Այլընտրանքային Հայաստան
Ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի յուրաքանչյուր հատվածի օկուպացիայից հետո ՀՀ իշխանությունները ադրբեջանցիներից ավելի ալիևաբար հայտարարում են, թե այդ տարածքները «պատկանում են Ադրբեջանին»։
Եվ իսկույն լուծում են առաջարկում՝ կա օկուպացված ճանապարհին այլընտրանքային ճանապարհ։ Գիտակցված կամ ոչ, բայց նրանք բոլորը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավարությամբ, մատնում են իրենց մտածողությունը, որն իրականում, ինչպես խորդուբորդ ու անանցանելի ճանապարհները, այլընտրանքային է ու խիստ վտանգավոր։
Իսկ դրա հիմում ընկած է այն հակապետական ակզբունքը, որ կարելի է հանձնել ամեն ինչ, եթե կա դրա այլընտրանքը։ Նույն տրամաբանությամբ ապագայում կարող են հանձնվել բոլոր այն կամայական ճանապարհները, որոնց այլընտրանքները գոյություն ունեն։ Եվ քանի որ այլընտրանքային մտածության գռեհկությունն անսահման է, երբևէ կարող է Ադրբեջանին հանձնվել, ասենք, նաև Երևանը, և հաջորդ պահին հայտարարվել, որ Հայաստանն ունի այլընտրանքային մայրաքաղաք, ասենք, ի դեմս Շամշադինի կամ Իջևանի։
Այլընտրանքների նկատմամբ իշխանության անթաքույց սերը պատահական չէ, նրանք բոլորը՝ անհատապես ու հավաքականորեն, իրականում սոսկ այլընտրանքներ են։
Նիկոլ Փաշինյանը բովանդակային առումով ոչ թե Հայաստանի վարչապետն է, այլ այդ պաշտոնը զբաղեցնող այլընտրանքային մեկը։ Ինչպես որ այլընտրանքային է Ալեն Սիմոնյանի գոյությունը ԱԺ նախագահի պաշտոնում կամ Սուրեն Պապիկյանի նորանշանակումը՝ որպես պաշտպանության նախարար, Լիլիթ Մակունցը այլընտրանքային իշխանության այլընտրանքային դեսպանն է ԱՄՆ-ում, իսկ Արգիշտի Քյարամյանը բոլոր այլընտրանքների այլընտրանքն է կամ այլընտրանքային անվերջությունը։
Իրականում այսօր այլընտրանքային իրականության մեջ ու այլընտրանքային տրամաբանությամբ է ապրում ողջ Հայաստանը, որն ունի ոչ թե իշխանություններ, այլ այլընտրանքային մարդկանցից բաղկացած ինչ-որ կույտ, որն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանը պետությունից վերածվի այլընտրանքային որևէ սուբստանցիայի։
Պատահական է, թե ոչ, բայց այլընտրանքային այս խմբավորման ներկայացուցիչների մեծ մասը ժամանակին իրեն պատռել է բանակում այլընտրանքային ծառայության ներդրման համար, շատերը եղել են այլընտրանքային դավանանքի կրողներ, նրանցից ոմանք ամեն ինչ արել են այլընտրանքային սեռի ներկայացուցչին խորհրդարան բերելու և ընդհանրապես սեռային այլընտրանքայնությունը քարոզելու համար։
Կյանքը ցույց տվեց, որ նրանք այլընտրանքային պատկերացումներ ունեին Արցախի և ընդհանրապես հայրենիքի մասին․ Արցախի հայկական վերահսկողությունը փոխարինվեց այլընտրանքային ռուսական վերահսկողությամբ, իսկ Հայաստանում հանձնվում է այն ամենայնը, ինչի այլընտրանք հնարավոր է գտնել քարտեզի վրա։
Հասունանում է պահը, երբ Հայաստանի հասարակությունը կգտնի իշխանությանն այլընտրանքի փոփոխության այլընտրանքային ուղիներ, որից հետո նրանք կզրկվեն բոլոր հնարավոր այլընտրանքներից։
Հարություն Ավետիսյան