Բրյուսելի բարձրաստիճան հանդիպման օրակարգը շատ թեթև է լինելու քաղաքական առումով. Եվրոպացի վերլուծաբան
«Բրյուսելի խնդիրն է՝ այս փուլում ինտեգրվել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող գործընթացներին»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց եվրոպացի վերլուծաբան Ուվե Հալբախը՝ անդրադառնալով Բրյուսելում և Սոչիում կայանալիք բարձրաստիճան հանդիպումներին:
Հիշեցնենք, որ վաղը Սոչիում՝ Պուտինի, իսկ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ Միշելի միջնորդությամբ տեղի են ունենալու Փաշինյան-Ալիև հանդիպումներ:
«Բրյուսելի օրակարգի հարցերից մեկը լինելու է մարդասիրական հարցերը՝ կապված գերիների և ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում մեր հարաբերությունների հետ»,- ասել էր Փաշինյանը:
Իսկ Սոչիի հանդիպման օրակարգի վերաբերյալ պաշտոնական որևէ սպառիչ տեղեկատվություն չի եղել, բացի ոչ պաշտոնական արտահոսքերը, թե վաղվա հանդիպման օրակարգում են լինելու սահմանների դեմարկացիայի-դելիմիտացիայի, ինչպես նաև տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման հարցը:
Հալբախն ասաց, որ Բրյուսելում նման բարձրաստիճան հանդիպում կարելի էր սպասել, հաշվի առնելով այն ջանքերը, որոնք վերջին կես տարվա ընթացքում ներդրում է եվրոպական կողմը տարածաշրջանում: Ըստ նրա, կոնկրետ ԵՄ-ն երբեք առանձին դերակատարություն չի ունեցել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, քանի որ այդ գործառույթը մասամբ վերապահված է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբին:
«Ներկայումս հասկանալով, թե որքան շատ սխալներ է ունեցել Արևմուտքը տարածաշրջանում, այդ թվում՝ բոլոր գործառույթները թողնելով մի խմբի, որից անկախ՝ ՌԴ-ն շարունակել է տարածաշրջանում խորացնել իր ազդեցությունը, դրանով իսկ Արևմուտքին լուսանցքում թողնելով:
Սխալներն Արևմուտքինն են, քանի որ Արևմուտքը չունի հետսովետական տարածքի երկրների հետ արդյունավետ աշխատելու մեխանիզմներ: Պատերազմն ապացուցեց, որ արևմտյան աշխատաոճը չի ազդում տեղում իրավիճակի վրա, քանի որ այստեղ հարաբերությունների այլ համակարգ ու ավանդույթներ են գործում: Ուստի այս փուլում անընդհատ այցերով, զանգերով, նախաձեռնություններով ԵՄ-ն փորձեց ներքաշվել գոնե գործընթաց՝ թեկուզ դեռ առանց լուրջ օրակարգի: Սրան է նպաստում նաև պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբն այլևս չի կարողանում աշխատել տեղում, ուստի ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Ֆրանսիան հնարավորինս փորձում են ազդել գործընթացների վրա: Կարծում եմ, եթե նույնիսկ ԵԱՀԿ ՄԽ-ն այս փուլում վերականգնվի, այս բարձրաստիճան մասնակցությունը պետք է պահպանվի: Ինչ վերաբերում է օրակարգին, ապա, բնականաբար, այն շատ ավելի թեթև է լինելու քաղաքական առումով, քան այն, ինչ կքննարկվի ռուսական միջնորդությամբ տեղի ունենալիք հանդիպմանը, քանի որ Մոսկվան դադարեցրել է պատերազմը, համաձայնեցրել փաստաթղթեր և համակարգել հետպատերազմյան որոշ բանակցություններ: Սա լիովին այլ իրավիճակ է: Արևմուտքը, բնականաբար, հույս ունի իր միջնորդության արդյունքում ժամանակի ընթացքում հասնել լուրջ հարցերի քննարկման, որոնք վերաբերում են կարգավիճակին, Ղարաբաղի ապագային և վերջնական խաղաղությանը: Բայց հստակ ասել, որ այդպես կլինի, չեմ կարող, քանի որ զուգահեռ տարածաշրջանում գործընթացներ են ընթանում ՌԴ-ի, Թուրքիայի մասնակցությամբ»,- ասաց վերլուծաբանը: