Ո՞վ է կանգնած ՇՊՀ ռեկտորի հավակնություններ ունեցողի թիկունքում

Մինչ Շիրակի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը գտնվում է արձակուրդում, ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի, ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի տնօրեն-պրոռեկտորի պարտականությունները կատարող Նազելի Ավետիսյանն «ընկերուհիների» հետ նոր ինտրիգներ է հյուսում` բոլորին հավատացնելով, որ սեպտեմբերից բուհի ռեկտոր կնշանակվի ինքը՝ Նազելի Ավետիսյանը:

Ըստ Գյումրիում տարածվող լուրերի՝ այնուհետև Ավետիսյանն իր մի քանի համախոհներին կդարձնի «Սոցիալական գիտությունների և իրավունքի», «Հումանիտար գիտությունների և արվեստի», «Մանկավարժության» ֆակուլտետների դեկաններ:

Գյումրիում ասում են, որ Նազելի Ավետիսյանն ընդունելի կերպար է համարվում Փաշինյանի կառավարության համար, քանի որ հաշվի առնելով նրա աշխատանքային կենսագրությունն ու աշխատաոճը՝ շատ խոցելի կլինի և կկատարի իշխանության ցանկացած հակաօրինական հրահանգ:

Մեզ ասացին նաև, որ Նազելի Ավետիսյանը ՇՊՀ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի մտերիմներից է և ամբողջովին կախման մեջ է նաև նրանից, քանի որ վերջինս բազմաթիվ կոմպրոմատներ ունի և նրա, և այն մարդկանց առնչությամբ, ովքեր հավակնում են պաշտոններ ստանալ ՇՊՀ-ում, եթե ռեկտոր կարգվի Նազելի Ավետիսյանը:

Շիրակի պետական համալսարանում բոլորը գիտեն, որ Նազելի Ավետիսյանը սերտորեն համագործակցում է նաև բուհի սորոսական ուսանողական խորհրդի նախագահի հետ:

Իսկ հիմա ամենահետաքրքիրը… 44-օրյա պատերազմի ընթացքում, ըստ Գյումրիում տարածված լուրերի, Նազելի Ավետիսյանը կարողացել է որդուն` Արմեն Մուրադյանին, անօրինական ճանապարհով հեռացնել երկրից:

Ըստ այդ նույն լուրերի՝ այդ ամենը կազմակերպել է նրա մտերիմ ընկերուհին՝ ՇՊՀ-ի Մանկավարժության ամբիոնի դասախոս Լիզա Հակոբյանը, ում դուստրը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արմեն Աբազյանի հարսն է: Շատ շուտով նա մեկնելու է ՌԴ, որտեղ կայանալու է որդու հարսանիքը, որը, ասում են, չի պատրաստվում վերադառնալ Հայաստան:

Գյումրիի մեր աղբյուրները հայտնում են, որ նույն Լիզա Հակոբյանն էլ իր խնամի Աբազյան Արմենի միջոցով բարեխոսում է իշխանությունների մոտ, որ հենց Նազելի Ավետիսյանին էլ ռեկտոր նշանակեն ՇՊՀ-ում:

«Ընդ որում` Նազելի Ավետիսյանը որդուն ու դստերը մի կերպ կարողացավ ավարտել տալ Շիրակի պետական համալսարանը` տարիներ շարունակ դասախոսներին աղաչելով գնահատականներ նշանակել: Աղջկան էլ կարողացավ ուղարկել Իտալիա սովորելու` չեզոքացնելով խելացի ուսանողներին»,- ասաց ՇՊՀ մոտ կանգնած մեր աղբյուրը:

Բուհ-ում և քաղաքում շատերն են ասում, որ ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը կործանեց բուհ-ը, իսկ Նազելի Ավետիսյանը կդնի բուհ-ի տապանաքարը, եթե ռեկտոր նշանակվի:

Հիշեցնենք, որ շուրջ մեկ տարի առաջ ևս 168.amգրել էր այն մասին, որ ըստ բուհ-ում և քաղաքում շրջանառվող լուրերի` ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի դեմ քրեական գործ հարուցվելուց և դատարան ուղարկվելուց հետո կրկին ակտիվացել է ռեկտոր դառնալու վաղեմի երազանքներով ապրող, բուհ-ի պրոռեկտորի պարտականությունները կատարող Նազելի Ավետիսյանը:

Գրել էինք նաև, որ վերջինս ռեկտորի 2019 թվականի ընտրության մրցույթին ևս փորձել էր առաջադրվել որպես թեկնածու` ռեկտոր ընտրվելու պահանջներին չբավարարող փաստաթղթեր ներկայացնելով, սակայն նրա մասնակցությունը մերժվել էր:

Տեսանյութեր

Լրահոս