Մարդկանց գրպաները դատարկում են ու դեռ արդարանում են, թե գնաճը խժռում է իրենց աշխատանքի արդյունքը

Իշխանությունները մի կողմից՝ հպարտանում են, որ այս տարի գյուղմթերքի արտահանումն ավելացել է, մյուս կողմից՝ դժգոհում են, որ գնաճը խժռում է իրենց աշխատանքի արդյունքները։

Հիշեցնենք, որ ամենաբարձր գնաճը հենց գյուղմթերքի շուկայում է։ Մասնավորապես բանջարեղենի գների աճն անցնում է 60 տոկոսից, իսկ առաձին ապրանքներ անգամներով են թանկացել։ Պատճառներից մեկն էլ արտադրության ու արտահանման միջև առաջացած խզումն է, ինչն էլ հանգեցրել է բարձր գնաճի։

Սա պարզ բան է, որը իշխանության վերին օղակներում հայտնվածները, առավել ևս՝ տնտեսության ոլորտի պատասխանատուները գոնե պիտի հասկանային։ Զարմանում ես, թե երբեմն ինչքան մակերեսային կարող են լինել նրանց մեկնաբանությունները։

«Մենք, իհարկե, շատ անհանգստացած ենք, որովհետև մեր աշխատանքի արդյունքը պետք է լինի մարդկանց ավելի լավ ապրելը, իսկ գնաճը, կարելի է ասել՝ խժռում է մեր արած աշխատանքի մեծ մասը, որի դեմ մենք, իհարկե, պետք է պայքարենք, պետք է փորձենք զսպել գնաճն այն գործիքներով, որոնք մեր տնօրինման տակ են»,- ասում է էկոնոմիկայի նախարարը։

Գնաճով անհանգստացած նախարարը, մյուս կողմից՝ հայտարարում է, որ այս տարի Հայաստանից կարտոֆիլի ռեկորդային արտահանում է եղել՝ «Այս տարի, կարելի է ասել, կարտոֆիլի արտահանման ռեկորդ ենք խփել, 30 հազար տոննա կարտոֆիլ է արդեն արտահանվել Հայաստանից, այսպիսի թիվ երբեք չի եղել անկախ Հայաստանի պատմության ընթացքում»։

Թերևս, սա էլ հանգեցրել է կարտոֆիլի ներքին գների կտրուկ բարձրացման։

Այս տարի ներքին շուկայում կարտոֆիլը գրեթե կրկնակի թանկ է։ Այն հասել է 250-300 դրամի։ Կանխատեսվում է, որ առաջիկայում գները ավելի կբարձրանան։

Սրա պատճառը, մի կողմից՝ արտադրության ծավալների կրճատումն է, մյուս կողմից՝ արտահանման ավելացումը։

Պարզ է, որ այս պայմաններում գները պիտի բարձրանային։ Սրանում արտառոց ոչինչ չկա։ Արտառոցն այն է, որ նախարարն է դժգոհում, թե գնաճը խժռում է իրենց աշխատանքի արդյունքը։ Այն դեպքում, երբ իշխանության թերացումն է դարձել գնաճի առաջացման պատճառը։

Շատ լավ է, որ գյուղմթերքի, նաև կարտոֆիլի արտահանումն ավելացել է։ Բայց դրան զուգահեռ՝ իշխանությունների խնդիրն է՝ հոգ տանել նաև ներքին շուկայի մասին։ Այլապես վաղն էլ կարող ենք կանգնել մեկ այլ փաստի առաջ։

Որոշ երկրներ նույնիսկ արդեն փակել են իրենց սահմանները կարտոֆիլի արտահանման նկատմամբ։ Իսկ մենք հպարտանում ենք, որ ռեկորդային տեմպերով արտահանել ենք ու ներքին շուկան կանգնեցրել բարձր գնաճի առաջ։

Կարտոֆիլի և ընդհանրապես գյուղմթերքների գների բարձրացումը ձեռնտու է գյուղացու համար։ Դրա արդյունքում գյուղացու աշխատանքի արդյունքն ավելանում է։ Փոխարենը՝ տուժում են սպառողները։ Նրանք ստիպված են մի քանի անգամ ավելի շատ գումար վճարել՝ նույն ապրանքը գնելու համար։

