Քրիստոնեական էթիկա և գործարարություն
21-րդ դարում տեղեկատվական դաշտի և գիտատեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց գործարար հարաբերությունների հստակեցումը դառնում է ձեռնարկատիրական գործունեության կայուն երաշխիքը` իր տեղն ու դիրքը ժամանանակից մրցունակ շուկայում ապահովելու համար:
Այստեղ իրենց նշանակալի կարևորությունն ունեն էթիկայի գրված կամ չգրված կանոնները, որոնցով առաջնորդվում են գործարարները: Առանց բարոյական արժեքների հասարակության վստահությունը գործարարության և պետականության նկատմամբ անհետանում է: Այդպիսի հետևանքները տնտեսության համար կարող են կործանարար լինել, հատկապես ճգնաժամային իրավիճակներում: Ամերիկացի տնտեսագետ Ջոն Սալիվանը նշում է, որ անվստահության գործոնի պատճառով կրճատվում են ներդրումները և կապիտալի արտահոսք է լինում:
Վստահությունը խթանում է կազմակերպված շուկաների ստեղծումը, որտեղ արտադրողներն ապրանքին հարաբերական կանխատեսելի արժեք են տալիս, իսկ սպառողները որոշում են այդ ապրանքի հարաբերական կանխատեսելի պահանջարկը: Այսպիսի գործընթացի հաստատուն կրկնությունը շուկայական նույնիսկ ամենաբարդ գործառույթներում շատ արդյուավետ է, ինչպես հաստատում է մեկ այլ ամերիկացի տնտեսագետ Թոմ Պալմերը: Այն կարծիքը, թե բիզնեսում կարևորն արդյունքն է, ստացած եկամուտը, և բարոյական նորմատիվները խանգարում են առավելագույն շահույթ ստանալուն, մի շարք քրիստոնյա տնտեսագետներ նշում են, որ այդպիսի գործարար հարաբերությունների երկարաժամկետությունն ու կայունությունը երաշխավորված չեն, քանի որ նախքան եկամուտն ու շահույթը, գործարարն Աստծու հետ հարաբերություն ունի, այնուհետև մարդու, իսկ դրանից հետո շահույթն է կամ եկամուտը:
Մենք ապրում ենք Արարչի ստեղծած աշխարհում, որտեղ մարդուն հնարավորություն է տրված կառավարելու Աստծու ընձեռած արարչագործությունը և տնտեսությունը, միևնույն ժամանակ գործածարար կարողությունների միջոցով գործակից դառնալ աստվածային տնտեսության զարգացմանը և ծաղկմանը երկրի վրա` հիմնված մասնավոր և ընդհանուր սեփականության քրիստոնեական սոցիալական ուսմունքի հիմունքների վրա: Մարդն իր էության մեջ կրում է Արարչի նմանությունն ու պատկերը:
Այս հանգամանքը մարդուն նորը ստեղծելու, ստեղծագործելու կարողություն է ընձեռում, ապահովում շարունակական գործընթացը: Այս առավելությունը ձեռնարկատիրությամբ զբաղվող մարդուն դարձնում է մրցունակ և առաջատար շուկայական մրցակցության ասպարեզում` զարկ տալով ստեղծագործական, նորարարական մոտեցումների ու մտքերի զարգացմանը: Եթե մարդ խախտում է իր հարաբերությունն Աստծու, այնուհետև մարդկանց հետ` գերադասելով առավելագույն շահույթը իբրև առաջնային, այս պարագայում նա արագ կորցնում է իր վստահությունն Աստծու առաջ, այնուհետև մարդկանց հանդեպ: Այս ամենը հեղինակազրկում է ձեռնարկատիրությունը և նրա տնտեսական աճը: Իսկ անվստահության գործոնը նոր ճանապարհներ է բացում կաշառակերության համար: Թոմ Պալմերը նշում է, որ շուկան պահանջում է հասարակական փոխազդեցության և տնտեսական փոխանակության որոշակի կանոններ:
Դեվիդ Հյումը երկու հարյուր հիսուն տարի առաջ ասել է, որ բնության մեջ գործում է ընդամենը երեք օրենք` սեփականության իրավունքը, փոխանցման իրավունքը` համաձայնության միջոցով և խոստումների իրականացումը: Այս խոսքերը դեռևս անգերազանցելի են համարվում: Այս կանոնները համարվում են բարեկեցության և շուկայի գոյության հիմունքները: Իսկ այս ամենի գրավականը էթիկայի հիմունքների պահպանումն է:
Հյումի օրենքներն ամրագրված էին դեռևս աստվածաշնչյան պատվիրաններում` չգողանալ, չցանկանալ ուրիշի սեփականությունը և չբերել կեղծ վկայություն: Գողությունը նվազեցնում է հարստությունը, ուրիշի սեփականության վրա աչք դնելը երկրում ստեղծում է քաոսային իրավիճակ հարստության վերաբաշխման հարցում, իսկ կեղծ վկայությունը հուսախաբ է անում հասարակությանը, ներդրողները կորցնում են վստահությունը և երկարաժամկետ բարգավաճումն ուղղակի անհնար է դառնում:
Ուստի, քրիստոնեական աշխարհում առողջ հասարակական փոխազդեցությունը կանոնակարգվում է մարդու քրիստոնեական աշխարհընկալման պատասխանատվությամբ առաջնորդվելու բարոյագիտական հիմունքներով: Այնուամենայնիվ, որոշ տնտեսագետներ էթիկան ու գործարարությունը համարում են տարբեր, չփոխհարաբերվող աշխարհներ: Բայց, ինչպես դիտարկում է Ջոն Սալիվանը, ժամանակակից տնտեսական տեսության մեջ, ձեռնարկության կայունությունը որոշվում է իր գործարար հարաբերությունների կարողությամբ միևնույն պատվիրատուների հետ երկարաժամկետ աշխատելիս: Իսկ պատվիրատուին միանշանակորեն անհրաժեշտ է վստահություն առ այն, որ իրեն վերաբերվում են ազնիվ և արդարացի:
Այս ամենն իր հերթին կախված է այնպիսի իրողություններից, ինչպիսիք են պայմանագրերի հետևողականությունը, օրենքի գերակայությունը, գույքային իրավունքները և գործարար էթիկան: Մի հասարակությունում, որտեղ թույլ է իրավական դաշտը, բարոյական արժեքները կարող են ավելի մեծ դեր խաղալ գործարար հարաբերությունների կարգավորման, շարունակականության և, հետևաբար, զարգացման ոլորտում: Միանշանակորեն կարելի է ասել, որ էթիկան, իբրև տեսություն և պրակտիկա, դուրս է գալիս այս կամ այն ձեռնարկության գործունեության սահմաններից:
Այն խարսխված է կյանքի տարբեր ոլորտներում: Քրիստոնեական էթիկան պարզապես մասնագիտություն կամ սոցիալական դիրք չէ, որպեսզի զերծ մնա գործարար հարաբերությունների շրջանակներից: Իսկ գործարարությունն էլ, իր հերթին, պարզապես շահույթ ստեղծելու ուղի չէ, քանի որ դրա արդյունքներից ստեղծվում են լավ կամ վատ արժեքներ: Քրիստոնեական էթիկան կանխում է այնպիսի գործարարության զարգացումը, որն իրականում վնասում է հասարակությանը և խեղաթյուրում բարոյահոգեբանական արժեքները:
Քրիստոնեական արժեքները ֆրանսիացի տնտեսագետ Լեոն Վալրասի ընդհանուր հավասարակշռության տեսության լավագույն ուղին է` հիմնված մրցակցության և համագործակցության հավասարակշռող սկզբունքների վրա: Բարոյական և էթիկական չափանիշները բարեպաշտության չափանիշներ են սահմանում գործարարության բնագավառում: Այս դեպքում անախորժությունները, խարդախությունը, ագահությունը, անազնվությունը և կաշառակերությունը աստիճանաբար նվազում են, և էթիկայի կանոնները բացառությունից վերածվում են նորմատիվ գործառույթների:
Հովհաննես Մանուկյան