«Զարեհ Սինանյանի դարդն այն չէ, թե մենաշնորհ կա կամ չկա․․․». Հարութ Սասունյան
«Պատերազմից հետո սփյուռքյան ինստիտուցիոնալ, հին Սփյուռքի որոշ կառույցներ քաղաքական պատճառներով որոշել են թշնամաբար վերաբերվել Հայաստանի պետությանը, կառավարությանը, ինչի համար ցավում եմ, որովհետև դա մեծ սխալ է իրենց կողմից, և դա վնասում է մեր ազգային գործին»,- օրերս առցանց ասուլիսում հայտարարել էր Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Մեկ այլ շեշտադրումով Զարեհ Սինանյանն անդրադարձել էր նաև Սփյուռքի ինստիտուցիոնալ կառույցների, իր ձևակերպմամբ, մենաշնորհային կարգավիճակին՝ նկատելով, որ տասնամյակներ շարունակ այդ կազմակերպությունները մենաշնորհ են ունեցել ՀՀ-ի հետ հարաբերությունների մեջ:
«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը 168.am-ի հետ զրույցում ոչ միայն թյուր համարեց Սփյուռքի գլխավոր հանձնակատարի՝ Սփյուռքի մասին պատկերացումները, այլև մատնանշեց այդ հայտարարության խորքում թաքնված քաղաքական նրբերանգները.
«Պարոն Սինանյանը պարզապես չի հասկանում իր պաշտոնը. նա կարծում է, որ քաղաքական գործիչ է՝ իմքայլական, և պետք է ամեն առիթով պաշտպանի վարչապետի քաղաքական կողմնորոշումը, մինչդեռ իր պաշտոնը Սփյուռքի և Հայաստանի միջև կամուրջ լինելն է: Եվ, անշուշտ, նա պետք է աշխատի բոլոր երկրներում, բոլոր համայնքների հետ՝ անկախ հանգամանքից՝ այդ մարդիկ հակառա՞կ են իշխանություններին, թե՞ ոչ:
Սփյուռքում չկան Հայաստանին թշնամաբար վերաբերվողներ. բոլորն էլ հայրենասեր են. պարզապես իրենք տարբեր կարծիքի են երկրի վիճակի մասին և խորը մտահոգ են, որովհետև տեսնում են՝ երկիրը գնում է դեպի անդունդ: Եթե պարոն Սինանյանը սպասում է, որ մենք Սփյուռքում, տեսնելով, որ մեր հայրենիքը կործանումի եզրին է, պետք է ձայն չհանենք, չարաչար սխալվում է, որովհետև հենց նրանք են ոչ հայրենասերները, որ լինի Հայաստանում թե Սփյուռքում, երբ տեսնում են՝ հայրենիքը կործանման եզրին է, ձայն չեն հանում. հայրենասեր մարդը կմտահոգվի Հայաստանի իրավիճակով, իր ձայնը կբարձրացնի, կբողոքի և կուզենա, որ իրավիճակը փոխվի»:
Անդրադառնալով սփյուռքյան որոշ կառույցների՝ «մենաշնորհային դիրքի» մասին Զարեհ Սինանյանի հայտարարություններին և պատասխանելով հարցին, թե ի՞նչ ակնարկներ է անում Սփյուռքի գլխավոր հանձնակատարը, Հարութ Սասունյանը վստահեցրեց՝ Սինանյանը խեղաթյուրում է իրողությունները:
«Զարմանալի է, որ այսպիսի բան ասում է նա, որ կյանքի մեծ մասը Սփյուռքում է ապրել և չի հասկացել, թե Սփյուռքն ինչպես է կազմակերպված:
Մենաշնորհներ չկան. կան կազմակերպություններ՝ լինի կուսակցական, կրոնական և այլ, մեծ թվով անհատներ, որոնք տասնամյակներ ի վեր ամեն կերպ օգտակար են լինում թե՛ համայնքի հայապահպանմանը, թե՛ Հայաստանին:
Ոչ ոք չի արգելում, որ պարոն Սինանյանը կապ հաստատի որևէ մեկի հետ, ում հետ ցանկանում է՝ որևէ անհատի, կազմակերպության, բայց նկատեմ, որ իր դարդն այն չէ, թե մենաշնորհ կա կամ չկա. որոշ քաղաքական կուսակցություններ խիստ քննադատում են իշխանություններին, ինչը, ըստ իս, ճիշտ է, որովհետև մեկ անգամ ևս ասեմ՝ այս կացության մեջ լռելը հայրենիքի շահերին հակառակ է, որովհետև մենք ամեն օր կորցնում ենք մեր հայրենիքը»,- ասաց ամերիկահայ գործիչը: