«Ծեծ կերած մարդն ինքը պետք է հասկանար, որ չի՛ կարող երկրի շահերը պաշտպանել». Թևան Պողոսյան

Նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարության վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, թե եռակողմ հայտարարությունների դրույթների լիարժեք կյանքի կոչումը կնպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո։

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի համար ԱԳՆ հայտարարության այդ կետը մտածելու տեղիք է տվել՝ եթե նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարության մեջ այդ մասին ոչինչ գրված չէ, դա բանավո՞ր համաձայնությունների փաթեթի մեջ է մտնում, թե՞ սեփական մեկնաբանության:

«Եթե եղել են բանավոր պայմանավորվածություններ, կիսվեք, որովհետև մենք փորձ ունենք, երբ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշած էր, որ զորքերը մնում են իրենց տեղերում, բայց հետո մեզ ասացին, որ ինչ-որ բանավոր համաձայնություններ էլ են եղել, և զորքերը դրա պատճառով հետ են քաշվել: Ի վերջո, «նահա՛նջ» հրամանով ավելի շատ տարածք ենք զիջել, քան ռազմական գործողություններով»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Թևան Պողոսյանը մտահոգություններ ունի նաև դեկտեմբերի 15-ին Բրյուսելում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ.

«Արևելյան գործընկերության դաշտում հանդիպման ենք համաձայնել, այդ ֆորմատի ընկալումները դիտարկվե՞լ են, օրինակ, որ կա Ռուսաստանի հանդեպ առճակատում, ինչպես Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի համար: Բելառուսի հանդեպ սանկցիաներ են, բայց Բելառուսը ոչ մի հարևան երկրի տարածք չի գրավել, ռազմագերիներ չունի, չի օգտագործել ֆոսֆորային զենքեր, և այնպես չէ, որ բելառուսական ժողովրդավարությունն այնքան վատն է, որ Ադրբեջանինն ավելի լավն է, բայց Բելառուսի հանդեպ սանկցիաներ են կիրառում, իսկ Ադրբեջանի հանդեպ՝ ոչ: Գնում ենք մի ֆորմատ, որը մեր ռազմավարական դաշնակցի տեսանկյունից համարվում է հակառակորդ, ոչ բարենպաստ: Հիմա պատկերացնենք՝ բանաձևեր են ընդունվելու, ի վերջո, վերջում, եթե հռչակագրում հակառուսական ձևակերպումներ լինեն, որովհետև Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան և նաև մյուս եվրոպական երկրներն ասեն՝ սա պետք է ընդունվի, Հայաստանն ի՞նչ է անելու, ընդունելո՞ւ է»:

Սյունիք կատարած այցից հետո ՄԻՊ-ի գրասենյակն արձանագրել էր, որ ճանապարհների ապաշրջափակման քողի ներքո ադրբեջանական իշխանությունները վարում են ՀՀ քաղաքացիական բնակավայրերի մեկուսացման ու հումանիտար խնդիրներ առաջացնող նպատակային քաղաքականություն: Թևան Պողոսյանից հետաքրքրվեցինք՝ Հայաստանի իշխանություններն ինչո՞ւ են անընդհատ զիջումների գնալով՝ նպաստում Ադրբեջանի այդ քաղաքականությանը:

«Պարտված իշխանությունից ի՞նչ ենք ուզում: Արցախում մի հետաքրքիր խոսք կա՝ բակում կռիվ է լինում, մեկը մյուսին ծեծում է, հետո գալիս են՝ ուզում են բան պահանջել, փողոցի տարիքով մի մեծ մարդ ասում է՝ լսեք, ծեծված մարդուց ի՞նչ եք ուզում: Ծեծ կերած մարդուց բան չենք կարող ուզել, դրա համար ծեծ կերած մարդն ինքը պետք է հասկանար, որ չի կարող երկրի շահերը պաշտպանել: Պարտվածը ո՞նց է խոսելու: Ինչո՞ւ էին ասում՝ այն իշխանությունը, որ պարտվել է, պետք է հեռանա, և միանգամից հաջորդ օրը չգնա ընտրություններին, այլ տարիներով վերականգնվի: Բա այդ ժամանակ դուք ավելի մեծ պարտություն էիք բերել, ինչո՞ւ գնացիք՝ մասնակցելո՞ւ, թե՞ միայն ուրիշներին խորհուրդ տալն է գեղեցիկ»,- ի պատասխան՝ ասաց նա:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս