Զրահապատ լաքեյների պողպատյա սանձարձակությունը
Հերթական Ալենի յուրաքանչյուր հերթական սկանդալից հետո ակտիվորեն շրջանառվում է թեզը, թե ահա, իշխանությունն այդպիսով հասարակության ուշադրությունը շեղում է հերթական բացասական որոշումից, Հայաստանի հերթական տարածքի հանձնումից։
Ալենի համար 200 հազարանոց զրահապատ մեքենա գնելու որոշումը գնահատվում է՝ որպես Սոչիի հանդիպումից հանրության ուշադրությունը շեղելու փորձ, նույն առանձնյակը հերթական հիմարությունն է արտահայտում, կրկին հայտնվում են գնահատականները՝ իշխանությունը շեղում է հասարակության ուշադրությունը։
Կամ իշխանական պատգամավորները ծեծուջարդ են կազմակերպում խորհրդարանի շենքում, կրկին նույն թեզը՝ այդպիսով իշխանությունը շեղում է հանրության ուշադրությունը Ալենի մարազմից, որն իր հերթին՝ հրապարակ էր նետվել մեկ այլ հարցից նույն հանրային ուշադրությունը շեղելու նպատակով։ Այս գնահատականները, շեղման այս տեսությունը զգալի չափով ինքնախաբեություն, գուցե նաև՝ ինքնարդարացում է պարունակում։
Խնդիրն այն է, որ Հայաստանի հասարակությունն իրականում խորապես անտարբեր է ցանկացած հարցի նկատմամբ, մարդիկ ապրում են միայն սեփականության վկայականով իրենց պատկանող տարածքի նկատմամբ սեփականատիրական զգացումով և առանձնապես չեն մտահոգվում, երբ իրենց բնակարանից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա Հայաստանի իշխանության թողտվությամբ Հայաստանի տարածքում ադրբեջանցի զինվոր է հայտնվում։
Նույնը վերաբերում է գրեթե բոլոր հարցերին․ Ալենն անարգում է գերիներին, դա լավագույն դեպքում՝ միայն գերիների, այն էլ՝ ոչ բոլոր, հարազատների հոգսն է, մյուսները դրան վերաբերվում են՝ որպես լրահոսի հերթական տեղեկություն։
Շատ մեծ է հավանականությունը, որ հանրությունը նույնպիսի անտարբերությամբ է արձագանքելու նաև Նիկոլ Փաշինյանի կողմից որևէ լղոզված ձևակերպմամբ Հայաստանի տարածքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու որոշմանը։ Այդ մասին իշխանությունը շատ լավ գիտի, հետևաբար՝ որևէ անհրաժեշտություն չունի շեղելու որևէ մեկի ուշադրությունը որևէ հարցից։
Իսկ դա նշանակում է, որ իշխանության սանձարձակությունը ոչ թե նախապես մտածված ինչ-որ սցենարի մաս է կազմում, ոչ թե տեղի է ունենում մարդկանց շեղելու նպատակով, այլ ուղղակի արտահայտում է այն հակաարժեքային ու լկտի հոգեվիճակը, որում գտնվում են Նիկոլ Փաշինյանն ու նրա սպասարկուները։ Նրանք ցույց են տվել ու շարունակում են ցույց տալ մարդկային, բարոյական, քաղաքական, մասնագիտական այնպիսի անկում, որը որևէ այլ հասարակության կողմից չէր հանդուրժվի անգամ մեկ ժամ։ Բայց հունիսի 20-ին նրանք ստացել են պողպատե սանձարձակության մանդատ և հիմա վայելում են դրա ընձեռած բոլոր հնարավորությունները՝ սեփական, իշխանական ու հանրային արժեքների ու բարոյականության հաշվին։ Հունիսի 20-ի ընտրություններում հասարակությունը ցույց է տվել, որ իր ուշադրությունը պետությունից շեղված է այնքան ու այնպես, որ Նիկոլ Փաշինյանը դրա հետ կարող է վարվել ուզածի հանգույն։
Ինչ վերաբերում է «շեղման տեսության» կողմնակիցների գնահատականներում Ալենին երբեմն անգամ որպես զոհ ներկայացնելու փորձերին, այն իմաստով, որ իբր նա իր վրա է կրում Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ հարվածները, ապա դա ևս որևէ աղերս չունի իրականության հետ։ Ալենը սովորական լաքեյ է, իշխանական ներքինի, որը հանգամանքների բերումով հայտնվել է մյուս ներքինիներից ավելի բարձր կարգավիճակում՝ դրանից բխող անհեթեթ ու զրահապատ հետևանքներով։
Ռոբերտ Տեր-Սարգսյան