
ՀՀ ԱԳ նախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենն անդրադարձել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական մշակութային ժառանգության պաշտպանության խնդրին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 11-ին Փարիզում հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Օդրի Ազուլեին պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
ՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենը գոհունակություն են հայտնել տարիների ընթացքում Հայաստանի ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության կապակցությամբ։
Նախարար Միրզոյանը նշել է, որ Հայաստանը մշտապես գործադրել է առավելագույն ջանքերը՝ աջակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ին կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում ընդհանուր արժեքների վրա հիմնված իր կարևոր առաքելությունն իրականացնելու գործում։ Այդ համատեքստում նա ընդգծել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդում 2021-2025 թվականների համար Հայաստանի անդամակցության թեկնածությունը բխում է նաև այդ ջանքերի արդյունավետության բարձրացման նկատառումներից։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախի դեմ ագրեսիայի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության խնդրին։ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ համամարդկային մշակութային ժառանգության մասը կազմող Արցախի հայկական պատմամշակութային կոթողների՝ Ադրբեջանի կողմից դիտավորյալ ոչնչացման և ինքնության խեղաթյուրման պայմաններում միջազգային հանրության կողմից կանխարգելիչ քայլերի իրականացումը ուղղակի հրամայական է։
Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ ներգրավվածության, մասնավորապես՝ «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի շրջանակներում տարածաշրջան անկախ գնահատման առաքելություն ուղարկելու Գլխավոր տնօրենի առաջարկի իրականացման կարևորությունը։