանագիտական գործընթացին զուգահեռ ճնշումներ, որոնք զգալի են եղել ողջ տարվա ընթացքում, ինչը ցույց է տալիս նաև, որ ռազմական վտանգը նաև լիովին չի չեզոքացվել, դեռ շատ են խնդիրները: Ուշագրավ էր հետևել նաև ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ջանքերին, որոնք ուղղված էին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթաց ներքաշվելուն: Ռուսաստանին զուգահեռ՝ ԱՄՆ-ը ու ԵՄ-ն կարողացան ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով որոշ նախարարական հանդիպումներ անցկացնել, իսկ 2021թ․ ավարտվեց ԵՄ խորհրդի նախագահի կազմակերպած Փաշինյան-Ալիև հանդիպմամբ: Սրանք դեռ փոքր քայլեր են շատ հետազոտողների համար, սակայն այն վերլուծաբանները, որոնք լավ են տիրապետում եվրոպական քաղաքականությանը, կարող են ասել, որ սա վատ չէ, ու այս քաղաքական ներդրումները տարածաշրջանում արդյունք կտան ժամանակի ընթացքում»,- ասաց վերլուծաբանը:

Նա ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ ԵՄ-ն տարածաշրջանում ակտիվություն է դրսևորել թե՛ ֆինանսական, թե՛ քաղաքական առումներով:

«ԵՄ-ն 2021թ․ տարեսկզբին մի քանի ներկայացուցչական պատվիրակություն ուղարկեց Երևան, փորձեցին հնարավոր բոլոր եղանակներով ակտիվացնել կապերը, որոնք 2022թ․ կօգտագործվեն տաածաշրջանում ԵՄ ազդեցությունն է՛լ ավելի մեծացնելու համար, և դա հաջորդ փուլում ավելի նկատելի կլինի: Սա՝ այն դեպքում, երբ այս գիծը պահպանվի»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս