Բաժիններ՝

Պատանիների ջանքերի շնորհիվ Նոր Երզնկան ունի «Արմաթ» լաբորատորիա

Նոր Երզնկա համայնքի միջնակարգ դպրոցում նոյեմբերի 23-ին բացվեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիա։ Հատկանշական է, որ լաբորատորիայի բացման համար դրամահավաք իրականացրել են պատանիները։

Լաբորատորիան բացվել է Երզնկայի երիտասարդական միության կողմից կազմակերպված դրամահավաքի 164 նվիրատուների, VMware Armenia ընկերության աշխատակիցների և Union of Advanced Technology Enterprises-UATE-ի կողմից։

Արմեն Թադևոսյանը, ով լաբորատորիայի համար դրամահավաք սկսելու նախագծի հեղինակն է, պատմել է իրենց հաջողության պատմության մասին։

Արմենի և ընկերների հեղինակած առողջապահական հարթակի մասին՝ 168.amանդրադարձում։ 

«Ամեն անգամ երբ տեսնում էի «Արմաթի» սեղանների շուրջ հավաքված երեխաներ, ուրախանում էի ու պատկերացնում մեր գյուղում էլ այդ նկարներից։ Ստացվեց։ Նոյեմբերի 23-ին վերջապես Նոր Երզնկա գյուղում բացվեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիա։ Ամռանը սկիզբ դրված հսկայական աշխատանքը իր գեղեցիկ արդյունքը տվեց։ Մոտ 3,5 տարի առաջ իմացա «Արմաթի» մասին ու մտածեցի, թե ինչո՞ւ մեր գյուղում չկա։ Մեր դպրոցի տնօրենի հետ տարբերակներ մտածեցինք։ Բայց առաջին փորձը ձախողվեց, որովհետև չգտանք ելքեր գումարը հավաքելու։ Մոտ մեկ տարի անց մեկ այլ փորձ կատարվեց դպրոցի կողմից. նախատեսվում էր գումարի մի մասը հավաքել barigorster կայքի միջոցով։ Որոշ պատճառներով դա ևս չստացվեց։ Անցյալ տարվանից սկսած, երբ միացա ԵԵՄ-ին, հենց այդ նպատակը ունեի։ Թիմով որոշեցինք ճիշտ ժամանակին սկսել գործը։

Երբ գրում էինք այս տարվա նպատակներն ու ռազմավարական պլանը, ամենակարևոր կետերի շարքում առանձնացրեցինք երկուսը, որոնք ի կատար ածվեցին։ Դրանցից մեկն էլ հենց «Արմաթ» լաբորատորիայի հիմնումն էր։ Հիմնվելով Դվինի փորձի վրա՝ վստահ էինք, որ կկարողանանք հաջողել։ Մոտ մեկ-երկու ամիս փնտրում էինք անհատի, ով կկարողանա բացել դրամահավաքը։ Տարբեր մարդկանց գտանք, խոսեցինք, բայց միշտ ինչ-որ բան խանգարում էր։ Բավականին ձգձգվում էր։ Վերջապես Հռիփսիմե Մկրտչյանի օգնությամբ գտանք Հերմինե Վերմիշյանին, ով ամեն կերպ պատրաստակամություն հայտնեց օգնելու։

Դրամահավաքը բացվեց, որին օգնեց Անի Ղազարյանը, Ֆեյսբուքն էլ շատ արագ հաստատեց։ Առաջին գիշերը անքուն անցավ, հետո՞ ինչ, որ առավոտյան քննության էի։ Ամբողջ թիմով տարածում էինք։ Իսկ թիմ ասելիս՝ դուք պատկերացրեք՝ ԵԵՄ, ՄԵՄ ու մարդիկ, ովքեր օգնեցին մեզ։

Բայց ընտրություններ էր դրամահավաքը բացելուց ընդամենը 3 օր հետո։ Հետո հետընտրական շրջան։ Պասիվ էր։ Որոշ ժամանակ անց նորից ակտիվացավ։ Մեզ միացան նոր մարդիկ, նոր դեմքեր։ Բայց պասիվ էր գնում ընթացքը։ Նույն ժամանակ նաև հրդեհվեց դպրոցի տանիքը։ Հավաքել էինք կեսը ու չէինք գտնում առաջ շարժվելու ճանապարհը։ Տարբեր բաներ փորձելով հասանք 6000-ին ու սկսվեց Artsakh Tech Week-ը։ Ամբողջ ընթացքում ես՝ տեղում, իսկ թիմը՝ օնլայն, տարածում էր դրամահավաքը։ Մարիամ Համբարձումյանը մի հրաշք ձևով թույլ տվեց ելույթ ունենալ 1500 հոգանոց լսարանի առաջ։ Ու հետո Արմեն Մկրտչյանն ասաց, որ մնացած գումարը կա։ Ինքն էլ չգիտեր, թե ինչպես։ Բայց կար։ Հետո սկսվեց իր ու Արտեմ Թորոսյանի հզոր աշխատանքը, որ կարողացավ շատ կարճ ընթացքում հավաքել ամբողջ գումարը VMware Armenia ընկերության աշխատակիցների ու ընդհանրապես իր ընկերների շրջանում։

Գումարը պատրաստ էր, բայց ձգձգվում էր բացելը։ Էլի ու էլի ձգձգվում էր։ Հետաձգեցինք 2 անգամ։ Սենյակը պատրաստ չէր, բայց ամենավերջում դա էլ փոխեցինք, այլ սենյակ ընտրեցինք, որի վերանորոգումն էլ իրականացվեց դպրոցի ու Օնիկ Պապոյանի միջորդած օգնությամբ։

Բացման նախորդ օրվանից սկսած լիքը բաներ խառնվեց։ Բայց ամեն ինչ ստացվեց ոչ թե ուղղակի այնպես, ինչպես ստացվեց, այլ այնքան լավ, որ մենք էլ չէինք պատկերացնում։ Մոտիվացնող ելույթները, խմբովի պարը, հնչեղ դհոլը շատ հավես երանգ հաղորդեցին օրվան։ Իսկ օրը ավարտեցինք կարևոր զրույցներով։ Ու գիտեք՝ հետաքրքիրը որն է։ Ամիսներով տանջված խնդրի լուծումը գտնվեց մի պարզ զրույցի ընթացքում։

Ինձ համար հետաքրքիր ու հոգեհարազատ է գաղափարախոսության շուրջ միավորվելը։ Մարդը երբ ունի սկզբունքներ, համոզմունքներ, հստակ գաղափարախոսություն ու նպատակներ, նա գիտի, թե ուր է գնալու, ում հետ և ինչպես։

Օրը եզրափակեց Մայիս Մարգարյանը իր՝ ցանցերի մասին ելույթով։ Ցանցերի ու համայնքների մասին սիրում եմ խոսել ու լսել։ Դրանք կարևոր են, որովհետև էլ լոկացիան չի աշխատում։ Այնքան տպավորիչ ներկայացվեց, որ ուզում էիր մի քանի ցանց մտնել։

Երկար ընթացքը իր արդյունքը ունեցավ ու դեռ կունենա, քանի որ առջևում ավելի կարևոր է արդեն իսկ եղած լաբը ակտիվ պահել»։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս