Նիկոլ Փաշինյանը խորացրեց կասկածները
Սյունիքում ծավալված փաստացի պատերազմական իրադարձություններին զուգահեռ անցնող օրվա մյուս գլխավոր ինտրիգը Հայաստանի կողմից Ռուսաստանին օգնության խնդրանքով դիմելու հարցն էր։
Օրվա ընթացքում այդ մասին նախ ԲԱՆԱՎՈՐ հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հպանցիկ նշելով, որ դիմումը կներկայացվի նաև գրավոր ընթացակարգով։ Սակայն առնվազն մինչև երեկո Հայաստանի կողմից Ռուսաստանին ուղղված պաշտոնական դիմում այդպես էլ չներկայացվեց։ Այն դեպքում, երբ ռուսական կողմից առնվազն փորձագիտական խողովակներով ուղիղ տեքստով նշում են՝ Արմեն Գրիգորյանի հեռուստատեսային խոսքը պաշտոնական դիմում չէ, Հայաստանը պետք է պաշտոնական դիմում ներկայացնի կամ գրավոր, կամ առնվազն երկրի բարձրագույն ղեկավարության մակարդակով։
Գրավոր դիմումի բացակայության պայմաններում երեկոյան Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանը, ով, ենթադրաբար, ԱԽՔ-ի ներկայացրածի տրամաբանությամբ առնվազն հրապարակային խոսքի մակարդակում պետք է դիմեր Ռուսաստանի Դաշնությանը։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, նման որևէ խոսք չարտասանեց՝ սահմանափակվելով միջազգային հանրությանն ուղղված ընդհանրական, լղոզված կոչով։
Այդպիսով Նիկոլ Փաշինյանը, մեղմ ասած, խորացրեց այն կասկածները, որ իրականում Հայաստանի իշխանությունը ցանկանում էր ոչ թե դիմել Ռուսաստանին, այս ստեղծել դիմելու իմիտացիա, որը հետագայում հնարավորություն կտա ներկայացնել՝ որպես մերժվելու ու Ռուսաստանի կողմից պայմանագրային պարտավորությունները չկատարելու ապացույց՝ դրանից բխող աշխարհաքաղաքական հետևանքներով։
Այս համատեքստում միանգամայն այլ կերպ են ներկայանում ողջ օրվա ընթացքում Հայաստանի խորհրդարանում իշխող խմբակցության անդամների թութակային հակառուսական ելույթները, որոնք, ըստ ամենայնի, ոչ թե Ռուսաստանից իրապես օգնություն ստանալու, այլ հատկապես օգնություն չտրամադրելու տպավորություն ստեղծելու նպատակ ունեին։
Հայաստանի գործող իշխանությունը արտաքին քաղաքականությանը, աշխարհաքաղաքականությանը վերաբերվում է, մեղմ ասած, մակերեսորեն, ինչպես ներքին խարդավանքների ու մանր խորամանկությունների պարագային։ Նրանց թվում է, թե պետության արտաքին քաղաքական կուրսն ու ռազմաքաղաքական կողմնորոշումը կարելի է փոխել սեփական կարծիքի նման՝ կախված իրավիճակային հանգամանքներից ու այսրոպեական շահերից։
Իրականում որևէ երկիր, այո, սեփական շահերից ելնելով՝ կարող է նաև փոխել աշխարհաքաղաքական վեկտորը, դաշինքային անդամակցությունը և այլն։ Բայց դա երկարատև, բազմամակարդակ ու բազմաշերտ աշխատանք ենթադրող գործընթաց է, ոչ թե որոշում, որը կարելի է կայացնել այն պահին, երբ սեփական սահմանները գտնվում են հակառակորդի գնդակոծությունների ներքո։ Այն հակառակորդի, որը, հնարավոր է՝ այս պահին առաջնորդվում է ոչ միայն իր, այլ նաև աշխարհաքաղաքական այն կենտրոնների շահերով, դեպի ուր փորձ է անում նետվել Հայաստանը։
Հարություն Ավետիսյան
Հ․Գ․ Քիչ առաջ Կրեմլը հաղորդեց, որ հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է հեռախոսազրույց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև, կողմերը քննարկել են իրավիճակը՝ հայ-ադրբեջանական սահմանում մի շարք միջադեպերով պայմանավորված: Եվ կրկին ոչ մի խոսք Հայաստանի կողմից Ռուսաստանին պաշտոնապես դիմելու մասին։