Այլ բան, եթե գյուղմթերքի գնաճն ուղեկցվեր նաև սպառողների եկամուտների համարժեք ավելացմամբ։ Բայց մեր պարագայում ավելորդ է դրա մասին խոսելը։ Մարդկանց եկամուտները, եթե նույնիսկ ավելացել են, ապա շատ ավելի քիչ, քան գնաճն է։ Էլ չասենք՝ գյուղմթերքների կամ լայն սպառման ապրանքների գնաճը, որտեղ թանկացումները երբեմն անգամներով են։

Որ գյուղմթերքի արտահանումն աճել է, անշուշտ, լավ է։ Բայց արտահանելուց առաջ պետք է մտածել նախ արտադրության ծավալներն ավելացնելու, նաև ներքին շուկան ապահովելու մասին։ Իսկ ի՞նչ ունենք մենք. ունենք արտադրության ծավալների կրճատում, ներքին շուկան չենք կարողանում ապահովել, մի բան էլ արտահանում ենք, ինչի հետևանքով գները կտրուկ բարձրացել են։

Սա է իշխանությունների աշխատանքի այն արդյունքը, որը խժռում է գնաճը։

Այնպես չէ նաև, որ կարտոֆիլի արտահանման ավելացումն իշխանությունների ձեռքբերումն է։ Պարզապես դրսում, մասնավորապես Ռուսաստանում գներն այս տարի բարձր են, որովհետև կրճատվել են արտադրության ծավալները, ինչը նպաստավոր է դարձրել Հայաստանից կարտոֆիլի արտահանումը։

Սրանում իշխանությունների մասնակցությունը զրոյական է։ Ու պետք չէ հպարտանալ նրանով, որ այս տարի Հայաստանից ռեկորդային քանակությամբ կարտոֆիլ է արտահանվել։ Ընդհակառակը՝ դա վաղը կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել՝ պարենի ապահովման առումով։

Սրա համար է պետք անհանգստանալ։ Իսկ ինչ է անում էկոնոմիկայի նախարարը՝ հա՛մ նալին է խփում, հա՛մ մեխնին։

Էկոնոմիկայի նախարարի ու ամբողջ իշխանության աշխատանքի թերացումն է, որ ունենք ներքին արտադրության գյուղմթերքների, նաև կարտոֆիլի բարձր գնաճ։

Նվազել են ցանքատարածությունները։ Անցած տարի բերքը մնաց, փչացավ, իսկ իշխանությունները ոչինչ չարեցին գյուղացու ձեռքը բռնելու համար։

Արդյունքը եղավ այն, որ այս տարի շատերը հրաժարվեցին կարտոֆիլ աճեցնելուց։

Ճիշտ է, խանգարեցին նաև եղանակային պայմանները։ Տարին չորային էր և ինչ-որ առումով ոչ այնքան նպաստավոր գյուղատնտեսության համար։ Բայց դրանում էլ պակաս փոքր չէ իշխանությունների մեղքը։

Ջրային ռեսուրսների վատ կառավարման հետևանքով՝ տարվա կեսին կանգնեցինք ջրամատակարարման լուրջ խնդիրների առաջ։ Գյուղացին չկարողացավ ժամանակին ոռոգում իրականացնել, ինչի հետևանքը տեսնում ենք արտադրության ծավալների վրա։ Ջրամբարային ջրի պաշարները ճիշտ չկառավարելու պատճառով նորմայից մի բան էլ ավել ջուր վերցրեցին նաև Սևանից։ Սակայն նույնիսկ դա չփրկեց կորուստներից։

Իրենց թերացումների հետևանքով եկել կանգնել ենք ներքին տնտեսությունից թելադրված բարձր գնաճի առաջ, ու դեռ արդարացումներ են փնտրում։

Աշխատանքի արդյունքը, որ խժռում է գնաճը, ահա սրա պատճառով է, ինչը կարող էր և չլինել։

Գնաճի մասին խոսելիս պետք է իմանալ, որ թեև գների կայունության խնդիրը դրված է Կենտրոնական բանկի վրա, այնուհանդերձ այստեղ քիչ անելիքներ չունի նաև կառավարությունը։ Տնտեսության արդյունավետ կառավարման մասին արդեն խոսեցինք։ Շուկայի գնային քաղաքականության կարգավորումը ևս կառավարության դաշտում է, ու դա նույնպես քիչ չի ազդում գնաճի վրա։ Գները երբեմն շատ հեռու են իրական արժեքներից, բայց մեկը չկա, որ բռնի չարաշահողների ձեռքը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս