«Իշխանությունն անում է այն, ինչ այսօր աշխարհը թելադրում է, փոքր ազգերին ու պետություններին փորձում են գլոբալացնել». Մետաքսե Հակոբյան
Նոյեմբերի 17-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Սյունիքում ստեղծված իրավիճակի համատեքստում Հայաստանի անելիքներին և «խաղաղության դարաշրջանի» բացմանը՝ նկատելով, որ թեև հայտարարել են «խաղաղության դարաշրջան» բացելու մասին, միաժամանակ ասել են, որ այդ դարաշրջան բացելը հեշտ չի լինելու:
«Դրա համար մեզ պետք են ամուր նյարդեր: Մենք նաև ընդգծել ենք, որ «խաղաղ դարաշրջան» բացելը, ցավոք, միայն մեզանից չի կախված: Եվ մենք ասել ենք, որ լինելու են գործողություններ, որոնց նպատակը լինելու է ապացուցել առաջին հերթին մեր հանրությանը, դրսից ապացուցել հանրությանը, որ «խաղաղ դարաշրջանը» հնարավոր չէ: Այդ ամենը ցույց է տալիս, որ սա առաջին հերթին մեր օրակարգն է, և քանի որ մենք դա ընդունել ենք՝ որպես ռազմավարություն, մենք պետք է հետևողականորեն գնանք այդ օրակարգի հետևից:
Գիտեք, ԼՂՀ բանակցային գործընթացի ողջ ընթացքում մենք սովորաբար ձևակերպել ենք մեր դիրքորոշումները, բայց մենք անարդար ենք համարել միջազգային հանրության դիրքորոշումները և ընդհանրապես լսելի չենք համարել մեր հակառակորդի դիրքորոշումները: Եվ արդյունքում ստացվել է էնպես, որ մեր դիրքորոշումները իքս պահից սկսել է լսելի չլինել միջազգային հանրության կողմից: Եվ ես սրա մասին խոսել եմ 2018 կամ 2019 թվականին ԱԳՆ-ում տեղի ունեցած մի միջոցառման ժամանակ: Ես ասել եմ, որ իմ տպավորությունն այն է, որ մեր ասելիքը միջազգային հարթակներում կորսված է։ Մենք ունեցել ենք ձևակերպում՝ Արցախի հարցի հայանպաստ լուծում, մենք բոլորս նվիրված ենք եղել Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծման համար: Բայց մենք մի բան հաշվի չենք առել, որ միջազգային հանրությանը ոչ թե Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծումն է հետաքրքրում, միջազգային հանրությանը Ղարաբաղի հարցի լուծումն է հետաքրքրում: Մենք պետք է գնանք լուծումների, հասկանալով, որ չկա հայանպաստ կամ ադրբեջանանպաստ լուծում, կա՛մ լուծում, կա՛մ չլուծում, սա է մեր ընտրությունը, սա ուղղակի մենք պետք է հասկանանք»,- ասել էր նա։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը, նշեց, որ արդեն 4-րդ տարին է՝ ինչ ՀՀ ներկայիս իշխանությունը «յուրահատուկ» գործողություն է ծավալում Հայաստանի և Արցախի հանրապետություններում։ Այսինքն՝ նրանք փոխում են հայի մտածելակերպը, այլ կերպ ասած՝ «վերադաստիարակում» են։
«Իշխանությունն անում է այն, ինչ այսօր աշխարհը թելադրում է, այսօր փոքր ազգերին ու պետություններին փորձում են գլոբալացնել։ Փոքր պետությունները կարողանում են դիմակայել, որովհետև իրենց մոտ շատ խիստ ձևով դրված է ազգային մտածողությունը, և եթե դա վերացնեն, բնականաբար, կդառնա արդեն աշխարհի քաղաքացի, ինչը մենք արդեն չորս տարի տեսնում ենք, որը առանց որևէ «կարմիր գծի» անում են այս իշխանությունները»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։
Ըստ նրա, ՀՀ իշխանությունները փուլերով են անցել, կարողացել են որոշակի փոփոխություն մտցնել հայի մտածողության մեջ, քնեցնելով հայի պայքարող գենը։
«Այդ ընթացքում, որքան կարողացել են, աշխատել են ի վնաս հայի՝ տվել են հայրենիքի մի հատվածը և շարունակում են տալ արդեն ՀՀ սուվերեն տարածքից և դրա անունը դնում են ճանապարհներ, որոնք իրենք տալիս են։ Այս առումով հիմա իրենք անցել են հաջորդ փուլին, որ մարդկանց ասում են՝ դուք կփրկվեք, եթե ձեր մտածողությունը չլինի հայանպաստ։ Մենք վաղուց արդեն պետք է դադարած լինեինք զարմանալու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների ու գործողությունների վրա։ Փոխարենը՝ վաղուց պետք է անցնեինք գործողությունների փուլի, ինչի մեկնարկը, կարծում եմ, տրված է, հուսամ, որ այս առումով մենք շատ չենք ուշացել»,- հավելեց պատգամավորը։
Նրա խոսքով՝ օրինակ, եթե որևէ մեկը, որը չգիտի Հայաստանի տեղն ու առհասարակ չգիտի Արցախի կոնֆլիկտի մասին, բայց ցանկանում է դրա մասին տեղեկություն ստանալ, առաջին հերթին կտեսնի, որ ողջ համացանցը ողողված է ի նպաստ Ադրբեջանի տեղեկություններով, քանի որ արդեն 4 տարի հայկական կողմը լուռ է։
«Այս ամբողջի մեջ դրսի մարդիկ ընկալում են, որ Ադրբեջանը ճիշտ քաղաքականություն է վարում, և, եթե իր հողերն իրեն չեն տալիս, ինքը ստիպված պատերազմ է արել։ Այս ամենին զուգահեռ՝ Ադրբեջանն իր օկուպացիայի տակ գտնվող Արցախի տարածքներում վերացնելով մշակութային ժառանգությունը՝ շատ հանգիստ կկարողանա ապացուցել, որ այդ տարածքները հայկական չեն»,- ընդգծեց Մ. Հակոբյանը։
Անդրադառնալով նոյեմբերի 16-ին խորհրդարանում իշխանական պատգամավորների հակառուսական հայտարություններին, որ եթե ՌԴ-ն Հայաստանին օգնություն չցուցաբերի, ապա իրենք այլ դաշնակիցներ կորոնեն, Մետաքսե Հակոբյանը նկատեց՝ բոլորին հայտնի է, թե նրանք որտեղից են ներդրվել, քանի որ նրանք հակառուսական եղել են ու լինելու են։
«Հավատացեք, իրենք այսօր շատ բուռն գործունեություն են ծավալում նաև Արցախում, փորձում են այստեղ ևս հակառուսական տրամադրություններ մտցնել և այդ ամենն անում են իշխանության ձեռքով»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։