Հանդիսատեսը հիմնականում վերջին րոպեներին է գալիս՝ կիսաուշացած, և բոլորի QR կոդը ստուգելը ֆիզիկապես հնարավոր չէ. Թատրոնների տնօրենները՝ նախարարության որոշման մասին
Առողջապահության նախարարության մշակած նոր նախագծով՝ հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը կարող է թույլատրվել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստված լինելը հավաստող փաստաթղթի դեպքում։
Այս որոշումը դժգոհություն է առաջացրել տնտեսվարողների շրջանում: Տնտեսվարողներին հետաքրքրում է՝ արդյո՞ք կարող են գտնել այդ ռեսուրսները՝ նման ֆունկցիա իրականացնելու համար, և ինչպե՞ս են վերահսկողություն իրականացնելու: Նրանց պնդմամբ՝ կորոնավիրուսի հետևանքով տուժած հանրային սննդի ոլորտը դեռ չի վերականգնվել, իսկ այս նոր որոշումը տեղին չէ:
«Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Աշոտ Բարսեղյանի կարծիքով՝ այս որոշումը միանշանակ վնաս է հասցնելու հանրային սննդի օբյեկտներին: «Ինչո՞ւ ոչ ոք չի խոսում հասարակական տրանսպորտից: Ինչո՞ւ են լռում: Այս վարակն արիստոկրա՞տ է, միայն ռեստորաններում, թատրոններում ու թանգարաններո՞ւմ է պտտվում»,- մեզ հետ զրույցում հարց էր հնչեցրել Աշոտ Բարսեղյանը:
Փորձեցինք պարզել՝ արդյո՞ք նոր որոշմանը պատրաստ են թատրոնները և ի՞նչ խնդիրներ են տեսնում:
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանի կարծիքով՝ այս որոշման արդյունքում թատրոն այցելուների թիվը կնվազի.
«Այո, ամբողջ աշխարհում կա նման սահմանափակում: Մի քանի օր առաջ Մոսկվայում էի, հսկիչը ստուգում էր այդ QR կոդը: Բայց աբսուրդ է… իբր ժողովուրդը թատրոն էր գալիս..․ Ռեստորան դեռ կարող ես չգնալ, բայց պատվիրես, տանը ուտես, իսկ թատրոնի տոմսը չես կարող պատվիրել: Թատրոն շատ են այցելում, բայց երևի կսկսեն քչանալ»,- ասաց Արման Նավասարդյանը:
«Խնդիրներ գուցե առաջանան, որովհետև կլինեն մարդիկ, ովքեր գուցե պատվաստված չլինեն կամ ՊՇՌ հետազոտության արդյունք չունենան, բայց դա ժամանակի հարց է: Չեմ կարծում, որ այցելուների թիվը կպակասի: Թատրոն եկողը կգա հաստատ»,- նշեց «Երևանի Մնջախաղի պետական թատրոնի տնօրեն Մանվել Խաչատրյանը:
Նա նշեց, որ թատրոնի աշխատակիցների 85 տոկոսը պատվաստված է: «Պետք է ամեն ինչ անենք, որ հիվանդությունը չտարածվի: Օրինակ, հորաքրոջս մահվանից հետո, երբ դեռ որևէ բան չէին պարտադրում, ես գնացի և պատվաստվեցի կորոնավիրուսի դեմ»,- հավելեց Մանվել Խաչատրյանը:
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը հայտնեց, որ պաշտոնական որևէ գրություն դեռ չի ստացել, գրավոր չեն ծանուցել դեռ, սակայն լրատվամիջոցներից, ԱՆ հայտարարությունից տեղյակ է, որ նման որոշում կա:
«Ես չեմ մտնում առողջապահության դաշտ, բայց որոշումը պարտավոր ենք կատարել: Ուղղակի պատկերացրեք, հանդիսատեսը նույն ժամին է գալիս, կուտակումներ են լինում: Ներկայացման ժամը, պայմանական ասենք՝ 19:00-ն է: Հանդիսատեսը հիմնականում վերջին րոպեներին է գալիս՝ կիսաուշացած, և բոլորի QR կոդը ստուգելը ֆիզիկապես հնարավոր չէ. մարդը նախ տոմս պետք է ներկայացնի, դրանից հետո QR կոդ կամ ՊՇՌ հետազոտության արդյունք: Պայմանական ասեմ՝ 650 տեղանոց դահլիճ է, ու ամբողջ տոմսերը վաճառվել են, այդքան մարդու այդ ժամին ընդունելը կարող է մեկ ժամ տևել: Չգիտեմ, օրը կգա՝ կհասկանանք, բայց տրամաբանությամբ տեսում եմ, որ կարող է 30-40 րոպե դա տևել, և կուտակումներ լինեն, ու հատ-հատ ստուգելն արդյո՞ք առողջապահական առումով նորմալ է: Անկեղծ ասած՝ մտածում եմ, թե ինչ ձևով պետք է կարողանանք սպասարկել, որպեսզի մարդկանց անհարմարություն չպատճառենք:
Այլ խնդիր էլ կարող է առաջանալ. ի տարբերություն սրճարանների, ժամանցի այլ վայրերի՝ թատրոնների դեպքում մարդը նախապես տոմս է գնել, և մենք տրամադրել ենք ՀԴՄ կտրոն: Մարդը եկավ թատրոն ու գուցե ՀԴՄ կտրոնն իր մոտ չի պահել, ինչպես նաև պատվաստված չէ, թույլ չեմ տալիս ներս մտնի, ինքն էլ պատասխանում է՝ դե, ուրեմն տոմսս հետ վերցրեք, ՀԴՄ կտրոնն եմ ուզում՝ չի պահել, ես էլ առանց դրա իրավունք չունեմ տոմսը հետ վերցնել, որովհետև հարկային մարմնում երևում է, գումարը մնալու է թատրոնի ուսերին: Այսինքն, եթե թատրոնը տոմսը հետ վերցնի, ֆինանսական խնդիր է ունենում հարկային մարմնի հետ, որովհետև ՀԴՄ կտրոն չկա: Տոմսը հետ չվերցնելու դեպքում էլ մարդը կասի՝ ես եկել եմ ներկայացում նայելու, չեմ ուզում տոմսը վերադարձնել, որ դու ՀԴՄ կտրոն ես ուզում: Պատասխանում են՝ պատվաստված չես, մարդն էլ կասի՝ քո տոմսին գրված չէր, որ պարտադիր պետք է պատվաստվեմ: Սա հրաման կամ որոշում է, բայց եթե օրենք լիներ՝ այլ խնդիր է: Կարծում եմ, մենք խնդիրների կբախվենք»,- ասաց Կարո Շահբազյանը:
Նրա փոխանցմամբ՝ թատրոնի աշխատակազմը 70 տոկոսով պատվաստված է, մնացածը ՊՇՌ հետազոտության թեստ են հանձնում: