Ինչպե՞ս է լինում, որ զարգացումները միայն պաշտոնյաներն են տեսնում
Եթե հավատալու լինենք պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, ապա մեր տնտեսությունը գտնվում է փայլուն վիճակում։ Ամենուրեք զարգացումներ են ու աճեր։ Ճիշտ է, գնաճ կա, բայց սոցիալական իրավիճակն առնվազն վատ չէ։
Ստեղծել են իդեալական պայմաններ տնտեսական գործունեության ու ներդրումների համար։ Դրսից ու ներսից այնքան փող է հոսում, որ տնտեսությունը չի հասցնում մարսել։ Ներդրումային ծրագրերի պակաս չկա։
Շինարարական այնպիսի մեծածավալ աշխատանքներ են իրականացվում, որ եղած կազմակերպությունների հզորությունները չեն բավարարում՝ մի բան էլ դրսից են օգնություն կանչում։
Աշխատատեղերը թափած են, աշխատողի սուր պահանջարկ կա՝ աշխատող կա։
Կոչեր են հնչում, բերման ենթարկել խոպանչիներին՝ մեր երկիրն ամրացնելու ու զարգացնելու համար։
«Այսօր Հայաստանում հազարավոր թափուր աշխատատեղեր կան, ու ամենահաճախ հնչեցվող ահազանգն աշխատուժի խնդիրն է»,- կառավարության նիստում հայտարարում է Նիկոլ Փաշինյանը, ըստ էության հանդիմանելով բոլոր նրանց, ովքեր բողոքում են, որ Հայաստանում աշխատատեղ չկա, ու մարդիկ ստիպված են աշխատանք գտնելու ակնկալիքով արտագաղթել։
Աշխատատեղերը, պարզվում է, հազարներով թափված են, իսկ մարդիկ չեն ուզում աշխատել, որովհետև սովորել են լոդր կյանքով ապրել։
Ո՞վ է ասում, թե մարդկանց սոցիալական վիճակը վատացել է։ Հապա լսեք վարչապետի ելույթներն աշխատատեղերի ավելացումների, աշխատավարձի ֆոնդի աճի ու աշխատավարձերի բարձրացումների վերաբերյալ։
«Պիտի ուրախությամբ նշեմ, որ 2021թ. սեպտեմբերին ՀՀ-ում գրանցվել է վճարվող աշխատատեղերի թվի բացարձակ ռեկորդ. 651 հազար 141 վճարվող աշխատատեղ:
Հայաստանում ավելի բարձր ցուցանիշ երբևէ չենք ունեցել»,- 2022թ. պետական բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ Ազգային ժողովում իր կառավարության փայլուն ձեռքբերումների վերաբերյալ պատգամավորներին լուսավորում էր Նիկոլ Փաշինյանը։
Հապա աշխատավարձերը՝ «Ընթացիկ տարվա բավականին բարձր՝ 6,4 տոկոս գնաճի ֆոնին սեպտեմբերին համախառն աշխատավարձի ֆոնդը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աճել է 15,3 տոկոսով կամ 19 մլրդ 308 մլն դրամով, իսկ մեկ աշխատողի աշխատավարձը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ՝ 11,9 տոկոսով կամ 23 հազար 782 դրամով»։
Մարդը պարզ ասում է, ինչի՞ց եք դժգոհում. աշխատավարձերը շատ ավելի արագ են աճել, նույնիսկ կրկնակի ավելի արագ, քան գներն են բարձրացել։
Գնաճ կա, բայց դա էլ նորմալ է, ամբողջ աշխարհում է այդպես։ Կարևորը՝ աշխատավարձերը գնաճից արագ են աճել։
Այնպես որ, սոցիալական վիճակի վատացման մասին խոսք չի կարող լինել։
Վկա առևտուրը. առևտրի ծավալները ևս ավելացել են, ու դա նշանակում է, որ մարդկանց սոցիալական վիճակը ոչ թե վատացել է, այլ լավացել։ Նրանք սկսել են ավելի շատ սպառել։
Մի խոսքով, պաշտոնյաների աչքերով՝ իդեալական վիճակ է՝ տնտեսությունը ծաղկում է, աշխատատեղերը թափած են՝ աշխատող չկա, աշխատավարձերը երկնիշ են աճել, մարդկանց սոցիալական վիճակն էլ լավացել է։
Հաջորդ տարի ավելի լավ է լինելու։ Կապ չունի, որ աշխատավարձերի ավելացում չի նախատեսվում։ Այս տարի էլ աշխատավարձերի ավելացում չի եղել, բարձր գնաճն էլ՝ վրադիր։ Բայց դա չի խանգարել, որ աշխատավարձերի երկնիշ աճ ունենանք։
Սեպտեմբերին՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, աշխատավարձերն ավելացել են միջինում 11,9 տոկոսով, ասում է Նիկոլ Փաշինյանը։ Այլ բան, որ նա «մի քիչ» ճոխացրել է թվերը։ Նրա ասած աշխատավարձի աճի ցուցանիշները չկան պաշտոնական վիճակագրության մեջ։
Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ մեկ աշխատողի աշխատավարձը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ ավելացել է 11,9 տոկոսով կամ 23 հազար 782 դրամով, իսկ պաշտոնական վիճակագրությունը սեպտեմբերին աշխատավարձերի միայն 8,9 տոկոս աճ է արձանագրել։ Պետական հատվածում՝ 3,9 տոկոս, մասնավորում՝ 10,9 տոկոս։
Մեծ բան չէ՝ ընդամենը 2 տոկոսային կետի շեղում է։ Կարևորը՝ աշխատավարձերն ավելի արագ են աճել, քան գնաճն է եղել։ Ի՞նչ կապ ունի, որ սննդամթերքը թանկացել է 16 տոկոսով, իսկ բանջարեղենի գնաճը ռեկորդային է՝ գրեթե 70 տոկոս։
Այնպես որ, դժգոհելու առիթ չկա, բարձրացվող աղմուկն էլ անտեղի է՝ գնաճն ավելի ցածր է, քան աշխատավարձերի աճը։
Ոչինչ, որ շուրջ 600 հազար թոշակառուի ու սոցիալական մյուս խոցելի խմբերի դեպքում այս տարի եկամուտների աճ չկա։ Միանգամից հնարավոր չէ բոլորին բավարարել։ Հաջորդ տարի 600 հազարից՝ մի 10-15 տոկոսի թոշակն ու նպաստը 2-3 հազար դրամով կբարձրանա։ Մնացածը մեկ-երկու տարի էլ կսպասեն, մեծ բան չէ։
Հերթական անգամ տնտեսության բարձր աճ ենք ակնկալում՝ 7-9 տոկոս։ Ճիշտ է, հիմա դրան այլևս թռիչքային աճ չեն ասում, բայց թռիչքն այլ կերպ չի լինում։
Մնում է տեսնենք։ Նախկինում էլ թռիչքային աճերի, բեկումների ու բումերի մասին էին ասում, արդյունքում՝ եկանք-հասանք այսօրվան։
Չորս տարվա հեռավորությունից միայն պաշտոնյաների հայտարարությունների մեջ ենք տեսնում տնտեսության զարգացումներն ու սոցիալական վիճակի բարելավումները։ Իրականում՝ ո՛չ տնտեսության մեջ է մի բան փոխվել, ո՛չ էլ սոցիալական վիճակում։ Եթե նույնիսկ աշխատատեղերն ավելացել են, իսկ աշխատավարձերը՝ աճել, ապա՝ միայն թղթի վրա։ Դրանից մարդկանց իրական եկամուտները չեն փոխվել։
Ավելացող աշխատատեղերը նախկինում էլ են եղել, դրանք նոր չեն ստեղծվել, ուղղակի չեն երևացել հարկային մարմինների աչքին, ստվերում են եղել։
Նույնը նաև աշխատավարձերի դեպքում է։
Ճգնաժամի ժամանակ, երբ նվազում են տնտեսության եկամուտները, չի կարող աշխատավարձի բարձրացում, առավել ևս՝ աշխատատեղերի ավելացում լինել։ Եթե կա, նշանակում է՝ դա ո՛չ իրական աշխատավարձի բարձրացում է, ո՛չ էլ աշխատատեղի ավելացում։ Նման բաները դուրս են տնտեսագիտության տրամաբանությունից՝ կարևոր չէ, թե դրան ինչ կասեն պետական պաշտոնյաները։ Եթե հավատանք նրանց՝ մեր տնտեսությունը ծաղկում է, երկիրն էլ բարգավաճում է։ Բայց իրականում ո՛չ մեկը կա, և ո՛չ էլ մյուսը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