«ՀՀ իշխանությունը բռնել է վտանգավոր ուղի, որը հղի է ՀՀ պետականության հետագա կործանմամբ»․ Արեշև
«168 Ժամ»-ի զրուցակիցն է ռուս քաղաքագետ, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշևը:
– Պարոն Արեշև, օրերս սրվեց իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում, նոյեմբերի 16-ին հանգեցնելով մինչև անգամ ռազմական տեղային բախումների Հայաստանի և Ադրբեջանի միջև, ունենք զոհեր, ռազմագերիներ և անհետ կորածներ: Ժամեր անց ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ կդիմեն ռազմական օգնության խնդրանքով, զուգահեռաբար՝ իշխանական պատգամավորները փորձում էին քննադատել ՀԱՊԿ-ին և ՌԴ-ին՝ նշելով, թե ինչպիսի անվստահություն կձևավորվի հարաբերություններում, եթե չլինի օգնություն: Այնուամենայնիվ, բախումները դադարեցին հենց ռուսական կողմի միջամտության արդյունքում, և հայտնի չդարձավ՝ արդյոք եղա՞վ պաշտոնական դիմում ՌԴ-ին, թե՞ ոչ։ Նոյեմբերի 18-ին Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ընդունել են ՌԴ առաջարկները սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի շուրջ այն դեպքում, երբ այս մասին խոսվում էր դեռ մայիս ամսից: Ի՞նչ կատարվեց, ըստ Ձեզ, ու ինչո՞ւ:
– Ի սկզբանե ցանկանում եմ նշել, որ նոյեմբերի 16-ի իրադարձություններին նախորդել էր հակասական տեղեկատվություն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման կազմակերպման մասին, բայց, դատելով հարակից տեղեկություններից, կարելի է ասել, որ պարոն Փաշինյանը վերջին պահին հրաժարվել էր այդ հանդիպումից: Սրա շուրջ շատ հակասական տեղեկատվություն է շրջանառվում, կարծում եմ՝ անիմաստ է դիմել պարոն Փաշինյանին պարզաբանումների համար, քանի որ Ղարաբաղի շուրջ մեկ տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում նա ցույց տվեց այն մեխանիզմը, որի օգնությամբ իրականացնում է պետական քաղաքականությունը, եթե դա այդպես կարելի է անվանել: Այսինքն՝ խոսքն ամեն գնով իշխանությունը պահպանելու մասին է, ինչպես նաև ձգտման՝ մաքսիմալ կերպով հանել պատասխանատվությունը սեփական անձի վրայից ոչ պոպուլյար որոշումների համար: Ղարաբաղի դեպքում, որքան մենք հասկանում ենք, նա նպատակադրել էր լուծել այդ հարցը մաքսիմալ թվով զոհեր տալով, որպեսզի իրեն ներկայացնի ազգի փրկիչ, և որքան հասկանում ենք, դա նրա մոտ ստացվեց:
Այսպես էլ ներկայումս Սյունիքում, իմ կարծիքով, գործող թիմն աշխատում է նույն սխեմայով, գործը հասցնել մարդկային զոհերի, որպեսզի հետո համաձայնի մաքսիմալ անշահավետ պայմանների և ներկայանա՝ որպես ազգի փրկիչ, այս իրավիճակում՝ Սյունիքի փրկիչ: Ինձ թվում է, որ դա բավականին վտանգավոր ուղի է և հղի է ՀՀ պետականության հետագա կործանմամբ, մասնավորապես, ՀՀ ուժային կառույցների: ՀՀ ՊՆ-ի օրինակով հիանալիորեն տեսնում ենք, որ ղեկավարի պաշտոնում նշանակվել է անձ, որը որևէ առնչություն չի ունեցել զինվորական ծառայության հետ, և կասկածում եմ, որ գիտեր, թե որտեղ է գտնվում ՀՀ ԳՇ-ն: Այսինքն՝ նմանատիպ տեղեկատվական և կադրային քաղաքականությունը՝ ուղղված նաև Ռուսաստանին, արդեն բոլորին հայտնի է և որևէ վստահության չի հանգեցնելու հայ-ռուսական հարաբերություններում, նպաստելով իրավիճակի բարդացման, վատթարացման, առաջին հերթին՝ հենց ՀՀ-ի համար:
– Բավականին շատ են քննադատությունները՝ ուղղված ՌԴ-ին, ի դեպ, կան թե ոչ ադեկվատ, թե ադեկվատ քննադատություններ, ու այստեղ ՌԴ դիրքորոշումը, դիրքավորումը հասկանալու կարիք կա: Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակում ՌԴ-ի պահվածքը՝ որպես ՀՀ ռազմավարական գործընկեր, ՀԱՊԿ անդամ և եռակողմ հրադադարի հայտարարությունների երաշխավոր:
– Կցանկանայի հիշեցնել, որ ռազմական բախումները, որոնք տեղի ունեցան սահմանին, իմ տեղեկատվությամբ՝ ռուսական ռազմաբազայի պատասխանատվության գոտում չեն, բայց ամեն դեպում մենք գիտենք, որ հետագա էսկալացիայից հնարավոր եղավ խուսափել հենց 102-րդ բազայի ջանքերի շնորհիվ: Այս ֆոնին հետագա մեղադրանքները Ռուսաստանին, թե բավարար աջակցություն չի ցուցաբերում, մեղմ ասած՝ տարօրինակ են: Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակի կարգավորման բավականին կարճ, ընդունելի ճանապարհը պետական սահմանի դեմարկացիայի-դելիմիտացիայի շուրջ համաձայնության ձեռքբերումն է: Կարծում եմ՝ որքան երկար Երևանը փորձի խուսափել այս հարցով համաձայնագրի ստորագրումից, այնքան իրավիճակը կխորանա: Կարելի է հասկանալ, որ պարոն Փաշինյանը վախենում է հասարակության աչքում կորցնել լեգիտիմությունը, քանի որ հայ հասարակությունը բավականին ցավագին է արձագանքում տարածքների կորստին սահմանի վերաձևման հետևանքով, բայց այստեղ առաջին հերթին խնդիրը հենց պարոն Փաշինյանի մեջ է, որը չի կարողանում ղեկավարել պետությունը, և ում բոլոր գործողությունները, որքան նա երկար մնա իշխանության, հանգեցնելու են հետագա կորուստների, այդ թվում՝ տարածքային և մարդկային: Անցած տարվա ընթացքում դա արդեն անհրաժեշտ էր հասկանալ:
– ՌԴ-ն միջամտեց և ժամանակավոր հրադադար հաստատվեց, սակայն ինչպե՞ս է ստացվում, որ նման բան հնարավոր է դառնում մի երկրի դեպքում, որը ՌԴ անվտանգային գոտում է, ՌԴ անվտանգային պատասխանատվության տիրույթում: Որպես ՀՀ ռազմավարական դաշնակից՝ նման իրավիճակում ՌԴ վերոնշյալ արձագանքը բավարար համարո՞ւմ եք:
– Փորձերը՝ պատասխանատվությունը գցել Ռուսաստանի վրա, անհեռանկար են, ինչպես նաև գրավոր դիմումները՝ ՌԴ-ին ռազմական աջակցություն ցուցաբերելու խնդրանքով Ադրբեջանի դեմ: ՌԴ-ն մաքսիմալ կերպով աջակցություն ցուցաբերում է, որքան կարողանում է: Մենք նաև հիանալիորեն հասկանում ենք, որ Մոսկվայի մտադրությունների մեջ չի մտնում լայնամասշտաբ էսկալացիան Ադրբեջանի հետ, որին Թուրքիան աջակցում է հենց միայն այն պատճառով, որ Բաքուն անհապաղ կերպով կդնի Ղարաբաղում ռուս խաղաղապահ կոնտինգենտի տեղակայման նպատակահարմարության հարցը: Ես չեմ բացառում՝ հնարավոր է, որ Երևանում ինչ-որ մեկը հենց այս սցենարին էլ ձգտում է, որը հղի է Անդրկովկասից Ռուսաստանի լիակատար հեռացման և ռեգիոնի աշխարհաքաղաքական քարտեզի կարդինալ վերաձևավորման հեռանկարով: Բայց ես չեմ կարծում, որ եթե նման պլաններ կան, դրանք բխում են հայ ժողովրդի և հայկական պետության, որի ներքո ես նկատի չունեմ պարոն Փաշինյանին և նրան շրջապատող անձանց, որոնք իրենց ոչ ադեկվատ քայլերով իրավիճակը դեպի փակուղի են տանում, երկարաժամկետ շահերից: ՌԴ-ն անում է, ինչ կարողանում է՝ առանց Ռուսաստանի Ստեփանակերտը կմնա՞ր ԼՂ-ի վերահսկողության ներքո:
– Այն բանից հետո, երբ հայկական կողմը համաձայնել է սահմանի դեմարկացիա-դելիմիտացիա իրականացնելու ռուսական առաջարկներին, կարո՞ղ են լինել նոր բռնկումներ:
– Այս հարցին լավագույնս կպատասխանի պարոն Փաշինյանը, քանի որ, ինչպես ասացի, նա խուսափել է համապատասխան համաձայնագրի ստորագրումից և քննարկումից: Ինչո՞վ էր առաջնորդվում, գուցե նրանով, որ Արևմուտքը կօգնի, դժվար է ինձ համար ասել:
– Այս օրերին ավելի հաճախ խոսվեց ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունից: Ըստ Ձեզ՝ հնարավո՞ր է՝ ինչ-որ փուլում վեկտորի փոփոխություն տեղի ունենա, երբ վերլուծում եք իշխանության տեղեկատվական քաղաքականությունը:
– Տեղեկատվական քաղաքականությունն իշխանության չափազանց անադեկվատ է, այդ թվում՝ արևմտյան վեկտորի ուղղությամբ: Եթե վերլուծենք ԱՄՆ Պետդեպի, Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունները, բոլորը հանդես են գալիս դեմարկացիայի օգտին: Երկրորդ՝ մեկնաբանելով սրացումը՝ երկու կողմին զսպվածության կոչ են անում՝ չքննադատելով Ադրբեջանին միակողմանիորեն նախաձեռնված գործողությունների համար: Կարծում եմ՝ սա բավականի լուրջ ազդանշան է, որպեսզի իրական ու ադեկվատ պատկերացում կազմենք արևմտյան դիվանագետների ու քաղաքական գործիչների քաղաքականության և մտադրությունների մասին: