Չկողմնորոշվածը. ո՞վ է «Սիսական» ջոկատի հրամանատարին կալանավորած դատավորը

Եվ այսպես, Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սիմոնյանի նախագահությամբ, բավարարեց դատախազության բողոքը և «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին կալանավորելու որոշում կայացրեց:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության համաձայն` հանցագործության նախապատրաստության փուլում կանխել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական գործչի սպանության, բռնություն գործադրելու միջոցով Հայաստանի կառավարության լիազորություններին տիրանալու, ինչպես նաև բացահայտել է մի խումբ անձանց կողմից այդ նպատակով ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, պահելու դեպքեր:

Այս գործով ձերբակալվել էին մի շարք անձինք, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Աշոտ Ավագյանը, ինչպես նաև Սիսիանի կամավորականների ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը, ապա ազատ արձակվել։

Աշոտ Մինասյանը մեկ տարուց ավելի ազատության մեջ է, այդ ընթացքում դրսևորել է պատշաճ վարքագիծ, ներպետական 3 դատարաններ նրան կալանավորելու որոշում չեն կայացրել, քանի որ բացակայել են դրա հիմքերը, սակայն Տիգրան Սիմոնյանի համար ըստ էության էական չէ՝ կա՞ կալանավորման հիմք, թե՞ ոչ:

«Քիչ առաջ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի տարած-հետ բերած, անունով դատավոր Տիգրան Սիմոնյանի ակնհայտ ապօրինի որոշմամբ Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար, Արցախյան 3 պատերազմների մասնակից Աշոտ Մինասյանը կալանավորվեց։

Աշոտ Մինասյանը շուրջ 1,5 ժամ, առանց որոշման, սպասում էր կալանավորվելուն։

Սույն դատավորը քիչ առաջ բավարարեց քննիչի դեռևս 2020թ. նոյեմբերի 15-ի միջնորդությունը, որով փաստեց, որ կալանք տալու համար փաստերն էական չեն, էականը իշխանության ցանկությունն է։

Ընթանում է #Սյունիքի_գլխատում օպերացիայի երկրորդ փուլը, ինչին օժանդակում են տիգրանսիմոնյան դատավորները, իսկ արդյունքներն առաջիկայում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր Աշոտ Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը:

Իսկ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն էլ, ով նույնպես ժամանակին եղել էր «Սիսական» ջոկատի հրամանատարի պաշտպանական թիմից, գրել էր, որ Աշոտ Մինասյանին առաջադրված մեղադրանքին ու գործի նյութերին ծանոթ է ամբողջությամբ:

«Կալանավորելու որոշում կայացնելու հնարավորություն չունեցավ նույնիսկ Վճռաբեկ դատարանն (դատախազություն) ու Արմինե Մելիքսեթյանը, քանի որ չկա դրա օբյեկտիվ ու սուբյեկտիվ նվազագույն հնարավորությունը: Հետևաբար պարզ վարժությամբ կարելի է պարզել, թե ինչ մասնագիտական որակի է պետք տիրապետել, որպեսզի կալանավորման որոշում կայացնել: Պետք է բոլորս գիտակցենք, այս իշխանությունները կալանավորում են ու կալանավորելու են բոլորին, դատական համակարգը իմունային համակարգը ոչնչացրել ու ոչնչացնում է այս իշխանություններն ու իբր բարձրագույն դատական խորհուրդը:

Պարզապես այսպիսի «որակի» «դատավորները» ոչ թե ուղղակի ապօրինի կալանավորում են իրանց անվտանգությունը պաշտպանած մարդկանց, այլ ոչնչացնում են մեր պետականությունը»,- նշել էր նա:

Իսկ ո՞վ է Աշոտ Մինասյանին կալանավորած դատավորը: Ուշադիր ընթերցողը կհիշի՝ 168.am-ը Վերաքննիչ քրեական դատարանում Տիգրան Սիմոնյանի վերջին հայտնությունից հետո անդրադարձել էր վերջինիս գործունեության տարբեր փուլերին ու աշխատանքային սկզբունքներին:

Տիգրան Սիմոնյանը, մեզ հասած տեղեկություններով, Վերաքննիչ քրեական դատարանի նախկին նախագահ Վազգեն Ռշտունու համակուրսեցին է, որին էլ ժամանակին նա թախանձագին խնդրել է իրավաբան-գիտնականի քվոտայով միջնորդել նշանակել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, ինչը և Վազգեն Ռշտունին անում է։ Կարճ ժամանակ անց, սակայն, չդիմանալով գործերի ծանրաբեռնվածությանը, Տիգրան Սիմոնյանը լքում է դատական համակարգը` Վազգեն Ռշտունուց ներողություն խնդրելով, թե վատ վիճակի մեջ է դնում իրեն, բայց չի դիմանում ծանրաբեռնվածությանը ու ուզում է մեկնել Ռուսաստանի Դաշնություն։

Դատական համակարգից դուրս գալուց հետո, սակայն, Տիգրան Սիմոնյանը հանկարծ դառնում է երդվյալ իշխանական ու այս ու այնտեղ տարատեսակ հորինովի պատմություններ է պատմում համակարգից դուրս գալու իբր իրական պատճառների մասին։

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի վրա հենց Տիգրան Սիմոնյանի զգայացունց պատմություններն են ազդել այն մասին, թե իրեն Վերաքննիչում օր ու արև չէին տալիս, ու դրա համար է դուրս եկել դատական համակարգից, և հիմա միայն նոր կարգերի օրոք որոշել է վերադառնալ։

Մեզ նաև տեղեկություններ հասան թե Տիգրան Սիմոնյանի խնդիրների ու աշխատանքից դուրս գալու դրդապատճառների, և թե ներկայումս իշխանության բարձրագույն օղակներում նրա ունեցած կապերի մասին։

Թե որքանով են դրանք, մասնավորապես, ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հետ ունեցած ընկերական կապերը նպաստել, որ Տիգրան Սիմոնյանը կրկին ցանկանա աշխատել դատական համակարգում, մնում է միայն կռահել:

Ի դեպ, մեր տեղեկություններով՝ Տիգրան Սիմոնյանը նաև մտերիմ ընկերական հարաբերություններ ունի շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հետ: Երկուսն էլ Կոտայքի մարզից են, և ժամանակին հավանաբար հենց այս հանգամանքը հաշվի առնելով էր Տ. Սիմոնյանը նշանակվել շրջակա միջավայրի փոխնախարար:

Բացի դրանից, մերձդատական համակարգի մեր աղբյուրները բավականին ուշագրավ մանրամասներ պատմեցին դեռ առաջին նշանակման ժամանակ Տիգրան Սիմոնյանի աշխատելու ոճի մասին։

Մեզ ասացին, որ Վերաքննիչ քրեական դատարանում ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ առաջին նշանակումից հետո Սիմոնյանն իրեն դատական նիստերի ժամանակ պահում էր ոչ թե որպես քրեական իրավունքի մասնագետ, ինչը դասախոսում է ԵՊՀ-ում, այլ՝ որպես մեղադրող դատախազ։

Պատմեցին նաև, որ Տիգրան Սիմոնյանը սովորություն է ունեցել Վազգեն Ռշտունու մոտ ամեն անգամ բողոքել, թե մասնավորապես Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը կարծես Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից լինի, այլ ոչ թե դատավոր։

Դեռևս նոյեմբերի 2-ին մենք գրել էինք, որ, իհարկե, յուրաքանչյուր դատավոր ինքն իր խղճի, մասնագիտական ու պրոֆեսիոնալ ունակություններով է կայացնում դատական ակտ, որքան էլ որ դա, օրինակ, արդարադատության նախարարին դուր չգա, բայց վստահաբար Տիգրան Սիմոնյանը կդառնա իշխանությունների սրտի դատավորը, քանի որ նրանց հենց դատախազի հոգեբանությամբ դատավորներ են պետք։

Ուղիղ մեկ ամիս անց Տիգրան Սիմոնյանը կալանավորման հիմքերի բացարձակ բացակայության պայմաններում կալանավորեց «Սիսական» ջոկատի հրամանատար, լեգենդար Աշոտ Մինասյանին՝ «Աշոտ Երկաթին»:

Ցավալի է, բայց մեր կանխատեսումները ճիշտ էին. իշխանությունները գտել են հերթական կալանք տվող, իրենց պատվերները մեկին մեկ կատարող դատավորին: Բարով վայելեն:

Տեսանյութեր

Լրահոս