Բաժիններ՝

Լիբանանը ռուսաստանյան ընկերություններին հրավիրել է մասնակցել Բեյրութի ավերված նավահանգստի վերականգնմանը

Լիբանանը շահագրգռված է, որպեսզի ռուսաստանյան ընկերությունները մասնակցեն Բեյրութի նավահանգստի վերականգնմանը: Այդ մասին, ըստ ՌԻԱ Նովոստիի՝ հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Աբդալա Բու Հաբիբը: Բու Հաբիբը նոյեմբերի 22-ին Մոսկվայում բանակցություններ է անցկացրել Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ:

«Մենք խնդրել ենք խրախուսել ռուսաստանյան ընկերություններին՝ աշխատելու Լիբանանում եւ դրական արձագանք ենք ստացել, քանի որ հարկավոր է վերականգնել Բեյրութի նավահանգիստը, դա հսկայական աշխատանք է. ուստի մենք ռուսաստանյան ընկերություններին խնդրել ենք ժամանել: Նաեւ նախագծեր կան էլեկտրաէներգիայի ոլորտում՝ դրա արտադրության ուղղությամբ մեր հնարավորությունները մեծացնելու նպատակով, ուստի նրանց խնդրել ենք՝ ժամանել»,-հաղորդել է Բու Հաբիբը: Նախարարը հայտնել է, որ կազմակերպելու է հայտամրցույթ:

«Հարկավոր է, որպեսզի ռուսաստանյան ընկերությունները մասնակցեն այդ նախագծերին»,-նշել է նախարարը: Նաեւ նա հայտնել է, թե երբ է սկսվելու շինարարությունը:

«Այս տարի՝ ոչ, չի սկսվի, բայց, կարծում եմ, հաջորդ տարվա սկզբին՝ անպայմանորեն»,-հայտարարել է նախարարը:

Ֆինանսա-տնտեսական ճգնաժամի ֆոնին Լիբանանի իշխանություններն ավելի քան չորս ամիս ի վիճակի չեն վառելիքով ապահովել էլեկտրակայանները, ինչի կապակցությամբ գործնականում ամբողջ երկիրը մնում է առանց պետական էեկտրամատակարարման: Ստեղծված իրադրությունը բացասաբար է ազդում պետական հիմնարկությունների, հիվանդանոցների եւ գործարանների աշխատանքի վրա, ինչն առաջացնում է սոցիալական լարվածության աճ:

2020 թվականի օգոստոսի 4-ին ավերիչ պայթյուն է որոտացել Բեյրութի ծովային նավահանգստի շրջանում գտնվող Լիբանանի ռազմածովային ուժերի բազայի մերձակայքում:

Պայթյունի ալիքը ոչնչացրել եւ վնասել էր տասնյակ տներ, ավտոմեքենաներ, մայրաքաղաքի բազմաթիվ թաղամասերում կոտրվել էին ապակիները, ավելի քան 300 հազար մարդ մնացել էին առանց տանիքի:

Զոհվել է 171 մարդ, տուժել շուրջ 6 հազար հոգի, տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվել:

Լիբանանի ՆԳ նախարարության տվյալներով, ողբերգության պատճառը դարձել է եռակցման աշխատանքների ժամանակ 2,7 հազար տոննա ամոնիումի նիտրատի բռնկումը, որը 2014 թվականին բռնագրավվել է մաքսային ծառայությունների կողմից եւ պահվել պահեստում: Լիբանանի մայրաքաղաքն աղետի գոտի էր ճանաչվել:

Դրանից հետո քաղաքում անցկացվել են հակակառավարական հանրահավաքներ, որոնց արդյունքում Լիբանանի վարչապետ Հասան Դիյաբը հայտարարել է իր կառավարության պաշտոնաթողության մասին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս