Կոնկրետ այդ պատվաստանյութը ներարկելուց երևի թե զարգացել է ալերգիկ ռեակցիան. Ալերգոլոգ
«Պատվաստումների գործընթացը դանդաղում է ազգաբնակչության մեջ այն կարծիքի պատճառով, որ, եթե ես ունեմ որևէ ալերգիկ հիվանդություն, ապա չեմ կարող պատվաստվել»,- ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ԵՊԲՀ ալերգոլոգիայի և իմունոլոգիայի ամբիոնի վարիչ, Հերացի համալսարանական հիվանդանոցի ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկայի ղեկավար Արմինե Հակոբյանը:
Նրա փոխանցմամբ՝ բավական մեծ է այն մարդկանց տոկոսը, ովքեր դիմում են ալերգոլոգներին՝ ասելով, թե ունեն այս կամ այն ալերգիկ հիվանդությունը և ունեն պատվաստման հակացուցում: Նա նշեց, որ հակացուցումների և ցուցումների վերաբերյալ ունեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկվող գործելակարգ, և որպես բացարձակ հակացուցում հանդիսանում է միայն առաջին դեղաչափից հետո զարգացած ալերգիկ ռեակցիան:
Այստեղ էլ, Ա․ Հակոբյանի խոսքով՝ կան մի շարք բացառություններ. համաշխարհային ալերգոլոգիական կազմակերպություններ տարբեր հետազոտություններից հետո հանգել են այն եզրակացության, որ եթե նախորդ պատվաստումից մարդու մոտ զարգացել է որևէ ալերգիկ ռեակցիա, ապա կարող են նույնիսկ փոխել պատվաստման տեսակը:
Հարցին՝ կա՞ն դեպքեր, երբ մարդիկ ունենալով ալերգիա, պատվաստվել են, նա պատասխանեց. «Այո, մենք ունենք բազմաթիվ դեպքեր, որովհետև կա բուժառուների 2 տեսակ. առաջին տեսակն ավելի շատ վախենում է, խուսափում է, և այնուամենայնիվ, չի համաձայնում պատվաստման, քանի որ բավականին շատ է խեղաթյուրող և ոչ ճշգրիտ ինֆորմացիան, և նրանք չեն պատվաստվում, սակայն, բարեբախտաբար, բուժառուների մեծ մասը, որոնք ունեն ալերգիկ տարբեր հիվանդություններ, դրսևորումներ, թեկուզև ծանր դեղորայքային ալերգիկ ռեակցիաներ, ստանում են իրենց պատվաստումը, և, բարեբախտաբար, կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո չունենք սուր, ծանր ալերգիկ դրսևորումներ»:
Հարցին էլ՝ պարզելու համար՝ արդյոք պատվաստանյութից որևէ ալերգիկ ռեակցիա ունե՞ն, նախապես հետազոտվելու անհրաժեշտություն կա՞, Արմինե Հակոբյանը պատասխանեց.
«Ամբողջ աշխարհում նման պրակտիկա չկա. Եթե պացիենտը նախկինում չի ունեցել որևէ ռեակցիա, ուրեմն հետազոտման կարիք չունի, իսկ եթե նույնիսկ ունեցել է ռեակցիա, դա կապ չունի ներկա պատվաստանյութի հետ, որովհետև ներկա պատվաստանյութի բաղադրիչները գրեթե նոր են։ Այո՛, կան որոշ բաղադրիչներ, որոնք նաև հանդիպում են այլ պատվաստանյութերում, դեղամիջոցներում, համենայնդեպս ամբողջ աշխարհում նախօրոք հետազոտելու պրակտիկա չկա: Արյունը նոսրացնող, ջերմիջեցնող դեղերը բոլորը ավելորդ են, և քանի որ հետազոտման շատ տվյալներ չունենք, այդ դեղերը կարող են խանգարել ընդհանուր պատվաստանյութի ազդեցությանը՝ մեր օրգանիզմում»:
Նրա խոսքով՝ ալերգաբանական կողմնակի ազդեցությունները քիչ են, պատվաստում խորհուրդ չի տրվում ցանկացած հիվանդության սուր փուլում:
«Հաշվի առնելով աշխարհի փորձը՝ կարող եմ ասել, որ բոլոր պատվաստանյութերից կարող է զարգանալ ալերգիկ ռեակցիա: Այդ պատճառով ինչ-որ նախընտրած պատվաստանյութ չկա: Մի լրացում ուղղակի կանեմ. ոչ թե չեմ ասի, թե որ պատվաստանյութում է դա գտնվում, եթե չեմ սխալվում՝ տվյալ պատվաստանյութը չկա Հայաստանում, կա մի միացություն, որը կոչվում է «պեգ», այդ նյութի նկատմամբ որոշ դեպքերում գրանցվում են ալերգիկ ռեակցիաներ, և կոնկրետ այդ պատվաստանյութը ներարկելուց երևի թե «պեգ» բաղադրիչի նկատմամբ է զարգացել այդ ալերգիկ ռեակցիան: Բայց տվյալներն այնքան հստակ չեն, որ ինչ-որ մի պատվաստանյութին տանք առավելություն: Պետք է առաջնորդվել նրանով, թե առաջնային օղակը ինչ պատվաստանյութ է առաջարկում պացիենտին՝ հաշվի առնելով տարիքը և այլ մանրամասներ»: