Երևանը տարածաշրջանային այլ ֆորմատներ է դիտարկում. Ի՞նչ է առաջարկվել Երևանին, բացի «3+3»-ից

Տարածաշրջանային «3+3» կամ 6-ի հարթակ ստեղծելու ուղղությամբ քաղաքական-տեղեկատվական արշավը վերջին երկու շաբաթվա ընթացքում էապես ինտենսիվացել է: Հոկտեմբերի վերջին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում տեղի ունեցող «Մեծ քսանյակի» գագաթաժողովի ընթացքում Թուրքիայի նախագահը կարողացավ իր բոլոր հրապարակային անդրադարձներում և հանդիպումներում ներկայացնել այս ֆորմատի կարևորությունը ռեգիոնի համար: Այն հաճախակի շրջանառում է նաև ադրբեջանական կողմը: Հռոմից Թուրքիա վերադարձի ճանապարհին լրագրողների հետ զրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը տեղեկացրել էր, թե իբր Ալիևը Փաշինյանի հետ խոսակցություն է ունեցել, որի ընթացքում օրակարգ է բերվել տարածաշրջանում 6-ի հարթակ ստեղծելու հարցը: «Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Վրաստանը և նրանց կողքին՝ նաև Հայաստանը, եթե բոլորը ընդունեն, ապա իսկապես ստեղծած կլինենք խաղաղության մի հարթակ»,- եզրափակել էր Էրդողանը:
Իրանը, ըստ էության, դեմ չէ այս հարթակին, իսկ Վրաստանը սկզբունքորեն դեմ է Ռուսաստանի ներկայության պատճառով:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը երեկ ասել է, որ Բաքուն դիվանագիտական խողովակներով շարունակում է քննարկումները «3+3» ձևաչափի մեխանիզմ ստեղծելու վերաբերյալ:

Իր հերթին՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ժամանակ առ ժամանակ խոսում է այս պրոյեկտը գործնական հարթություն տեղափոխելու անհրաժեշտության մասին՝ զուգահեռաբար պնդելով, թե նման հարթակ ստեղծելու նախաձեռնությունը ոչ թե ՌԴ-ինն է, այլ Թուրքիայինը: Զախարովան վերահաստատել է, որ ՌԴ-ն աջակցում է «3+3» ձևաչափով տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմ ստեղծելու գաղափարին՝ Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, ՌԴ-ի, Հայաստանի և Իրանի մասնակցությամբ։ Մոսկվայի գնահատմամբ՝ «3+3»-ի գործարկումը կնպաստի միջպետական հարաբերությունների նկատմամբ վստահության բարձրացմանը, առկա հակասությունների կարգավորմանը, տարածաշրջանի տնտեսական ու տրանսպորտային ներուժի բացահայտմանը։

Չնայած 44-օրյա ողբերգական պատերազմի հետևանքով հայկական կողմը հայտնվել է ամենաթուլացած տարածաշրջանային երկրի վիճակում, վարում է ոչ թե պրոակտիվ, այլ ռեակտիվ դիվանագիտություն՝ փորձելով պարզապես ինչ-որ կերպ հասցնել արձագանքել աշխարհաքաղաքական զարգացումներին և տեղաշարժերին տարածաշրջանում: Չնայած այս հանգամանքին՝ աշխարհագրական դիրքի շնորհիվ ՀՀ դիրքորոշումն այս պրոյեկտում ամենակարևորներից մեկն է, եթե ոչ՝ ամենակարևորը, թեև հայաստանյան փորձագիտական հանրության մեծամասնությունը չի տեսնում հայկական շահ այս հարթակի գործունեության մեջ: Իսկ հայկական կողմը, չնշելով որևէ վերապահություն, հայտնել է իր դիրքորոշումը, որը լիովին հասկանալի չէ: Օրերս ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը «168 Ժամ»-ի հետ զրույցում նշել էր. «Տարածաշրջանային համագործակցության ցանկացած ձևաչափ կարող է արդյունավետ լինել, եթե այն.

  • Հիմնված է դրանում ներգրավված բոլոր պետությունների միջև փոխհարաբերություններում դրական միտումներ մատնանշող զարգացումների վրա: Հակառակ պարագայում դա կարող է հանգեցնել պետությունների երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների տեղափոխմանը բազմակողմ ձևաչափ, ինչն էլ կարող է հանգեցնել թե՛ այդ բազմակողմ ձևաչափի, թե՛ երկկողմ երկխոսության խաթարմանը:
  • Նաև, մեզ համար սկզբունքային է, որ այն հնարավոր թեմաները, որոնք կարող են քննարկվել այդ ձևաչափում, որևէ կերպ չհամընկնեն այլ ձևաչափերի մանդատի և քննարկման հարցերի շրջանակի հետ»:

Իր հերթին՝ Նիկոլ Փաշինյանը վերջերս նշել էր, որ ՀՀ-ն պետք է նախ հասկանա՝ դրանք ի՞նչ ֆորմատներ են, ի՞նչ նպատակով են դրանք իրագործվում, ի՞նչ պայմաններում են գործելու, ի՞նչ սկզբունքներով են գործելու։

Սակայն առավել ուշագրավ դիտարկումներ է արել ՀՀ ԱԳ փոխնախարար Վահե Գևորգյանը՝ ասելով, որ կա ռեգիոնալ գործակցության մի քանի առաջարկ, և «3+3»-ն ընդամենը մեկն է: «Բոլոր տարածաշրջանային համագործակցային կազմակերպությունները չպետք է կրկնօրինակեն արդեն իսկ գործող մարմինները, ֆորմատները: Այս տեսակետից մեզ համար առաջնային է, որ որևիցե կրկնօրինակում չլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետ: Այս բոլոր առաջարկները դիտարկվում են, և այժմ դեռևս որևիցե առաջընթացի կամ որոշման մասին վաղ է խոսել»,- ԱԺ-ում հայտարարել է նա:

Փոխնախարարի դիտարկումներն ուշագրավ են և փաստորեն ուղիղ տեղեկատվություն են այն մասին, որ հայկական կողմը դիտարկում է տարածաշրջանային համագործակցության այլ առաջարկներ ևս:

Այս մասով հիշարժան է միայն սեպտեմբերին Նյու Յորքում կայացած Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի ելույթը, որում նա առաջարկել էր «Դրացիների խաղաղության նախաձեռնությունը Հարավային Կովկասում»:

Նա նշել էր, որ աշխարհաքաղաքական տեսանկյունից Սև ծովի տարածաշրջանի նշանակությունն աճում է, այն հակամարտությունների կառավարման միկրոաշխարհ է. եթե այստեղ հնարավոր լինի պահպանել խաղաղությունն ու կայունությունը, ապա նույնը հնարավոր կլինի ապահովել մեկ այլ վայրում: «Հետևաբար, մեր նպատակն է՝ ապահովել խաղաղություն և կայունություն ամբողջ տարածաշրջանում: Հարավային Կովկասում մենք առաջարկում ենք խաղաղ հարևանության նախաձեռնություն՝ մեր տարածաշրջանում կայունություն ապահովելու համար»,- ասել էր Ի․ Գարիբաշվիլին՝ հավելելով, որ այդ ձևաչափը կօգնի երկխոսության ձևավորմանը և կլինի իրենց ամերիկացի և եվրոպացի գործընկերների հետ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրների գործնական լուծում: ՄԱԿ ԳԱ-ում նախաձեռնությունը ներկայացնելուց հետո Գարիբաշվիլին այցեր կատարեց Երևան և Բաքու, քննարկեց Խաղաղության նախաձեռնությունը Փաշինյանի և Ալիևի հետ: Այս ֆոնին կարևոր է հիշեցնել, թե վերջերս ինչ բացահայտեց Թայիբ Էրդողանը: Նա նշել էր, թե Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով իր հետ հանդիպելու առաջարկ է արել, ում Փաշինյանը հանդիպել էր սեպտեմբերի սկզբին, երբ պաշտոնական այցով մեկնել էր Վրաստան։ Այսինքն՝ վրացական հարթակին որոշակի կարևորություն Երևանը տալիս է և պատրաստ է Վրաստանի միջնորդությամբ գոնե հայ-թուրքական գործընթացի: Ի դեպ, նոյեմբերի 2-ին այցով Հայաստանում էր Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն, իսկ նոյեմբերի 5-ին՝ Վրաստանի ՍԴ նախագահ Մերաբ Տուրավան և նրա գլխավորած պատվիրակությունը:

