Պատերազմից հետո սփյուռքյան որոշ կառույցներ քաղաքական պատճառներով որոշել են թշնամաբար վերաբերել պետությանը, կառավարությանը. Զարեհ Սինանյան

«Պատերազմից հետո սփյուռքյան ինստիտուցիոնալ, հին Սփյուռքի որոշ կառույցներ քաղաքական պատճառներով որոշել են թշնամաբար վերաբերել Հայաստանի պետությանը, կառավարությանը, ինչի համար ցավում եմ, որովհետև դա մեծ սխալ է իրենց կողմից և դա վնասում է մեր ազգային գործին»,- Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մասին լրագրողի հարցին ի պատասխան՝ առցանց ասուլիսում նշեց Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Ըստ նրա՝ այդ կառույցների ներկայացուցիները երկար պետք է մտածեն դրա մասին և հասկանան, թե իրենք որտեղ են գտնվում այս պահին:

«Դրան միացած՝ նաև թուրքական հինգերորդ շարասյունը, որը շատ ակտիվ է Հայաստանում և ամեն կերպ թունավորում է Հայաստանի հասարակական կյանքի բոլոր բնագավառները՝ ներառյալ ՀՀ Սփյուռք հարաբերությունները»,- հավելեց Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը:

Մեկ այլ շեշտադրումով Զարեհ Սինանյանն անդրադարձավ Սփյուռքի ինստիտուցիոնալ կառույցների, իր ձևակերպմամբ, մենաշնորհային կարգավիճակին: Նա համոզված է, որտասնամյակներ շարունակ այդ կազմակերպությունները մենաշնորհ են ունեցել ՀՀ հետ հարաբերությունների մեջ:

«Այժմ մեր գործելաոճը տարբեր է մենք չենք ընդունում որևէ մենաշնորհ, և աշխատում ենք մեր բոլոր սփյուռքյան կառույցների, անհատների հետ, նույնիսկ այն կառույցների հետ, որոնք շատ վատ դիրքորոշում են որդեգրել ՀՀ պետության նկատմամաբ դեռ հեղափոխությունից հետո: Բայց բոլորը պետք է ընդունեն, որ մենաշնորհներ չեն լինելու»,-եզրափակեց Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը:

Տեսանյութեր

Լրահոս