Ռոբերտ Քոչարյանի դեմ քաղաքական ակցիաներ իրականացնող Մհեր Արմաղանյանի որդին դարձավ «կալանք տվող» դատավոր

168.am-ը հանգամանորեն անդրադարձել է Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժնի արտահերթ համալրման նպատակով անցկացվող մրցույթին:

Այս երկար-բարակ անվանումով մասնագիտացումն իրավաբանական հանրույթում հայտնի է՝ որպես «կալանք տվող դատավորների» առանձին ճյուղ:

Հիշեցնենք, որ սա «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում առկա նոր իրողություն է, և սա, ըստ մասնագետների, արվել է հատկապես քաղաքական հնչեղության գործերով ցանկալի որոշումներ ստանալու համար, որովհետև կար ժամանակ, երբ դատական համակարգն անկախության փորձեր էր անում ու չէր դակում ցանկացած կալանքի միջնորդություն, որը բերում էր նախաքննական մարմինը:

Ըստ էության այս ծախսատար «միջոցառումը» ժամանակավրեպ էր, քանի որ հունիսի 20-ից հետո «պողպատյա մանդատակիր» իշխանությունն այնպիսի տեռոր է սկսել դատական համակարգում, որ քաղաքական հնչեղություն ունեցող գրեթե բոլոր գործերով դատավորները կայացնում են կալանքի միջնորդություններ:

Ինչևէ, մրցույթն արդեն իրողություն է, սակայն մինչ մրցույթը 168.amգրել էր՝ ովքեր են «կալանք տվող դատավորների» թեկնածուները, այսինքն՝ դատական համակարգում «հայտնի» որ դատավորների որդիներն են նրանք:

Թեկնածուներից մեկը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արմաղանյանի որդին էր՝ Դավիթ Արմաղանյանը, ով լինելով փաստաբան և «Իմ քայլը» դաշինքի իրավախորհրդատու, ցույց էր անում՝ ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքից ազատ արձակման: Բնական ու հասկանալի էր իշխանությունների ցանկությունը՝ այս երիտասարդին տեսնելու՝ որպես մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավոր, և մրցույթի երկու փուլերի արդյունքում վերջինս, ի վերջո, դարձավ «կալանք տվող» դատավոր:

Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) կայքից:

Շուրջ 50 թեկնածուներից նոր մասնագիտացմամբ դատավորներ դարձան 17-ը:

17 դատավորներից 2-ը նախկինում աշխատել են Հատուկ քննչական ծառայությունում, 3-ը դատախազ են եղել, 4-ը ներկայացնում են դատական համակարգը, 2-ը՝ Քննչական կոմիտեն, 1-ը Պետական եկամուտների կոմիտեի աշխատակից է եղել, ևս 1-ը նախկինում ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, 2-ը՝ Փաստաբանների պալատը, իսկ 2-ը եղել են գործազուրկ:

Ի դեպ, գործազուրկներից մեկը հենց Մհեր Արմաղանյանի որդին էր՝ Դավիթ Արմաղանյանը: Այսօր արդեն վերջինս «կալանք տվող» դատավոր է:

Ի դեպ, այս ձևակերպումն է օգտագործում նաև ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:

Տեսանյութեր

Լրահոս