Մենք պարտքով ապրող տնտեսություն ունենք. Թադևոս Ավետիսյան

Հանրապետությունում 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 16.0% գնաճ: Ի դեպ, միայն բանջարեղենի ապրանքախմբում 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ աճը կազմել է 69.3%:

Նկատենք, սակայն, որ հեղափոխության կարևոր ատրիբուտ բանանի գինն այս ցանկում լուրջ ռեզոնանսի չի ենթարկվել: Ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը՝ «Ի սկզբանե բանն էր. ավելի ճիշտ՝ բանանը»: Սակայն միայն բանանով ձմեռը դիմավորելու հեռանկարն ամենևին չի գոհացնում հանրությանն ու նույնիսկ Փաշինյանին իշխանության բերած շրջանակներին:

Ի դեպ, ահռելի գնաճ է նաև ոչ պարենային ապրանքների շուկայում. այստեղ նույն ժամանակահատվածի համար գրանցվել է 9.7%, իսկ հատկապես բենզինի և դիզելային վառելիքի շուկայում՝ համապատասխանաբար՝ 44.1% և 43.2% գնաճ:

Պաշտոնական վիճակագրության մեկ այլ հատվածից էլ տեղեկանում ենք, որ 2021թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին՝ 2020թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4.4%-ով:

Ի՞նչ  տնտեսական սպասումներ կան այսօր Հայաստանում. արդյո՞ք հնարավոր է զսպել շարունակական գնաճը, և արդյո՞ք ՏԱՑ-ի թեկուզ ոչ բարձր աճը վկայում է տնտեսության վերականգնման մասին՝ 168.am-ի այս հարցերին ի պատասխան՝  «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը նշեց.

«Վերականգնման մասին խոսք լինել չի կարող, որովհետև նախորդ տարվա 7.4 տոկոս տնտեսական անկման ֆոնին այս տարի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմում է 4.4 տոկոս: Հավելեմ նաև, որ նախորդ տարվա համեմատ՝ նույնիսկ  գյուղոլորտը դեռ 1.5 տոկոս անկում է գրանցում, արդյունաբերության աճ, ըստ էության,  գրեթե չկա, իսկ այդ 4.4 տոկոս ակտիվությունը հիմնականում գրանցվել է ծառայությունների, շինարարության, առևտրի ոլորտի հաշվին. այսինքն՝ այն ոլորտներում, որոնք նախորդ տարի այս ժամանակահատվածում գտնվում էին տոտալ սահմանափակման ներքո»:

Պատգամավորը նկատեց, որ նույն սահմանափակումները գործում էին նաև արտահանման դեպքում, և հենց այդ պատճառով էլ արտահանման աճը ևս պետք է դիտարկել՝ հաշվի առնելով բազային էֆեկտը:

Ըստ նրա, սակայն, իշխանությունները օբյեկտիվ չեն գնահատում առկա վիճակը՝ նախընտրելով առանց հավաքական գնահատման «ինչ-ինչ» աճերի վրա կառուցել սեփական պոպուլիզմը:

«Ի՞նչ եղան այն միլիարդավոր դոլարի ներդրումները, որ տնտեսության պատասխանատուն խոստանում էր, ի՞նչ եղավ երկնիշ տնտեսական աճը, 6 տոկոս տնտեսական ակտիվությունը»,- նկատեց տնտեսագետը՝ արձանագրելով, որ անգամ գնաճի ահագնացող ցուցանիշն է արդեն մոտենում թիրախային ցուցանիշի կրկնակիին:

Հարցին, թե հաշվի առնելով, որ ծախսերը ֆինանսավորելու համար պետությունը նաև պարտքեր է ներգրավում, կարո՞ղ ենք փաստել, որ ներկայացվող ակտիվությունը հիմնված է նաև պարտքի վրա, տնտեսագետը պատասխանեց.

«Իրենք երկնիշ աճերից են խոսում, բայց, ցավոք սրտի, բացասական առումով ունենք նման ցուցանիշ. երկնիշ աճել է մեր երկրի պետական պարտքը՝ այն այս տարվա առաջին 9 ամիսներին աճել է 12 տոկոսով կամ՝ շուրջ 1 միլիարդ ԱՄՆ դոլարով: Բնականաբար, այդ պարտքը, որով ֆինանսավորել են այս կամ այն ծախսային ծրագրերը, ևս տնտեսության ակտիվության վրա առկա է, և այո, այդ 4.4 տոկոս ակտիվության որոշիչ մասը պետական պարտքի հաշվին է:

Այսինքն՝ մենք պարտքով ապրող համակարգ, տնտեսություն ունենք. սա մտահոգիչ է, որովհետև պարտքի ցուցանիշի առաջանցիկ աճը ՀՆԱ նկատմամբ երկրի ներդրումային վարկանիշի, ընդհանրապես վճարունակության հետ կապված խնդիրներ է առաջացնում, այն էլ՝ այս ֆոնին, երբ ներդրումներ՝ հատկապես օտարերկրյա ներդրումներ, չեն արձանագրվում»:

Տեսանյութեր

Լրահոս