Կառավարության քաղաքական որոշման տնտեսական հետևանքները

Այս իշխանությունն ամեն ինչ քանդելու սարսափելի վատ սովորություն ունի։ Իր քաղաքական նպատակների համար Նիկոլ Փաշինյանը պատրաստ է գնալ ցանկացած քայլի՝ կարևոր չէ, թե հետևանքներն ինչպիսին կլինեն։

Նման իրավիճակների վերջին տարիներին բազմիցս ենք հանդիպել։ Ու չնայած դրանք երբեմն շատ ցավոտ են եղել երկրի համար, իշխանությունները շարունակել ու շարունակում են գնալ նույն ճանապարհով։ Հետևանքները, բնականաբար, չեն ուշացել։

Քաղաքական նպատակահարմարություններից ելնելով՝ վերջերս կառավարությունը որոշեց պետտուրք կիրառել պղնձի, մոլիբդենի և ֆերոմոլիբդենի արտահանման վրա։ Երրորդ երկրներ արտահանելու պարագայում՝ նախատեսվեց այդ ապրանքներից լրացուցիչ հարկ գանձել։

Թեև դա ներկայացվեց առկա իրողությունների տնտեսական ու ֆինանսական լույսի ներքո, այն միանգամայն քաղաքական որոշում էր։ Եթե չլիներ քաղաքական գործոնի դերը, մեծ հավանականությամբ, կառավարությունը չէր գնա նման քայլի։ Եթե գնացող լիներ, վաղուց էր գնացել։

Բայց քանի որ առաջացել էր քաղաքական նպատակահարմարություն, գնացին այդ քայլին։

Դրանով կառավարությունը մտադիր էր պատժել իր քաղաքական հակառակորդներին, ովքեր որոշակի մասնակցություն ունեին այդ բիզնեսում։

Քաղաքական հողի վրա տնտեսության նկատմամբ որոշումներ կայացնելը միշտ էլ լավ բանի չի բերել։ Հետևանքները տեսնում ենք նաև այս դեպքում, ինչն արտահայտվում է ոլորտի արտադրության ծավալների կրճատման տեսքով։

Մինչ այս որոշումը, հանքարդյունաբերությունն արդյունաբերության այն միակ հատվածն էր, որտեղ աճ ունեինք։ Մյուս հատվածներում շարունակվող անկման պայմաններում՝ դա հնարավորություն էր տալիս արդյունաբերությունը պահել ջրի վրա։ Հանքարդյունաբերության շնորհիվ ոչ շատ բարձր, բայց որոշակի աճ արդյունաբերության մեջ պահպանվում էր։

Վերջին ամիսներին, սակայն, այդ աճն էլ գնալով խամրեց։ Տարվա առաջին կեսի 2,1 տոկոսից արդյունաբերության աճը 9 ամսում իջել է 0,7 տոկոսի։ Պատճառն այն է, որ հանքարդյունաբերությունը ևս դադարել է աճ ապահովել։

Այն բանից հետո, երբ մետաղների արտահանման տուրքը մտավ գործողության մեջ, ոլորտում արձանագրվում է արտադրության ծավալների կրճատում, այն էլ՝ երկնիշ կրճատում։

Օգոստոսին անկումը կազմեց 18 տոկոս։ Սեպտեմբերին անկումը նույնիսկ խորացավ. ոլորտում արտադրության ծավալներն այդ ամսին կրճատվեցին 20 տոկոսով։ Արդյունքում՝ հանքարդյունաբերության աճն ընդհուպ մոտեցել է զրոյի։

Ընդերքի շահագործման ծավալների կրճատումը գուցե լավ է։ Բայց այսօրվա իրողությունների պայմաններում տնտեսության այս ճյուղն առանձնահատուկ կարևորություն է ստացել մեր երկրի համար՝ ինչպես զուտ տնտեսական, այնպես էլ՝ ֆինանսական հոսքերի ապահովման առումով։

Սա տնտեսության այն շատ քիչ հատվածներից մեկն է, որն արտաքին շուկաներում իրացման խնդիրներ չունի։ Ու բացի այդ՝ դարձել է երկիր տարադրամային միջոցներ ներմուծող հիմնական ճյուղերից մեկը, եթե ոչ՝ ամենահիմնականը։ Սակայն, այն բանից հետո, երբ կառավարությունը որոշեց պետտուրք կիրառել մետաղների արտահանման նկատմամբ, ոլորտում արտադրության ծավալները կտրուկ կրճատվեցին։ Մինչ այդ դրանք ավելանում էին, այն էլ՝ ոչ պակաս բարձր տեմպերով։

Շատ էական է, որ վերջին ամիսների անկումը տեղի է ունեցել միջազգային շուկաներում մետաղների գների շարունակվող բարձրացման պայմաններում։

Պղնձի գինը 1 տոննայի համար տատանվում է 9,5-10 հազար դոլարի միջակայքում։

Գնային առումով սա իդեալական վիճակ է ոլորտում գործող հայկական ընկերությունների համար։ Ու թվում է, թե այդ պայմաններում արտադրության ծավալների ավելացման առումով սեփականատերերի հետաքրքրություններն ավելի մեծ պիտի լինեին։ Բայց ունենք հակառակ պատկերը՝ արտադրության ծավալները նվազել են։ Դա նշանակում է, որ նոր խնդիրներ են ի հայտ եկել։ Այն էլ՝ ոչ տնտեսական խնդիրներ։

Տարիներ շարունակ, չնայած բազմաթիվ դժգոհություններին, ոլորտը եղել է մեր տնտեսության առանցքային հատվածներից մեկը։ Սակայն վերջին շրջանում հայտնվել է քաղաքական իշխանության թիրախի ու ճնշումների տակ։

Այնպես չէ, որ խնդիրները կապված են միայն արտահանման պետտուրքի կիրառման հետ։

Չսահմանափակվելով դրանով, կառավարությունն ավելի խորը գնաց. ինչ-ինչ մութ գործարքների արդյունքում՝ նվիրատվության ձևով, ստացավ մետաղների արդյունահանման ոլորտում գործող երկրի ամենախոշոր ընկերության բաժնետոմսերի մի մասը։ Այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչի համար։ Մի բան բոլոր դեպքերում հստակ է՝ նման «նվիրատվությունները» հենց այնպես չեն արվում։

Թե ինչ կա թաքնված այդ գործարքի տակ, հետագայում կերևա։ Բայց միայն այն, որ կառավարությունը նման մութ գործարքի արդյունքում ստանում է բավական մեծ բաժնեմաս խոշոր ընկերություններից մեկում, բավական է ոլորտի մյուս մասնակիցների մոտ որոշակի մտահոգությունների առաջացման համար։

Եվ ոչ միայն նրանց մոտ. սա լուրջ ազդակ կարող է լինել նաև պոտենցիալ մասնակիցների և ընդհանրապես հետագա ներդրումների առումով։

Հանքարդյունաբերությունը երկար ժամանակ եղել է մեր տնտեսության մեջ քիչ թե շատ ներդրումներ բերող հիմնական ճյուղերից մեկը։ Այս ամենից հետո, ներդրողները ստիպված կլինեն քայլ անելուց առաջ մեկ անգամ ևս ծանր ու թեթև անել՝ գնա՞լ դրան, թե՞ ոչ։ Ի վերջո՝ վաղն էլ իրենք կարող են հայտնվել կառավարության թիրախում ու պետական մամլիչի տակ։

Սա ևս մի վատ ազդակ է, որը հղում ենք ներդրողներին։ Չնայած այդ ազդակները նոր չեն։ Այս իշխանությունները ներդրողներին վատ ազդակներ են հաղորդում իրենց գալու օրվանից։ Ամուլսարը դրա վառ օրինակն է։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս