Երկու տարբեր օրակարգեր. ի՞նչ են քննարկելու Փաշինյանն ու Ալիևը Սոչիում, ապա՝ Բրյուսելում

Բրյուսելում դեկտեմբերի 15-ին կայանալիք «Արևելյան գործընկերության» 6-րդ գագաթաժողովի շրջանակում նախատեսվող Փաշինյան-Ալիև դեմառդեմ հանդիպումից առաջ նույնատիպ հանդիպում կկայանա Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հովանու ներքո:

Օրերս ՌԴ կողմից պաշտոնապես հաստատվեց, որ նոյեմբերի 26-ին Սոչիում նախատեսվում է քննարկել նոյեմբերի 9-ին և հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև նախանշել հետագա քայլերը՝ տարածաշրջանում կայունության ամրապնդման, խաղաղ կյանքի հաստատման համար: Սա այն հանդիպումն է, որը, ըստ մի շարք տեղեկությունների և ՌԴ պաշտոնական աղբյուրների, պետք է կայանար նոյեմբերի առաջին տասնօրյակի ընթացքում ու չկայացավ, որի շուրջ տարբեր ենթադրություններ էին հյուսվում: Կային փորձագիտական կարծիքներ, որ հանդիպումից հրաժարվել է Փաշինյանը, կային նաև այնպիսիք, թե հանդիպումը չեղարկել է Ալիևը:

Սակայն նոյեմբերի 23-ին տված ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ եղել էր գաղափար նոյեմբերի 9-ին օնլայն եռակողմ հանդիպում անցկացնելու: «Ես ասել եմ, որ այդ հանդիպման գաղափարը մեզ համար քննարկելի է և խնդրահարույց: Ես հստակ ասել եմ, անկեղծ մեր դիրքորոշումն արտահայտել եմ, որ նոյեմբերի 9-ը դժվար, ծանր և դառը օր է մեզ համար: Բայց եթե պարզվի, որ նոյեմբերի 9-ի արդյունքներով մենք կկարողանանք համաձայնվել կոնկրետ արդյունքի շուրջ, օրինակ, լուծել գերիների հարցը, ես պատրաստ եմ այդ դառնությունը վերցնել և մասնակցել այդ օնլայն համաժողովին: Հետո երբ պարզվել է՝ նման համաձայնության, ցավոք, չեմ կարող գալ, տեսակետները տարբեր են, ես պարզապես արձանագրելով, որ նոյեմբերի 9-ի սիմվոլիկան մեզ համար էդքան էլ լավը չէ, ես խնդրել, առաջարկել եմ, որ հանդիպումը տեղափոխվի նոյեմբերի 15: Դրանից առաջ եղել է առաջարկ՝ եկեք՝ նոյեմբերի 26: Ես ասել եմ՝ նոյեմբերի 26-ն էլ է ինձ համար ընդունելի»,- ասաց Փաշինյանը:

Այսինքն՝ հայկական կողմն է հրաժարվել:

Ինչ վերաբերում է օրակարգին, ապա դրա վերաբերյալ ևս մամուլում որոշ արտահոսքեր եղան հետևյալ բովանդակությամբ՝ մոսկովյան հանդիպման օրակարգում է լինելու սահմանների դեմարկացիայի, դելիմիտացիայի, ինչպես նաև տարածաշրջանային ապաշրջափակման հարցը: ՌԴ փոխվարչապետ Օլեքսեյ Օվերչուկն էլ տարածաշրջանում է, որը ևս ուշագրավ տեղեկատվություն է Սոչիի հանդիպումից առաջ:

Հիշեցնենք, որ Օվերչուկը Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հետ հանձնաժողովի ձևաչափում քննարկում է տարածաշրջանում կապուղիների բացման հարցը: Տեղեկացնենք նաև, որ առաջիկա հանդիպումը կլինի Փաշինյան-Ալիև հետպատերազմյան երկրորդ հանդիպումը Մոսկվայում հունվարի 11-ին տեղի ունեցած հանդիպումից հետո:

Այս ամենին զուգընթաց՝ ուշագրավ նրբերանգներ ու զարգացում է ապրում հայ-թուրքական օրակարգը, որը զարգացնում է պաշտոնական Երևանը: Օրերս ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը տեղեկացրեց, որ Երևանը հայտնել է Մոսկվային՝ պատրաստակամ է առանց նախապայմանների հայ-թուրքական կարգավորման գործընթաց սկսել, թեև Անկարան ամենաբարձր մակարդակով վերջին ամիսներին ներկայացնում է Երևանին իր նախապայմանները:

«168 Ժամ»-ի հետ զրույցում անդրադառնալով Սոչիի օրակարգին, ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովն ասաց, որ բավականին վաղուց է, որ նման հանդիպում տեղի չի ունեցել, և թեժ ռեգիոնի համար դա վտանգավոր հանգամանք է՝ միաժամանակ նշելով, որ լայնածավալ պատերազմ չի կանխատեսում՝ հաշվի առնելով հանգամանքը, որ ՌԴ-ն որոշակիորեն իրավիճակի երաշխավորն է և թույլ չի տա պատերազմ:

Ըստ նրա, լարումներ հնարավոր են, քանի որ Ադրբեջանը ցանկանում է ստանալ ամեն ինչ և չի պատրաստվում փոխզիջումային բանակցային ոճով շարունակել գործընթացը: Վերլուծաբանի խոսքով, Ռուսաստանն էլ ունի իր խնդիրները և փորձում է խաղաղությունը պահպանել զգուշավոր քաղաքականությամբ, քանի որ ռուս խաղաղապահները Ղարաբաղում են, և այս հարցի շուրջ չկա համընդհանուր կոնսենսուս և Արևմուտքի, և Ադրբեջանի պատճառով:

«Առաջին հերթին կքննարկվի իրավիճակը ռեգիոնում կողմերի միջև, հումանիտար խնդիրները, ինչպես նաև գլխավոր խնդիրները լուծելու տեսլականը: Դժվարանում եմ ասել՝ կլինի՞ բեկում, թե՞ ոչ, քանի որ շատ են հարցերը, բարդությունները: Թուրքիան և Ադրբեջանն անընդհատ նախապայմանների լեզվով են խոսում, կառուցողական դաշտ չեն տեղափոխվում, փորձում են իրավիճակից քաղել քաղաքական մաքսիմալ արդյունքները, որն իրավիճակն անընդհատ փակուղի է մտցնում՝ նորանոր ռազմական վտանգներով, որը ոչ մեկին ռեգիոնում պետք չէ: Միակ հարցը, որի շուրջ հնարավոր եմ համարում քիչ թե շատ համաձայնություն՝ դեմարկացիայի-դելիմիտացիայի հարցն է, որը կարող է սկսվել այս հանդիպումից հետո»,- ասաց Սկակովը:

Հարցին, թե Բրյուսելում կայանալիք ղեկավարների մակարդակով գագաթաժողովը պետք է դիտարկել Սոչիի հանդիպման հետ հակասության մե՞ջ, թե՞ ոչ, վերլուծաբանը պատասխանեց՝ միանշանակորեն ոչ:

«Իրավիճակը պետք է դիտարկել հետևյալ տեսանկյունից: Ինչպես բոլոր, այնպես էլ հարավկովկասյան հարցերի շուրջ կա ՌԴ-Արևմուտք մրցակցություն: Բրյուսելն աշխատում է կողմերի հետ, ներդրումներ է անում ռեգիոնում, ցանկանում է ինչ-որ կայունացնող դերակատարությամբ քաղաքական ներկայությունը ռեգիոնում չկորցնել, հատկապես, երբ տեղում ունի աջակիցներ: Բայց ըստ էության կանխատեսելի ու հասկանալի է այն օրակարգը, որը լինելու է Բրյուսելում՝ ԵԱՀԿ ՄԽ գործընթացի վերսկսումը և քննարկումն այդ հարցի շուրջ, կարգավորման հեռանկարները, քաղաքական հարցերը, որոնք վերաբերում են Ղարաբաղին: Այս օրակարգի հետ Մոսկվան խնդիր չունի, Մոսկվան տեղում ունի իր օրակարգը, այն բավականին լայն ու հագեցած է, այս փուլում հավելյալ հանդիպումը նույնիսկ կարող է կրճատել ՌԴ-ի ռեգիոնալ գլխացավանքները: ՌԴ-ն, բնականաբար, այլ ու ավելի գործնական օրակարգ ունի, քան ԵՄ-ն կամ Արևմուտքն ընդհանուր վերցրած»,- ասաց նա:

Ռուս վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն ևս կարծում է, որ երկու մայրաքաղաքներում կայանալիք հանդիպումները չեն խանգարելու միմյանց:

«Գլխավոր հարցը կայունությունն է, այն, որ չկրկնվեն նոր լարումներ, այդ հարցում, կարծես, ինչպես անցյալ տարին ցույց տվեց՝ Արևմուտքն անզոր է, այլապես պատերազմը կկանգնեցվեր գուցե շատ ավելի վաղ և Ռուսաստանից առաջ: Ինչևէ, Սոչիի հանդիպումը կամփոփի այն ամենը, ինչ արվել է նոյեմբերի 9-ի հայտարարությունից մեկ տարի անց, ու կքննարկի, թե ներկայումս ինչ խնդիրներ կան կողմերի միջև: Թեև գործընթացներն ինտենսիվ են, չեմ կարծում, որ այս ամենը լուծում է ստանալու կարճ ժամանակահատվածում: Չպետք է անուշադրության մատնել նաև այն զարգացումները, որոնք կան Թուրքիայի ներսում, որոնք կարող են էական անդրադարձ ունենալ Հայաստանի շուրջ առկա իրավիճակի վրա, ուստի կարող է միանգամից իրավիճակ փոխվել ռեգիոնում, և ցանկացած սցենարի պետք է պատրաստ լինել:

Իսկ ամենաբարդ իրավիճակում Ռուսաստանն է, որից ամենաշատ ակնկալիքներն են, և որին ամենաշատ քննադատություններն են ուղղվում, անկախ յուրաքանչյուր գործընթացում ՌԴ միջնորդական ջանքերի արդյունքից: Իսկ հիմա այդ ամենին պետք է գումարվի նաև թուրքական ուղղությունը Երևանի խնդրանքով ու ավելանա քննադատությունների ևս մեկ ուղղություն, բայց կարծում եմ՝ այդ մասով գործընթացն ավելի դանդաղ ընթացք է ունենալու հենց միայն այն պատճառով, որ թուրքական կողմն այն կապում է հայ-ադրբեջանական խնդիրների հետ, որոնք արագ լուծում չունեն: Վստահաբար՝ նախապայմանները որևէ տեղ չեն անհետանալու, թե Երևանը ինչպես է պատրաստվում այդ խնդիրը լուծել, չեմ կարող ասել»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս