Որովայնի ծանր վնասվածք ստացած զինվորը, որին պետք էր շտապ վիրահատել, ասում էր շորով ամուր փաթաթեք՝ գնում ենք պոստ. բուժքրոջ ռազմական հուշերը. «Փաստինֆո»
Մասնագիտությամբ բուժքույր Արմինե Հարությունյանը կրծքագեղձի քաղցկեղի դեմ թիրախային վերջին բուժումը ստանալուց մեկ ամիս անց Հադրութում էր՝ պատերազմի սպիտակ բանակում։ Պատերազմի երկրորդ օրը «Տոնոյան» ԲԿ-ի անձնակազմի մեծ մասն արդեն ռազմաճակատում էին։ Հոկտեմբերի 1-ին վիրահատարանի բուժքույր Արմինեն ևս զանգ ստացավ, թե բուժքույր է անհրաժեշտ։ Միանգամից համաձայնեց՝ առանց ընտանիքին զգուշացնելու: Նույն օրը երեկոյան արդեն հավաքվել էին հիվանդանոցի բակում ու լուսադեմին ճանապարհ ընկան դեպի Արցախ։
«Պատերազմից առաջ ես ինքս պատերազմի մեջ էի։ Ընտանիքս չգիտեր, որ մեկնելու եմ։ Ամուսինս ասաց՝ բայց քեզ հուզմունք ու սթրես չի կարելի։ Մեծ արագությամբ երկու ֆորմա, անհրաժեշտ իրերը գցել եմ պայուսակի մեջ ու գնացել դպրոց՝ որդուս հրաժեշտ տալու։ Երեխան նեղվեց, ասացի՝ չպետք է լացեմ, որ երեխան չնկատի ու ասացի չեմ կարող չգնալ՝ մեր հայրենիքն է։ Գիշերը երկուսին հասանք Արցախ, ծանր վիրահատություն էր գնում։ Մթություն էր, չէի հասկանում ուր եմ ընկել, մեզ հեռախոսի լույսերով դիմավորեցին»,- «Փաստինֆո»-ին պատմել է Արմինեն։
Հոկտեմբերի 2-ի լույս 3-ին բուժքույրերն արդեն Հադրութում էին: Քաղաքային հիվանդանոցում աշխատում էին տարբեր տեղերից եկած բուժաշխատողներ։ Բուժանձնակազմը պատրաստ էր, աշխատում էր ծանրաբեռնված, առանց դադարի։ Ասում է՝ խմբում մեկը մյուսին լրացնում էին։ Կամավոր բոլոր վիրահատություններին մասնակցում էր՝ նույնիսկ երբ արդեն սպառվել էին ուժերը։ Ծայրահեղ ծանր դեպքերը մինչև օրս էլ Արմինեի աչքի առաջ են՝ առանց հուզմունքի չի կարողանում վերհիշել ծանր կորուստները։
«Մի տղա եկավ, որովայնի ծանր վնասվածք ուներ՝ աղիքները թափված էր, բայց գիտակից էր ու շատ ուժեղ։ Պատրաստվում էինք, որ վիրահատենք։ Ասաց շորով ամուր փաթաթեք՝ գնում ենք պոստ։ Բայց ամենածանրը որ տեսա՝ զինվորը անգիտակից էր, անշնչացած։ Հայրը երկար փնտրելուց հետո գտել էր որդուն ու հինգ օր հետը պայքարել։ ԱԹՍ-ն հարվածել է, որդին ծանր վիրավորում էր ստացել, հայրը՝ թեթև։ Տղան ամբողջությամբ տոնածառի տերևներով էր պատված։ Նրա հետ բերեցին նաև երեք ժամկետային զինծառայողի, որոնք արդեն զոհված էին։ Պատրաստվում էինք վիրահատության ու բժիշկն ասաց, որ վերջին շնչում է, թողնենք խաղաղ հոգին տա։ Տղան մահացավ վիրասեղանին։ Էլի դեպք եղավ, որ զինվորի եղբայրը՝ լսելով պատերազմի մասին եկել էր կռիվ։ Լաչինում էին ապրում, եկել լացում էր, մենք էլ ասացինք,թե վիրավոր չէ, ինչու է արտասվում, մեզ պատասխանեց, ասում էր՝ «հոգիսա ցավում, հարազատ եղբորս սպանեցին, չկարողացա եղբորս դիակը վերցնեմ, մնաց թուրքի մոտ, ես նահանջեցի»։
Հիվանդանոցը ծանրաբեռնված աշխատում էր՝ լի էր ամեն տեսակ ծանր ու միջին ծանրության վիրավորներով։ Տասնյակ բարդ վիրահատություններն իրականացնում էին մեկը մյուսի հետևից, վիրահատում զինծառայողների կենսական նշանակության օրգանները, փրկում կյանքեր կամ փորձում անել հնարավորն ու անհնարինը։ Աշխատում էին արտակարգ ռեժիմով։
Արմինեն պատմել է, որ գրեթե բոլոր վիրահատությունները ժամանակի առումով նույնն էին։ Վիրավորումներն էլ հիմնականում որովայնի խոռոչի, թոքի, պորտայի վնասումով էին։
Հոկտեմբերի 5-ին, թիրախավորած հարվածում էին Հադրութի հիվանդանոցի ուղղությամբ և որոշում կայացվեց տարհանել հիվանդանոցն ու տեղափոխվել Ազոխ գյուղ։ Մի քանի րոպեում հավաքել են անհրաժեշտ իրերը, առանց կապի միջոցի ճանապարհ ընկել։ Պետք էր անգամ հարազատներից թաքուն պահել գտնվելու վայրը։ Տեղավորվեցին և գյուղի դպրոցում ստեղծեցին հիվանդանոցային հարմար պայմաններ։
«Դժվար տեսարան էր՝ սեպտեմբերյան զարդարանք կար դպրոցում։ Տնօրենը ասաց, որ մենք որոշենք՝ որ սենյակն ենք օգտագործելու։ Նկուղային հարկում ապաստարանի այն կետը ընտրեցինք, որ համեմատաբար ապահով լիներ, մի անկյունն էլ հողի մեջ էր։ Պատրաստեցինք ամեն ինչ ու ժամը վեցից ընդունեցինք առաջին հիվանդներին»։
Ազոխում ևս երկար մնալ չհաջողվեց: Հոկտեմբերի 12-ի երեկոյան տեղեկություն ստացան, որ Ազոխից ևս պետք է տարհանվել։ Այս անգամ արդեն վերջնական՝ ուղևորվում էին Երևան։ Ազոխից դուրս գալուց հետո՝ գրեթե մեկ ժամ անց, թշնամին հարվածել էր գյուղին: Երևան գալու ճանապարհը ևս հեշտ չէր՝ ամենուր այրվող տներ ու մեքենաներ էին, թշնամին անդադար ռմբակոծում էր:
«Վերջին օրը ամենալարվածն էր։ Երեկոյան ժամը 9-ն էր, 18 վիրահատություն էինք արել, անմահացած 20 հերոսի մարմին հոսպիտալ էին տեղափոխել, անթիվ անհամար թեթև վիրավորներ էին իջեցրել պոստերից։ 9.30-ն էր՝ խաղաղ նստած էինք, բժիշկը եկավ, ասաց, որ առանց վախենալու, շուտ բրիգադին ասենք, որ հավաքվում ենք ու դուրս ենք գալիս։ Նահանջում ենք։ Երբ մենք դուրս եկանք, միայն երեք բժիշկ մնաց դպրոցում ու հենց նույն պահին միանգամից 300 զինվորական լցվեցին հոսպիտալի բակ ու մենք նահանջում էինք, մենք բռնեցինք դժվար նահանջի ճանապարհը»։
Դեպի Երևան նահանջի ճանապարհին Արմինեի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, որը շատ ծանր է տարել: Հիմա իրեն լավ է զգում, շարունակում է աշխատանքը։ Պատերազմից հետո հարազատական կապ է ստեղծել զինծառայողներից շատերի հետ, որոնց կյանքը փրկվել է։ Ասում է՝ պատերազմից հետո ավելի շատ է գնահատում կյանքը, սիրում դիմացինին ու հպարտ է, որ կարողացել է իր կարգավիճակով դաժան պայքարի մի մասը լինել։