Բաժիններ՝

ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի ղեկավարները գագաթնաժողովի ընթացքում քննարկել են համագործակցությունը

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի եւ Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի հետ հանդիպման ընթացքում կոչ է արել համատեղ պայքարել համավարակի, տնտեսական ու կլիմայական ճգնաժամի դեմ։

ԱՄՆ-ի նախագահը հորդորել է զրուցակիցներին՝ «վերջ տալ համավարակին», «զսպել կլիմայական ճգնաժամը» եւ «շարժվել դեպի տնտեսության ներառական վերականգնում»:

Նրա խոսքով՝ կարելի է բոլոր խնդիրները համատեղ լուծել, եթե ժամանակ գտնենք միմյանց հետ զրույցի համար:

«Որպես ղեկավարներ մենք համամիտ ենք այն բնածին ըմբռնմանը, որ մեր բազմազանությունը հսկայական ուժ է»,-հայտարարել է Բայդենը:

Մեքսիկայի նախագահն իր հերթին կարծիք է հայտնել, որ Հյուսիսային Ամերիկայի երկրների տնտեսական ինտեգրացումը թույլ կտա կանխել Չինաստանի տնտեսական գերիշխանությունը տարածաշրջանային շուկայում: «Եկեք չմոռանանք, որ այն դեպքում, երբ Մեքսիկային, Միացյալ Նահանգներին եւ Կանադային բաժին է ընկնում համաշխարհային շուկայի 13 տոկոսը, Չինաստանը գերիշխում է 14,4 տոկոսով, եւ այդ խզումը տեղի է ունեցել ընդամենը 30 տարի»,-ասել է Լոպես Օբրադորը, նախազգուշացնելով, որ եթե այդ միտումը պահպանվի, ապա 2051 թվականին Չինաստանի բաժինը համաշխարհային շուկայում կաճի մինչեւ 42 տոկոս, իսկ ԱՄՆ-ի, Մեքսիկայի եւ Կանադայի բաժինը կնվազի մինչեւ 12 տոկոս:

Նա ամերիկացի եւ կանադացի իր գործընկերներին առաջարկել է քննարկել միգրանտների աշխատուժի ներգրավումը կանոնավոր կերպով ընդլայնելու հնարավորությունը՝ աշխատող ձեռքերի անբավարարության հարցը լուծելու նպատակով:

Ավելի վաղ Սպիտակ տանը հաղորդել են, որ Կանադայի եւ Մեքսիկայի ղեկավարները Բայդենի հետ անցկացված գագաթնաժողովի ընթացքում պետք է հայտարարեն Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի երկրներ COVID-19-ի դեմ պատվաստանյութի միլիոնավոր չափաբաժիններ ուղարկելու պարտավորության մասին:

Բացի այդ, ինչպես հաղորդել է ԶԼՄ-ներում, միգրացիան պետք է դառնա քննարկման կենտրոնական թեմա: Տեղեկացված աղբյուրներից մեկի տվյալներով՝ Բայդենը հույս ունի «միավորել ջանքերը» Կանադայի եւ Մեքսիկայի հետ՝ միգրացիայի խնդիրները լուծելու համար, որոնք, ինչպես նրանք ընդունում են, չեն վերանա առաջիկա ժամանակներում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս