Լեգիտիմ էֆթանազիայի պողպատյա առանձնահատկությունները
«Կառավարությունը մեր խնդիրների լուծումը չէ, կառավարությունն ինքն է խնդիրը»,- մի առիթով ասել է ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը։ Երջանկահիշատակ ու համակրելի նախագահը վստահաբար չգիտեր, որ իր այդ դիպուկ արտահայտությունը մեկին մեկ կիրառելի ու տեղին է լինելու 21-րդ դարի Հայաստանի համար։
Ընդհանուր ընկալմամբ, ըստ սահմանման՝ մարդիկ, քաղաքացիներն իշխանություններ են ձևավորում՝ իրենց, երկրի առջև ծառացած խնդիրների լուծման համար։ Բայց Հայաստանում տեղի է ունեցել ուղիղ հակառակը՝ «ազատ և ժողովրդավարական ընտրությունների» միջոցով քաղաքացիները ձևավորել են իշխանություն, որը ոչ միայն չի դարձել երկրի առջև ծառացած կենսական խնդիրների լուծողը, այլ ինքը վերածվել է թիվ մեկ գոյաբանական խնդրի։
Հայաստանը հայտնվել է մոտավորապես այնպիսի իրավիճակում, ինչպես, ասենք, սեփական դրամապահոցը կողոպտիչների հետ համագործակցող ոստիկանին ի պահ տված բանկը, կամ անչափահասների թրաֆիկինգով զբաղվող բանդայի անդամին դայակություն վստահած երեխայի ծնողը։ Բոլոր նշված և չնշված օրինակներում լուծումը պարզ է՝ փոխել կողոպտիչների հետ գործակցող պահակին, երեխայավաճառ դայակին, իշխանությանը․․․ Բայց մեր դեպքում խնդիրն այն է, որ ինքը խնդիրը՝ իշխանությունը, ձևավորվել է «ազատ և ժողովրդավարական ընտրությունների արդյունքում»։ Այսինքն՝ կա մոտավորապես այնպիսի արգելք, ինչպիսին կարող է լինել հանցագործ պահնորդի ու բանկի, ծնողի ու մարդավաճառ դայակի միջև աշխատանքային պայմանագիրը, որը չի կարող արգելք համարել իրեն հարգող որևէ դրամատուն կամ հոգատար ծնող։
Բայց մենք՝ որպես «ժողովրդավարության բաստիոն», հավատարիմ ենք ժողովրդավարության տառին ու ոգուն ու ընտրել ենք լեգիտիմ մահվան ճանապարհը՝ կարևորելով ոչ թե մահվան, այլ հատկապես լեգիտիմության հանգամանքը։ Աշխարհն էլ՝ որպես մեր նմանների դեպքում լեգիտիմությունը կյանքից կարևոր համարող, անվրդով ու սպորտային հետաքրքրությամբ հետևում է հինգհազարամյա ազգի երեսնամյա պետության արագացող մահվան տեսարանին։
Բայց ի տարբերություն հոլիվուդյան հեփի էնդի, հետևում է ոչ թե բանկը կողոպտիչներից ազատված ու երեխային փրկված տեսնելու էպիզոդի, այլ համազգային էֆթանազիայի տեսարանի դրամատիզմի սպասումով։ Կարևորը, որ էֆթանազիան լեգիտիմ է։ Բայց այս հարցում աշխարհին մեղադրել՝ նշանակում է՝ մոտավորապես հանդիմանել հանդիսատեսին, որ նա առանձին վերցրած այս սարսափ ֆիլմը դիտում է ոչ թե ազգային ղարսի խորովածով, այլ ապազգային պոպկորնով։ Լեգիտիմությունը կուլտ դարձրած աշխարհի համար կարևորը ոչ թե մեռնողի փրկությունն է, այլ այն, որ հատկապես վախճանի ընթացքում ու մասնավորապես շունչը փչելիս պահպանվեն նրա բոլոր հիմնարար իրավունքներն ու ազատությունները։
Ահա բոլոր այդ նորմերի խստագույնս պահպանմամբ հիմա արձանագրվում է Հայաստանի մահը, որը, չնայած ողբերգականությանը, ունի ոչ թե սովորական, այլ պողպատյա լեգիտիմություն։ Դրա անվանական կրողներն էլ, ինչպես իրենք են սիրում ասել, ցանկանում են բացել խաղաղության դարաշրջան։
Նրանք չեն խոստովանում, բայց իրենց գործողություններով չեն էլ թաքցնում, որ դա լինելու է խաղաղության հատկապես այն տեսակը, որը՝ որպես մխիթարանք, հղում են մահացողի՝ հանգչողի հոգուն։
Հարություն Ավետիսյան