Բաժիններ՝

Սպիտակի երկրաշարժի դասերից մեկն այն է, որ սեյսմիկ վտանգի արժեքն ավելի ցածր էր հաշվարկվել և ներկայացվել, քան իրականում գոյություն ունեցել է․ սեյսմոլոգ

Հայաստանում 33 տարի առաջ տեղի ունեցավ խոշոր բնական աղետ, որը լուրջ մարտահրավեր դարձավ երկրի համար: Հաշված վայրկյանների ընթացքում ավերիչ երկրաշարժը հազարավոր շինությունների փլուզման, տասնյակ-հազարավոր մարդկանց մահվան պատճառ դարձավ: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով ժամը 11-ն անց 41 րոպե 22,7 վայրկյանին Հայաստանի հյուսիսում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ: Երկրաշարժն ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40 տոկոսը: Տուժել է 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Անօթևան է մնացել 514.000 մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել մոտ 20.000-ը, զոհերի թիվը կազմել է 25.000: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում՝մոտ 15-17.000, և Սպիտակում՝ 4000 մարդ:

Ավերիչ երկրաշարժի հետևանքով ավերվել է ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17 տոկոսը, դադարել է գործել 100-ից ավելի արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս է հասել նաև ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին:

«1988թ. մենք անպատրաստ էինք, իսկ այժմ կարող ենք խուսափել նման աղետից: Համոզված եմ, որ հիմա և՛ բնակչությունը, և՛ պետական մարմինները շատ ավելի պատրաստված են հնարավոր աղետին, քան այն ժամանակ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց սեյսմոլոգ Հրաչյա Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ պետք է բոլորս հասկանանք, որ մեր հայրենիքը, որտեղ ապրում ենք և ապրելու ենք, գտնվում է սեյսմավտանգ գոտում:

«Մենք պետք է ապրենք երկրաշարժերի հետ, ինչպես մարդիկ ապրում են սելավների, հրաբուխների, երկրաշարժերի գոտում: Պետք է հասկանանք, որ երկրաշարժը բնական երևույթ է, այն կանխել չենք կարող, բայց կարող ենք պատրաստված լինել»,- հավելեց Հրաչյա Պետրոսյանը:

Սեյսմոլոգն ընդգծեց՝ աշխատանքներ են տարվում նաև սեյսմիկ ռիսկի նվազեցման ուղղությամբ:

«Ներկայիս բարձրահարկ շենքերը կառուցված են նոր նորմերով: Երևանի, Գյումրիի, Վանաձորի կառուցապատումը պարտադիր իրականացվում է 9 բալ ուժգնության հաշվարկով: Դա ՀՀ շինարարական նորմերի պահանջն է: Կարող եմ ասել, որ նորակառույց շենքերն ավելի սեյսմակայուն են, քան մինչև Սպիտակի երկրաշարժը կառուցված շենքերը: Ես խոսում եմ ընդհանուր առմամբ: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա ոչ բոլոր շենքերն են հավանաբար, որ 100 տոկոսով պաշտպանում են նորմերը, պահանջները: Բայց, ընդհանուր առմամբ, Սպիտակի երկրաշարժի դասերից մեկն էլ այն է, որ մինչև երկրաշարժը սեյսմիկ վտանգի արժեքն ավելի ցածր էր հաշվարկվել և ներկայացվել, քան իրականում գոյություն ունեցել է:

ԽՍՀՄ տարիներին ցածր է գնահատվել սեյսմիկ վտանգը՝ հավանաբար նրա համար, որ շենքերը լինեն էժան և կառուցվեն արագ: Այո՛, հիմա էլ են արագ կառուցվում, բայց ոչ այն պատճառով, որ նորմերը խախտվում են, այլ այն պատճառով, որ նոր տեխնոլոգիաներ են: Այն ժամանակ հիմնականում տուֆակերտ քարե շենքեր էին, իսկ հիմա տարբեր, մոնոլիտ շենքեր կան: Արագությունը ոչ թե ի հաշիվ որակի է, այլ նոր տեխնոլոգիաների»,- եզրափակեց Հրաչյա Պետրոսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս