Նիկոլ Փաշինյանը խոստովանել է պետական դավաճանության մասին

Մակերեսայնությունն ինքնին արատ չէ, ոչ էլ խնդիր, միլիարդավոր մարդիկ աշխարհում ունեն մակերեսային պատկերացումներ։ Դա նրանց չի խանգարում ապրել, քանի որ ընդհանուր առմամբ կյանքը մակերեսային զբաղմունք է։ Բայց արատ, իսկ իրականում աղետ է, երբ մակերեսային աշխարհայացք ու դատողականություն ունեցող մարդը զբաղեցնում է երկրի ղեկավարի պաշտոնը, երբ խոսքը ոչ թե դանիաների պես անդարդ պետության, այլ վառոդի տակառի վրա գտնվող Հայաստանի մասին է։

Անկախություն ձեռք բերելուց ի վեր, շուրջ 30 տարի Հայաստանի և ընդհանրապես հայկականության առանցքն արցախյան հակամարտությունն էր ու է, որի կարգավորման բանակցությունների վրա պետությունը ծախսել է հսկայական ինտելեկտուալ, մարդկային, մասնագիտական ռեսուրսներ։ Գործընթաց, որի ամեն փուլում ընդունված կամ մերժված ամեն մի փաստաթղթի ամեն մի ստորակետն ունեցել է կենսական նշանակություն։ Գործընթաց, որում հատվել ու բախվել են գերտերությունների գլոբալ ու տարածաշրջանային շահերը, ազդեցության գոտիներն ու գործակալական ցանցերը։

Ըստ Նիկոլ Փաշինյանի, սակայն, այդ գործընթացը ոչ այլ ինչ է, քան մուննաթից, զզվանքից բաղկացած զգացողությունների համախումբ, որի հանգուցալուծումը մեզ անհրաժեշտ է ոչ թե հայանպաստ լուծում ստանալու, այլ աշխարհի մուննաթի տակ չմնալու համար։

«Միջազգային հանրությունն ասում է՝ դե հերիք է շաբաթը մեկ ասեք, որ հրադադարը խախտվեց, որ ագրեսիա եղավ, մեր ստեղն եք հասցրել, գնացեք իրար հետ լեզու գտեք․․․ հինգ տարի առաջ էլ ենք այս կետում եղել, տասը տարի առաջ էլ։

Պետք է գնանք լուծումների՝ հասկանալով, որ չկա հայանպաստ կամ ադրբեջանանպաստ լուծում։ Կա լուծում կամ կա չլուծում»,- հայտարարում է Նիկոլ Փաշինյանը։ Սա՛ է աշխարհի ամենաբարդ կոնֆլիկտներից մեկը համարվող արցախյան հակամարտության վերաբերյալ այդ մարդու պատկերացումը։ Ընդ որում, նա կարծես թե անկեղծ է այնքան, որ չի խաբում և ենթագիտակցորեն ներկայացնում է հակամարտության վերաբերյալ իր սեփական զգացողությունները։

«Մեր ստեղն եք հասցրել» արտահայտությունն իրականում Նիկոլ Փաշինյանի անձնական զզվանքն ու հոգնածությունն է Արցախի հարցից, որն այլ կերպ նշանակում է՝ «ստեղս է հասել», լուծենք Արցախի հարցը, որ կարողանամ հանգիստ ասֆալտ փռել ու պարգևավճար բաժանել…

Բայց դա չէ անգամ ամենավտանգավորը նրա աշխարհայացքում ու ենթագիտակցության մեջ։ Այո, հենց այդտեղ՝ Նիկոլ Փաշինյանի անձնական ենթագիտակցության մեջ է թաքնված Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիքը։ Նա համարում է, որ չկա Արցախի հարցի հայանպաստ լուծում, այլ կա ընդամենը լուծում, որը պետք է ձեռնտու լինի ոչ թե Հայաստանին կամ Ադրբեջանին (Ադրբեջանի անունը տալիս է պարիտետը պահելու համար), այլ աշխարհին։

Իսկ դա նշանակում է, ու Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն համարում է ոչ թե Արցախի հարցի հայանպաստ լուծման առաքելություն ունեցող ղեկավար, ինչպես համարել են Հայաստանի բոլոր նախկին նախագահները, այլ ընդամենը հարցի կարգավորման օպերատոր, որի գործունեության գնահատման չափանիշը ոչ թե հակամարտության հայանպաստ լուծումն է, այլ լուծումը ինքնին՝ անկախ ելքից։

Իրականում սա ոչ այլ ինչ է, քան խոստովանություն պետական դավաճանության մասին, որովհետև, եթե Հայաստանը ղեկավարում է մարդ, ով որևէ հարցում ընդունելի է համարում նաև ոչ հայանպաստ լուծումը, կամ հայանպաստ լուծումը չի համարում իր գերնպատակը, ապա նա կարող է ընդունելի  համարել այլ, այդ թվում՝ Հայաստանի ազգային, պետական շահերին խիստ հակասող լուծումներ։ Հանգամանքներ, որոնք մանրամասնորեն շարադրված են քրեական օրենսգրքի՝ պետական դավաճանությունը նկարագրող հոդվածում։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս