Հարցվածների 60.5 տոկոսը հավանություն չի տվել կառավարության աշխատանքին. Նավասարդյան
«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր ասուլիսում ներկայացրեց արդի հիմնախնդիրների և քաղաքական զարգացումների վերաբերյալ հետազոտության արդյունքները։
Հետազոտությունն անցկացվել է նոյեմբերի 16-27-ը՝ հեռախոսային մեթոդով:
Ըստ «Ընդհանուր առմամբ բավարարվա՞ծ եք արդյոք ձեր կյանքով» հարցին տրված պատասխանների՝ «լիովին բավարարված է» 14 տոկոսը, «Ավելի շուտ» բավարարված է 33.4 տոկոսը, «Ավելի շուտ բավարարված չեմ»՝ նշել է հարցվածների 32.4 տոկոսը, 16.9 տոկոսը նշել է, որ ընդհանրապես բավարարված չէ:
«Ինչպե՞ս եք գնահատում ձեր ընտանիքի նյութական, տնտեսական վիճակը ներկայումս»՝ հարցի դեպքում պատկերը գրեթե փոփոխված չէ: «Շատ լավ»՝ նշել է 2.4 տոկոսը, 18.1 տոկոսը նշել է՝« լավ», «միջին»՝ 62.5 տոկոսը: Սա ընդհանրապես կապված չէ տնտեսական իրավիճակի հետ, հիմնականում ապահովվում է տրանսֆերտներով և օգնություններից, որ մարդիկ ստանում են բարեկամներից, ծանոթներից:
«Ինչպե՞ս եք գնահատում մեր երկրի տնտեսական վիճակը»՝ հարցի դեպքում 2019թ. մայիսի համեմատ ունենք կտրուկ փոփոխություն:
«Շատ լավ»՝ նշել է 0.8 տոկոսը, 5.1 տոկոսը նշել է՝ «լավ», 24.9 տոկոսը նշել է՝ «միջին», և «վատ» նշել է 29.7 տոկոսը, իսկ նախկինում դա եղել է 22.5 տոկոս: 36.6 տոկոսն էլ նշել է՝ «շատ վատ»: Նախկինում 10.9 տոկոս էր: Գրեթե 3.5 անգամ «շատ վատ»-ի ցուցանիշն աճել է:
«Մեկ տարի հետո դուք և ձեր ընտանիքն ավելի լավ, թե ավելի վատ կապրեք»՝ հարցին «Զգալիորեն ավելի լավ» 10.4 տոկոսն է նշել, 31.3 տոկոսը՝ «որոշ չափով ավելի լավ», 20 տոկոսը նշել է՝ «այնպես, ինչպես այժմ», «որոշ չափով վատ»՝ նշել է 10.1 տոկոսը, «զգալիորեն ավելի վատ»՝ նշել է հարցվածների 7.9 տոկոսը:
«Ներկա պահին որո՞նք են մեր պետության առջև կանգնած ամենակարևոր խնդիրները. Օրինակ, 2019թ. ամենաշատը նշվում էին տնտեսական խնդիրները՝ 40.5 տոկոս, գործազրկությունը՝ 45 տոկոս, 26.1 տոկոսը նշում էր ԼՂ հիմնախնդիրը, ցածր աշխատավարձը, թոշակ նշել է 26.8 տոկոսը:
«2021թ. 39.4 տոկոսը նշել է ՀՀ անվտանգային խնդիրները, 34 տոկոսը՝ պատերազմ, 30 տոկոսը նշել է տնտեսական վիճակը, սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերը՝ 23 տոկոս, գերիների վերադարձ՝ 12 տոկոս, առողջապահական համակարգի վատ վիճակ՝ 10 տոկոս»,- ասաց Արամ Նավասարդյանը:
Ինչպե՞ս եք գնահատում ներքոշարադրյալների՝ ՀՀ վարչապետի, կառավարության, ԱԺ-ի, նախագահի գործունեությունը՝ հարցին ՀՀ վարչապետի աշխատանքին հավանություն է տվել 33.4 տոկոսը, 49.4 տոկոսը հավանություն չի տվել:
60.5 տոկոսը հավանություն չի տվել կառավարության աշխատանքին և միայն 23 տոկոսն է հավանություն տվել:
16.3 տոկոսն է միայն ԱԺ-ին գնահատել դրական, և ըստ բանախոսի, նման ցածր ցուցանիշ վերջին 11 տարում երբևէ չի եղել:
68 տոկոսը հավանություն չի տալիս այս կառույցի աշխատանքին:
ՀՀ նախագահի աշխատանքը դրական է գնահատել 18.7 տոկոսը, դժգոհ է 60 տոկոսը:
«Ինչպես եք գնահատում Նիկոլ Փաշինյանի ձևավորած նոր կառավարության պաշտոնավարման 100 օրը»՝ հարցին «լիովին դրական» է պատասխանել հարցվածների 6.2 տոկոսը, «ավելի շուտ դրական»՝ 24.5 տոկոսը, 15.3 տոկոսը՝ «ավելի շուտ բացասական», և «ընդհանրապես բացասական» է գնահատել 35.4 տոկոսը:
Արամ Նավասարդյանի խոսքով՝ եթե 2018թ. «ընդհանրապես բացասական» էր գնահատել հարցվածների 4.6 տոկոսը, հիմա 35.4 տոկոս է, այսինքն, ցուցանիշը գրեթե 8 անգամ աճել է:
1-5 բալանոց սանդղակով գնահատել են նաև նախարարների, կառույցների աշխատանքը:
Ամենալավ գնահատականը ստացել է ՄԻՊ Արման Թաթոյանը՝ 5 բալից 4.1 բալ, 3 բալից մի փոքր ավելի ստացել է Անդրանիկ Փիլոյանը՝ ԱԻՆ-ից, 2.2 բալ ստացել է Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Հաջորդ հարցն այն է եղել, թե 3 տարվա ընթացքում որքանո՞վ են արդարացել սպասումները՝ հեղափոխությունից:
«2021թ. նոյեմբերի պատկերն եմ ասում. 3.2 տոկոսը նշել է, որ «ամբողջությամբ արդարացել է», «որոշ չափով արդարացել է»՝ նշել է 33 տոկոսը, «որոշ չափով չի արդարացել»՝ նշել է 10.2 տոկոսը: 46 տոկոսն էլ նշել է, որ «ընդհանրապես չի արդարացել»: