ԱԱԾ-ի կողմից հովանավորվող դասալիքի մայրը՝ ՇՊՀ-ի ռեկտո՞ր
Հանրապետության բուհական համակարգը քանդելու ու Բարձրագույն ուսումնական հաստատությունները (բուհ) քաղաքական իշխանություններից կախյալ, ամորֆ ու անդեմ միավորներ դարձնելու՝ իշխանությունների վճռականությունը չի սահմանափակվում մայրաքաղաք Երևանով:
168.am-ի տեղեկություններով՝ մի քանի օր է՝ Շիրակի պետական համալսարանում (ՇՊՀ) գործող ուսանողական խորհուրդը՝ նրա ղեկավար Գևորգ Ղուկասյանի գլխավորությամբ, նախաձեռնել է ստորագրահավաք, որի հետևում կանգնած է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արմեն Աբազյանի խնամու (որդու կնոջ մոր) ընկերուհին՝ Նազելի Ավետիսյանը:
Ստորագրահավաքի նպատակն է շատ արագ ձևավորել հոգաբարձուների խորհուրդ և ընտրել ՇՊՀ ռեկտոր:
Ի դեպ, մեր տեղեկություններով, ուսանողների մեծ մասն անգամ տեղյակ չէ՝ ինչ թղթի տակ է ստորագրում: Գևորգ Ղուկասյանի ղեկավարած ուսխորհրդի անդամները լսարաններ են մտնում դասերի ժամանակ և ուանողներին ստորագրել տալիս իրենց տված թղթի տակ, ինչն էլ նրանք արագ անում են:
Ի դեպ, Գևորգ Ղուկասյանը հայտնի է՝ որպես մոլի սորոսական: Նրա՝ որպես ուսանողական խորհրդի նախագահի, հաստատումը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի օրոք, երբ վերջինս դեռ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար էր, ավելի ստույգ՝ նրա նախարարության վերջին օրը:
ՇՊՀ գործող ուսխորհրդի նախագահը հայտնի է նաև իր գրառումներով, որոնցում գովերգում էր հայտնի կապտամազիկ, ադրբեջանցիների հետ բարեկամության ջատագով, ազգայնական գաղափարներին դեմ հանդես եկող Ասյա Խաչատրյանին:
Մենք տեղեկացանք նաև, որ ուսխորհրդի նախագահն ու նրա շրջապատը, չգիտես որտեղից, իմացել են թե մագիստրատուրայում, և թե բակալավրիատում սովորող ուսանողների հեռախոսների համարները, անկախ նրանից, հեռակա թե առկա ուսուցմամբ կրթություն ստացող ուսանողներ են, և ասում են, որ վերջիններս նշված ժամին գան ՇՊՀ՝ ստորագրելու այդ դիմումը:
ՇՊՀ-ի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի 10 անդամները՝ 5 ուսանող և 5 դասախոս, գրեթե ամբողջությամբ վերահսկվում են Նազելի Ավետիսյանի կողմից:
Ըստ ամենայնի՝ ռեկտորի թեկնածուն հենց Արմեն Աբազյանի խնամու ընկերուհին է՝ Նազելի Ավետիսյանը:
Այս մասին 168.am-ը դեռ հուլիսի 20-ին էր գրել, նշել էինք, որ վերջինս մտերիմ է ԱԱԾ տնօրենի խնամու՝ ՇՊՀ-ի Մանկավարժության ամբիոնի դասախոս Լիզա Հակոբյանի հետ, ում դուստրը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արմեն Աբազյանի հարսն է:
Գյումրիի մեր աղբյուրները հայտնում են, որ նույն Լիզա Հակոբյանն էլ իր խնամի Աբազյան Արմենի միջոցով բարեխոսում է իշխանությունների մոտ, որ հենց Նազելի Ավետիսյանին էլ ռեկտոր նշանակեն ՇՊՀ-ում:
Ի դեպ, 44-օրյա պատերազմի ընթացքում, ըստ Գյումրիում տարածված լուրերի, Նազելի Ավետիսյանը կարողացել է որդուն` Արմեն Մուրադյանին, անօրինական ճանապարհով հեռացնել երկրից:
Ըստ այդ նույն լուրերի՝ այդ ամենը կազմակերպել է նրա մտերիմ ընկերուհին՝ վերոնշյալ Լիզա Հակոբյանը՝ խնամու՝ Արմեն Աբազյանի միջոցով: Փախուստը, մեր տեղեկություններով, տեղի է ունեցել վրացական բեռնատարի (фур) մեջ թաքնվելով: Ստացվում է, որ ԱԱԾ-ն պատերազմի ժամանակ մասնակից է եղել զինծառայության համար պիտանի անձի՝ երկրից դուրս գալուն:
Նազելի Ավետիսյանի որդին, ըստ լուրերի, մեկնել է ՌԴ-ի Վորոնեժ քաղաք, ուր և ամուսնացել էր: Մեզ ասացին՝ Նազելի Ավետիսյանի դասալիք որդին, Վորոնեժից բացի, լինում է նաև Նիժնի Նովգորոդում:
Մենք գրել էինք այդ մասին դեռևս օգոստոսի 21-ին, տեղեկացրել, որ Նազելի Ավետիսյանը որդու հարսնացուի հետ միասին մեկնել էր Ռուսաստան՝ որդու հարսանիքին մասնակցելու, քանի որ վերջինս չի պատրաստվում վերադառնալ հայրենիք: Ավետիսյանի որդու՝ ՌԴ-ում տեղի ունեցած հարսանեկան լուսանկարները հրապարակվել էին նաև համացանցում:
Հատկանշական է, որ իշխանության մեկ այլ թև ևս փորձ է կատարում իր դրածոյին նշանակել տալ ՇՊՀ ռեկտորի պաշտոնում: Խոսքը Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մասին է:
Ինչպես հայտնի է, վերջինս հովանավորում է հակաեկեղեցական «Մեկ Հայաստան, մեկ Հայրապետ» շարժման երբեմնի առաջնորդ Կարեն Պետրոսյանին, ով հիմա զբաղեցնում է Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնը, ու նրա թիմին, ինչի մասին մենք տեղեկացրել էինք մեր նախորդ հրապարակման մեջ:
Մենք նախկինում գրել էինք նաև, որ հենց Կարեն Պետրոսյանի քեռին՝ Երվանդ Սերոբյանն է ներկայումս զբաղեցնում ՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի աթոռը:
Մեզ ասացին՝ այս խումբը փորձ է անում օպտիմալացման անվան տակ միավորել երևանյան որոշ բուհ-երի մասնաճյուղերը Շիրակի պետական համալսարանի հետ ու դրա ռեկտոր նշանակել Շիրակի նախկին մարզպետ, Կարեն Պետրոսյանի ընկեր և թիմակից, Արայիկ Հարությունյանի մտերիմներից Տիգրան Պետրոսյանին:
Ըստ ՇՊՀ-ից ստացված մեր տեղեկությունների՝ ինֆորմացիան ստույգ է: Ուշագրավ է, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել Կարեն Պետրոսյանի և Տիգրան Պետրոսյանի այցերը ՇՊՀ ռեկտորի ժ/պ Երվանդ Սերոբյանին: Երեքով ժամերով նստում են, ինչ-որ քննարկումներ կատարում… Հավանաբար հենց այդ թեմայով: