ՇՊՀ-ում հայագիտական դասընթացները ոտնահարվում են

Գյումրիում շրջանառվող այն տեղեկությունները, որ Շիրակի պետական համալսարանում (ՇՊՀ) մոտ ժամանակներս ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի միջնորդությամբ նոր ռեկտոր կնշանակվի բուհ-ի ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի տնօրեն, պրոռեկտորի պարտականությունները կատարող Նազելի Ավետիսյանը, ով Աբազյանի խնամի, նույն բուհի դասախոս Լիզա Հակոբյանի մոտ ընկերուհին է, կարծես, իրականություն են դառնում:

Խնդիրն այն է, որ, համաձայն 168.am-ի տեղեկությունների, Նազելի Ավետիսյանը ոչ միայն կամայականորեն վերահսկում է բուհ-ի դասաբաշխումներն ըստ մտերիմների ու թշնամիների, այլև տառացիորեն «հարձակում» է սկսել «Հայոց պատմություն» ու «Հայոց լեզու և գրականություն» համահամալսարանական հայագիտական դասընթացների նկատմամբ:

Այսինքն` ԿԳՄՍ նախկին տխրահռչակ նախարար Արայիկ Հարությունյանի հակահայկական քաղաքականության պաշտպանը, ըստ բուհ-ին մոտ կանգնած մեր ազբյուրների, ՇՊՀ-ում այժմ Նազելի Ավետիսյանն է, իսկ դա ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանին, կարծես, չի հետաքրքրում, որովհետև ՇՊՀ-ում վստահ են, որ նրա  համար 3 տարի շարունակ իր գլխավոր մտահոգությունն իր պաշտոնավարումը թեկուզ մեկ օրով երկարաձգելն  է:

Չնայած, ասում են, Սերոբյանը ևս երբեք չի թաքցրել «Հայոց պատմության» նկատմամբ իր ունեցած հակակրանքը:

Այսպես, մեր տեղեկություններով, հայագիտական առարկաների դասավանդումը կատարվելու է տարբեր բաժինների 1-ին կուրսերի արհեստական միավորումից ձևավորված խմբերում, ինչի հետևանքով դասախոսների ծանրաբեռնվածությունից դուրս կգան զգալի ժամաքանակներ, ու սա այն դեպքում, երբ 3 տարի էլ պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձը չի բարձրացել, բայց վարչական աշխատողները, այդ թվում և՝ Նազելի Ավետիսյանը, ստանում են հսկայական աշխատավարձեր:

Մյուս կողմից էլ՝ նման մոտեցմամբ շատ լուրջ հարված է հասցվում կրթության որակին, ինչը, ըստ էության, չի մտահոգում ո´չ Երվանդ Սերոբյանին, ո´չ Նազելի Ավետիսյանին:

«Եթե այս իշխանությունը 3 տարի շարունակ հասարակությանը բաժանել է սևերի ու սպիտակների, նախկինների ու հեղափոխականների, ապա Նազելի Ավետիսյանը բոլոր չափանիշներով նախկին ու սև է, քանի որ նրա աշխատանքային կենսագրությունը, մեղմ ասած, բնավ հեղափոխական չէ: Ընդ որում, հայագիտական դասընթացների դեմ այս հարձակումը 2017 թվականին սկսել էր ՇՊՀ-ի նախկին ռեկտոր, ՀՀԿ-ի Շիրակի մարզային կառույցի նախկին ղեկավար Սահակ Մինասյանը, և հիմա վերջինիս կիսատ մնացած գործը շարունակում է նրա մտերիմ Նազելի Ավետիսյանը»,- ասաց մեր աղբյուրը:

Եթե այն, ինչի մասին բարձրաձայնում են ՇՊՀ-ում, համապատասխանում է իրականությանը, ստացվում է, որ անգամ 44-օրյա պատերազմից հետո այս իշխանությունը կրկին ցույց է տալիս, որ իրեն հայագիտական առարկաները պետք չեն, և մենք պետք է ապրենք թուրքական համակեցության կանոններով…

Գյումրիի մեր աղբյուրների տեղեկությունները, ըստ որոնց՝  ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հովանավորյալ Նազելի Ավետիսյանի որդին արցախյան վերջին պատերազմի ժամանակ փախել է Հայաստանից, և որ նրա մայրը հարսնացուի հետ միասին մեկնել էր Ռուսաստան՝ որդու հարսանիքին մասնակցելու, քանի որ վերջինս չի պատրաստվում վերադառնալ հայրենիք, կարծես, հաստատվում են. Ավետիսյանի որդու՝ ՌԴ-ում տեղի ունեցած հարսանեկան լուսանկարները հրապարակվել են համացանցում:

Տեսանյութեր

Լրահոս