«Այս վարակն արիստոկրա՞տ է, միայն ռեստորաններում, թատրոններում ու թանգարաններո՞ւմ է պտտվում». Աշոտ Բարսեղյանը՝ նախարարի նոր որոշման մասին
Առողջապահության նախարարության մշակած նոր նախագծով՝ հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը կարող է թույլատրվել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստված լինելը հավաստող փաստաթղթի դեպքում։ Այս որոշումը դժգոհություն է առաջացրել տնտեսվարողների շրջանում: Պարզվում է՝ այս որոշումն ընդունելիս՝ տնտեսվարողների հետ քննարկում չի եղել։
Տնտեսվարողներին հետաքրքրում է՝ արդյո՞ք կարող են գտնել այդ ռեսուրսները՝ նման ֆունկցիա իրականացնելու համար, և ինչպե՞ս են վերահսկողություն իրականացնելու:
Նրանց պնդմամբ՝ կորոնավիրուսի հետևանքով տուժած հանրային սննդի ոլորտը դեռ չի վերականգնվել, իսկ այս նոր որոշումը տեղին չէ:
Նոյեմբերի 30-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել էր. «Սա արտառոց միջոցառում չէ, բազմաթիվ երկրներ կիրառում են թե՛ տրանսպորտից, թե՛ սննդի վայրերից օգտվելու ժամանակ հավաստված լինելու պատվաստված լինելու հանգամանքը»:
Նախարարի խոսքով՝ համապատասխան կարգով սրճարաններ կամ ռեստորաններ քաղաքացիների մուտքը վերահսկելու տեխնիկական մեխանիզմները կան․ տեսչական մարմինն ու ոստիկանությունը վաղուց են վերահսկման գործառույթներ իրականացնում։
«Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Աշոտ Բարսեղյանի կարծիքով՝ այս որոշումը միանշանակ վնաս է հասցնելու հանրային սննդի օբյեկտներին:
«Սա առաջին ու վերջին համաճարակը չէ, կան ավելի վախենալու հիվանդություններ, որոնց պատճառով տնտեսությունները վարի չեն տալիս: Ես հուշեմ՝ ինչ կարող է անել Առողջապահության նախարարությունը. վիրավոր տղաները չեն կարողանում հաշմանդամություն ձևակերպել: Ա՛յ դա: Ի դեպ, թող ԱՆ-ի փոխարեն՝ այդ մասին խոսեր Էկոնոմիկայի նախարարը: Մարդիկ զբաղված են քաղաքականությամբ, բյուրոկրատիայով, բայց ոչ տնտեսության կայունությամբ և առողջապահությամբ: Ոլորտի ներկայացուցիչների հետ չեն խոսել: Առողջապահության նախարարության ներկայացուցիչները զբաղված են միայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրահանգները կատարելով՝ առանց հաշվի առնելու ՀՀ սուվերեն շահերը: Այդքան անհանգստանում են հանրային առողջությունով՝ մենք այսօր օրհասական խնդիր ունենք: Վիրավորներ ունենք, ու սա ավելի մեծ խնդիր է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Բարսեղյանը:
«Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահն ընդգծեց՝ ամբողջ աշխարհում այն ոլորտները, որոնք փակվում են, նրանց հետ որոշումներ են կայացնում, որ սոցիալական բում չլինի:
«Մեզ մոտ դրոշակը վերցրել են, թե՝ ուրիշ երկրներում այսպես են անում: Ուրիշ երկրները կործանեցին իրենց տնտեսությունը, եկեք մենք էլ կործանենք: Այս որոշումը միանշանակ վնաս է հասցնելու հանրային սննդի օբյեկտներին: Հանրային սննդի օբյեկտներում վարակվելու վտանգ չկա: Ինչո՞ւ ոչ ոք չի խոսում հասարակական տրանսպորտից: Ինչո՞ւ են լռում: Այս վարակն արիստոկրա՞տ է, միայն ռեստորաններում, թատրոններում ու թանգարաններո՞ւմ է պտտվում»,- հարց բարձրացրեց Աշոտ Բարսեղյանը:
«Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահին հետաքրքրում է նաև, թե ինչպես են ստուգելու այցելուներին:
«Ենթադրենք՝ մեզ ոչ ճիշտ, կամ նկարած կամ պատճենած հավաստագիր է ներկայացվում: Ուզում եմ հասկանալ՝ QR կոդերը ո՞ր տեխնիկական միջոցով են ստուգելու: Երկու տարի ոստիկաններ էին կանգնեցնում ծխողների համար, հիմա՝ կոդերի: Չեմ հասկանում, ռեստորանները բոլորի աչքի փո՞ւշն են: Ոնց որ պետությունը մտածի՝ ո՞նց անի, որ 80.000 հոգի չաշխատի»,- եզրափակեց մեր զրուցակիցը: