Եվրախորհրդարանի պատգամավորները ողջունել են Հաագայի դատարանի որոշումները
Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը (Էստոնիա), Եվրախորհրդարանի Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևը (Բուլղարիա) և Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Զելյանա Զովկոն (Խորվաթիա) ողջունում են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի դեկտեմբերի 7-ի՝ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» և «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործերի շրջանակներում հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումները: Այդ մասին հայտնում է Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով Եվրախորհրդարանի առաջատար պատգամավորների համատեղ հայտարարությունը:
Կալյուրանդը, Կովաչևը և Զովկոն իրենց հայտարարությամբ ևս մեկ անգամ կոչ են արել Ադրբեջանին ազատ արձակել պահվող բոլոր հայ գերիներին:
«Սրանք պարտադիր իրավական ուժ ունեցող կարևոր որոշումներ են, որոնք պետք է ի կատար ածվեն ամբողջությամբ: Ավելին, մենք շարունակում ենք կոչ անել անհապաղ ազատ արձակելու մնացած բոլոր գերիներին Ադրբեջանի կողմից, ինչպես նաև փոխանակվելու ականապատ դաշտերի վերաբերյալ բոլոր հասանելի տեղեկություններով՝ արդյունավետ ականազերծման համար: Այս առումով մենք ողջունում ենք վերջերս 10 հայ գերիների ազատումը և ականապատ դաշտերի քարտեզների փոխանցումը», – ասված է հայտարարությունում:
Հիշատակելով իրենց նախորդ հայտարարությունները՝ Մարինա Կալյուրանդը, Անդրեյ Կովաչևը և Զելյանա Զովկոն ընդգծել են՝ չափազանց կարևոր է, որ Հայաստանը և Ադրբեջանը անհապաղ և արդյունավետ քայլեր ձեռնարկեն լարվածությունը տարածաշրջանում թուլացնելու և բորբոքիչ հռետորաբանությունը դադարեցնելու ուղղությամբ՝ փոխադարձ վստահություն ձևավորելու, հաշտեցմանը նպաստելու և հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները վերսկսելու նպատակով: Այս տեսանկյունից Եվրախորհրդարանի պատգամավորները կառուցողական հանդիպում են ակնկալում Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական առաջնորդների միջև Բրյուսելում դեկտեմբերի 15-ին կայանալիք Արևելյան գործընկերության շրջանակներում:
«Եվ վերջապես, մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք Եվրամիության հանձնառությունը աջակցելու կողմերի միջև փոխվստահության ձևավորման միջոցառումներին և առարկայական բանակցություններին, մասնավորապես՝ հակամարտության տևական կարգավորմանը և Լեռնային Ղարաբաղի շրջանի ապագա կարգավիճակի հստակեցմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ղեկավարած գործընթացի շրջանակներում», – հավելել են Կալյուրանդը, Կովաչևը և Զովկոն:
Դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել էր «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի համատեքստում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» և «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» դատական գործերի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված հայցերի հիման վրա հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումները: Մասնավորապես, «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի մասով հրատապ միջոցներ կիրառելու Հայաստանի հայցի հիման վրա Դատարանը որոշել էր, որ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում առկա է ազգությամբ հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ, և Ադրբեջանին պարտավորեցրել էր.
Պաշտպանել բռնությունից և մարմնական վնասվածքներից բոլոր այն անձանց, ովքեր գերեվարվել են 2020 թ. զինված հակամարտության ընթացքում կամ դրանով պայմանավորված և դեռևս շարունակում են գերեվարված մնալ, և ապահովել նրանց անվտանգությունն ու օրենքի առջև հավասարությունը,
Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու ազգությամբ և էթնիկ հայերին թիրախավորող ռասայական ատելության և խտրականության հրահրումը և խթանումը, ներառյալ՝ Ադրբեջանի պաշտոնյաների և պետական հաստատությունների կողմից,
Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ: