«Եթե ՀՀ վարչապետն ես ու չես ապահովում ՀՀ տարածքային ամբողջականությունը, հրաժարական տուր». Վլադիմիր Եվսեևը՝ Նիկոլ Փաշինյանին
«168 Ժամ»-ի զրուցակիցն է ԱՊՀ ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը
– Պարոն Եվսեև, հետևում եք տարածաշրջանում ծավալվող իրադարձություններին: Այս օրերին և հատկապես նոյեմբերի 16-ին ծանր մարտական լոկալ գործողություններ բռնկվեցին հայ-ադրբեջանական սահմանին: Ադրբեջանը մեծ ուժերով հարձակվեց Հայաստանի վրա: Ինչո՞ւ սա տեղի ունեցավ:
– Հիմնական պատճառը տարածաշրջանում և կողմերի միջև ուժային հավասարակշռության փոփոխությունն է: Ադրբեջանն իրեն ուժեղ է զգում, ավելի հանդուգն է իրեն դրսևորում։ Բացի այդ՝ Ադրբեջանը հաղթանակի էյֆորիայի տակ է և, չգիտես ինչու, իրեն թվում է, որ Թուրքիան մշտապես յուրաքանչյուր հարցում լինելու է Ադրբեջանի կողքին: Սա շատ սխալ դիրքորոշում է: Թուրքիան երբեք Ադրբեջանի համար չի պատերազմի Ռուսաստանի Դաշնության դեմ: Դա անհնար է: Այն դեպքում, երբ Ադրբեջանը ստեղծի մի այնպիսի իրավիճակ, երբ Ռուսաստանը չունենա ընտրության հնարավորություն, ապա Ադրբեջանը կմնա ՌԴ-ի հետ դեմ-հանդիման: Ադրբեջանի փոխարեն՝ իրավիճակը նման ուղղությամբ չէի տանի: Նույնը վերաբերում է Ուկրաինային՝ ուկրաինացիների փոխարեն՝ սեփական հարցերի համար ոչ ոք չի պատերազմելու՝ ո՛չ ամերիկացիները, ո՛չ լեհերը, ո՛չ թուրքերը, ո՛չ ոք նրանց փոխարեն չի պատերազմելու: Նույնն այստեղ է: Իրավիճակը սկսում է փոխվել: Այն, որ խոսել են Ռուսաստանի ու Իրանի ղեկավարները՝ չափազանց կարևոր հանգամանք է:
– Ինչո՞վ է, ըստ Ձեզ, դա կարևոր:
– Դա խոսում է համատեղ գործողությունների համակարգման մասին, որը զսպելու է Թուրքիային և Ադրբեջանին՝ հատկապես Հարավային Կովկասում: Ցանկանում եմ հիշեցնել, որ այս ամենից առաջ Իրանն անցկացրեց մասշտաբային զորավարժություններ՝ ամենամասշտաբայինը վերջին տարիների ընթացքում Նախիջևանի մոտ: Զորավարժությունն անցկացրեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, Իրանը պատրաստ է ՌԴ-ի հետ համատեղ գործողությունների, քանի որ իրեն ևս անհանգստացնում է իր հարևանությամբ ուժերի հավասարակշռության փոփոխությունը, և պատրաստ է հանդես գալ երկրի տարածքային ամբողջականության խախտման դեպքում, այս դեպքում՝ Հայաստանի: Ուստի Ադրբեջանը շատ չի առաջ մղում իր այդ դիրքորոշումը, քանի որ զգում է Իրանի ու Ռուսաստանի դիմակայությունը:
Սակայն, որպեսզի նման իրավիճակներ այլևս չլինեն, հարկավոր է, որպեսզի ՀՀ ղեկավարությունն ընդունի մի շարք որոշումներ, որոնք բնական են այս իրավիճակում: ՀՀ-ում երկրորդ ռուսական ռազմաբազայի ձևավորումը կենսական նշանակության հարց է, ինչպես նաև ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև սահմանապահ ծառայության տեղակայումը: Ցավոք, ՀՀ ղեկավարությունն ԱՄՆ-ի և նրա գործընկերների ճնշումների ներքո սրան չի գնում, ես դա սխալ եմ համարում: Պետք չէ անընդհատ հղում անել Ռուսաստանին, դիմել, պետք է անել այն գործողությունները, որոնք կապահովեն ՀՀ անվտանգությունը, առավել ևս, երբ Ռուսաստանն ու Իրանը սկսեն կոորդինացնել իրենց գործողությունները: Այդ դեպքում ստեղծվում է օդային միջանցք, որից ՌԴ-ն կարող է ՀՀ զորք և զինամթերք տեղափոխել: Այլ նմանատիպ միջանցքներ Ռուսաստանը չունի: Սա շատ կարևոր է: Բայց ինչ-որ հղումներ են արվում նաև միֆական Արևմուտքին, կգան ամերիկացիները… ամերիկացիները հայերի փոխարեն՝ Հայաստանում չեն պատերազմելու: Սա լիակատար հիմարություն է: Ֆրանսիացիները՝ ևս:
– Ինչպես նաև ռուսները, ի դեպ, ՌԴ-ն այնուամենայնիվ ռազմավարական դաշնակից է:
– Այո, ես պարզաբանում եմ՝ ինչու է այդպես: Ոչ ոք չի անելու: Նման պատրանքներով պետք չէ տարվել: Միֆական ընկերներ պետք չէ փնտրել, պետք է կառուցել հարաբերություններ նրանց հետ, ովքեր կան ոչ թե՝ ՀԱՊԿ շրջանակում, այլ՝ երկկողմ մակարդակում և առկա իրավապայմանագրային բազայի վրա:
– Պարոն Եվսեև, հենց այդ բազայի հիման վրա ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հայտարարում է, որ Երևանը դիմում է Մոսկվային ռազմական օգնության խնդրանքով 1997թ․ երկկողմ փաստաթղթի համաձայն: Իհարկե, շատ ռուսաստանցի վերլուծաբաններ քննարկում են՝ կա՞ գրավոր դիմում, նամակ, թե՞ ոչ, սակայն գլխավոր հարցն այն է, որ կա խնդրահարույց իրավիճակ նույնիսկ այս դիմումի շուրջ: Ի՞նչ է կատարվում:
– Ես Ձեզ ասում եմ՝ չպետք է օգնության խնդրանքով դիմել, քանի որ նման խնդրանքով կարելի է յուրաքանչյուր ամիս, ամեն շաբաթ դիմել: ՀՀ իշխանություններից գործողություններ են պահանջվում, ոչ թե նամակներ: Պետք են կոնկրետ գործողություններ, իսկ թե ինչո՞ւ չեն նախաձեռնվում, ես չգիտեմ: Կարծում եմ՝ ԱՄՆ ճնշման հետևանք է, քանի որ նրանք չեն ցանկանում ՀՀ-ում ՌԴ ռազմական ներկայության ընդլայնում: Պետք են քայլեր, ոչ թե խնդրանքներ կամ նամակներ: Հասկանալի է, որ Ռուսաստանը կօգնի, սակայն խնդիրը չի լուծվում երկարաժամկետ առումով: Իսկ խնդրանքներով նա Ռուսաստանին վատ դրության մեջ է գցում, կան ոչ միայն տեխնիկական, այլև քաղաքական բազմաթիվ հարցեր: Գյումրիից Ղարաբաղ, նայեք՝ ինչ տարածություն է: Գյումրիի բազան նախատեսված է Թուրքիայի զսպման համար, բայց ոչ՝ ԼՂ-ի համար: Հերի՛ք է շատախոսությամբ զբաղվեն, պետք չէ խոսել միֆական բաների մասին, դա արդեն զզվեցրել է բոլորին: Իսկ գործողություն ՀՀ իշխանության կողմից չկա:
– Այսինքն՝ ՌԴ-ն պատրաստ է կատարել իր պայմանագրային պարտավորությունները, բայց ՀՀ իշխանություննե՞րն են իրենց քայլերով դրան խոչընդոտում:
– ՀՀ իշխանությունները երկերեսանիությամբ են զբաղվում: Նրանք խոսքերով ասում են՝ պետք է օգնություն, բայց որպեսզի այդ օգնությունն իրականացվի, հարկավոր է ենթակառուցվածք: Իսկ ենթակառուցվածք չեն ցանկանում ստեղծել, քանի որ դա ամերիկացիները չեն ցանկանում: Ի վերջո, կողմնորոշվեք՝ ի՞նչ եք ցանկանում: Եթե ցանկանում եք, որ ՌԴ-ն օգնի, ստեղծեք ռազմական ենթակառուցվածք, կամ պետք է շարունակեք դատարկաբանել: Սա Երևանի ինչ-որ հրապարակ չէ, շատախոսել պետք չէ, այլ պետք են կոնկրետ գործողություններ:
– Դուք ասում եք, որ ամերիկացիները չեն գա, բայց կարծում եք՝ պատահակա՞ն է, որ ԱԽ քարտուղարը խոսում է այլ կենտրոնների դիմելու մասին: Ըստ Ձեզ՝ դա հնարավո՞ր չէ, կամ՝ եթե ՌԴ-ն չի օգնում գործնականում, ի՞նչ է պետք անել:
– ՌԴ-ն կօգնի ամեն դեպքում, ես ասացի: Բայց ես հենց այս մասին էի ասում, ինչո՞ւ են նման բաներ ասվում: Եթե Հայաստանը ցանկանում է ԱՄՆ օգնություն, ի սեր Աստծո, կարող են դիմել: Բայց ցավալի է, քանի որ հայ ժողովուրդն է շարունակելու տառապել, ոչ թե իշխանությունը, որը գալու և գնալու է, տառապելու են հայերը, որոնք արդյունքում ՀՀ տարածքում ցեղասպանվելու են:
– Ձեր կարծիքով՝ ո՞րն է ՀՀ իշխանությունների քայլերի տրամաբանությունը, փոխել ՀՀ անվտանգային համակարգը, փոխել կուրսը դեպի Արևմուտք:
– Ոչ, սա արվում է հայ-ռուսական ռազմական համագործակցության հիմքերը թուլացնելու համար:
– Ինչո՞ւ, ո՞րն է նպատակը դրա:
– Պարտության մեղքը ՌԴ-ի վրա բարդելու ցանկությունը: Եթե դու պետության վարչապետ ես, պետք է ապահովես երկրի տարածքային ամբողջականությունը, եթե դու դա չես ապահովում, հրաժարական տուր: Եթե Դուք այդ խնդիրը չեք կարողանում կատարել, որը պետության ամենակարևոր գործառույթներից մեկն է, հեռացեք, թող այլ մարդիկ գան, որոնք կկարողանան դա անել: Իսկ նա բոլոր ուժերով կառչել է իշխանությունից: Երկրում ստեղծված այս իրավիճակի համար, երբ իրանցի վարորդների համար ճանապարհը փակվել է, տեղաշարժը երկրում սահմանափակվել է, ո՞վ է մեղավոր՝ Ռուսաստա՞նը, թե՞ ՀՀ իշխանությունը: Ռուսաստանին պետք չէ շանտաժի ենթարկել, Ռուսաստանը հայերի փոխարեն չի պատերազմելու Հայաստանում, Ռուսաստանը կարող է դա անել հայերի հետ, իսկ այստեղ չես հասկանում, թե ինչ է, երկերեսանիություն է սա: Ինձ նյարդայնացնում է ՀՀ իշխանության վարքագիծը: Նրանք էլ անձամբ հակառուսական տրամադրություններ են հրահրում: