Գլխավորը, որ կարողացել ենք գալ կոնկրետ կամ, որքան հնարավոր է՝ կոնկրետ որոշումների Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունացման համար. Փաշինյանը՝ Սոչիում

Քիչ առաջ Սոչիում մեկնարկեց Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը: Հանդիպման արարողակարգային հատվածը մեկնարկեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ապա Իլհամ Ալիևի բացման խոսքերով, որոնք ըստ էության նույնն էին, ինչ Պուտին-Ալիև առանձնազրույցի ընթացքում:

Նիկոլ Փաշինյանն իր բացման խոսքում ասաց. «Ակնհայտ է Ձեր անձնական դերակատարությունը և ՌԴ դերակատարությունն անցյալ տարի պատերազմի դադարեցման  գործում, և նոյեմբերի 9-ից հետո արդեն ռուս խաղաղապահ ուժերը տեղակայվել են ԼՂ-ում Լաչինի  միջանցքի երկայնքով: Ակնհայտ է, որ ռուս խաղաղապահներն ու ՌԴ-ն առանցքային դերակատարում ունեն ԼՂ-ում և տարածաշրջանում  իրավիճակի կայունացման հարցում»:

Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծեց, որ իրավիճակն այնքան էլ կայուն չէ, որքան ցանկալի կլիներ: «Անցյալ տարվա նոյեմբերի 9-ից հետո մի քանի տասնյակ  մարդ է զոհվել երկու կողմից էլ, միջադեպեր են պատահում և՛ ԼՂ-ում, և՛ այս տարվա մայիսի 12-ից մենք ունենք փաստացիորեն ճգնաժամային իրավիճակ հայ-ադրբեջանական  սահմանին: Եվ մեր գնահատականը այնպիսին է, որ ադրբեջանական զորքերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք: Իհարկե, սահմանները Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացված և դեմարկացված չեն, սակայն պետական սահման գոյություն ունի, և դա ՀՀ ինքնիշխան տարածքն է, և ես  չեմ համաձայնի Ադրբեջանի նախագահի այն ձևակերպմանը, թե բոլոր կետերը, բացի կոմունիկացիաների ապաշրջափակումից, իրագործվել են»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Դիմելով ՌԴ նախագահ Պուտինին՝ Փաշինյանն ասաց, որ նրա հետ բազմիցս և՛ ուղիղ, և՛ հեռախոսով քննարկել է, որ գոյություն ունի պատանդների, ռազմագերիների  և այլ պահվող անձանց խնդիրը, և դա  չափազանց կարևոր հումանիտար խնդիր է:

«Բայց ես ցանկանում եմ ասել, որ մենք այսօր այստեղ հավաքվել ենք ոչ միայն նրա համար, որպեսզի բարձրաձայնենք խնդիրները, այլև քննարկենք այն խնդիրների լուծումները, որոնք գոյություն ունեն: Ես ևս բազմիցս հայտարարել եմ, որ Հայաստանը պատրաստ է անցնել  սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի, բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների ապաշրջափակման թեման ևս չափազանց կարևոր է մեզ համար, և մենք  անկեղծորեն հետաքրքրված ենք, որպեսզի լուծենք այդ հարցերը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հիշատակած՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին, Փաշինյանն ասաց՝ իհարկե, Հայաստանը դրանում ևս հետաքրքրված է:

«Մենք համարում ենք, որ ԼՂ հակամարտության  կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո, և ես կարծում եմ, որ շատ հարցեր պետք է և անհրաժեշտ է քննարկել, լուծել  եռակողմ ձևաչափում, երկկողմ ձևաչափերում: Պետք է ասեմ, որ նկատվում են  արդեն ուղիղ շփումներ Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնական  անձանց միջև»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև նշեց, որ այսօրվա հանդիպման գլխավոր իմաստը ոչ թե քննարկելն է այդ խնդիրների գոյության կամ չգոյության հարցը, այլ գլխավորն այն է, որ կարողացել են գալ կոնկրետ կամ, որքան հնարավոր է՝ կոնկրետ որոշումների Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունացման, քանի որ դա իրենց պատասխանատվությունն է՝ խաղաղություն, կայունություն և մարդկանց անվտանգություն:

Տեսանյութեր

Լրահոս