Վրացի վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին «168 Ժամ»-ի հետ զրույցում ասաց, որ հայկական կողմն ամենայն հավանականությամբ նկատի ունի այն առաջարկը, որը Վրաստանի իշխանությունն է անում Հայաստանին ու Ադրբեջանին: Ըստ նրա, մեզ հայտնի այլ հարթակներ չկան ռեգիոնում:

«Ակտիվորեն առաջ է մղվում 6-ի հարթակի գաղափարը, որի վերաբերյալ Վրաստանը բազմիցս արտահայտվել է, և քիչ հավանական է, որ սրան Վրաստանը երբևէ համաձայնի: Կա խնդիր՝ Վրաստանին ներքաշել ազդեցության այդ գոտի, որում ԱՄՆ, ԵՄ ազդեցությունը չի լինելու կամ քիչ է լինելու, հասկանալի է նաև այն հանգամանքը, թե ինչու է Թուրքիան այն առաջ մղում, իսկ Ռուսաստանը՝ պահպանում որոշակի չեզոքություն: Սակայն կարծում եմ՝ հենց այս փուլում վերադասավորումն ընթանում է, և եթե Մոսկվան իսկապես հետաքրքրված լիներ, որ օր առաջ ներդրվի այդ նոր մեխանիզմը՝ թեկուզ առանց Թբիլիսիի, այն արդեն կգործեր: Կա հրապարակային գործընթաց, բայց ամեն ինչ չէ, որ հրապարակային է ու հասկանալի:

Էական կարևորություն ունի Մոսկվայի դիրքորոշումը, որը հապաղում է, սպասում որոշակի գործընթացների: Այդ գործընթացում Վրաստանն ունի իր օրակարգը հարևանների հետ, որն իրականացնում է իր գործընկերների համաձայնությամբ: Իրանի դիրքորոշումն ավելի պարզ է, սակայն ավելի ուշագրավ է Մոսկվայի, Երևանի դիրքորոշումը, և կարծում եմ՝ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ նախնական պլանը հենց 6-ի պլատֆորմն էր, ու եթե այն չի իրականանում այդ տեսքով, հնարավոր մասնակիցները սկսում են մտածել: Սակայն ասել, որ այն տապալվելու է, չեմ կարող, նույնը չեմ կարող ասել նաև Վրաստանի նախաձեռնության մասին, քանի որ բոլորը նոր աշխարհում վերադիրքավորման փուլում են, և դա կարող է երկարաձգվել»,- ասաց նա:

Մեզ հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Ալեքսանդր Ռարն ասաց, որ բարդ է պատկերացնել, թե ինչ է իրենից ներկայացնելու տարածաշրջանային համագործակցությունը Թուրքիայի գլխավորությամբ, ինչ հարցեր են քննարկվելու, ինչ ձևաչափով, բարդ է պատկերացնել նաև այն, ինչ Վրաստանն է առաջարկում, ու այն, ինչ Վրաստանը կարող է անել:

Ըստ նրա, Վրաստանը, մերժելով գլխավոր ծրագիրը, փորձում է համագործակցությունը խորացնելով՝ տարածաշրջանում պահպանել արևմտյան ներկայությունը, 6-ի հարթակը դիտարկելով ռուս-թուրքական պրոյեկտ:

«Բայց Վրաստանը կոնկրետ ի՞նչ է առաջարկում, ինչպե՞ս պետք է հասնել խաղաղության: Այս ամենում ԵԱՀԿ Մինսկի խումբն ի՞նչ դեր է ունենալու, եթե այսօր չի գործում: Որքան էլ Իրանը համաձայնել է մասնակցել, Իրանը ևս փոփոխությունների փուլում է, վերսկսվում են միջուկային բանակցությունները, դրանց ելքը կարևոր է՝ ինչպես Իրանի, այնպես էլ՝ Մերձավոր Արևելքի, Հարավային Կովկասի ու հավաքական Արևմուտքի համար: Կարծում եմ՝ Իրանի դիրքորոշումը ևս կարող է փոփոխական լինել՝ պայմանավորված աշխարհաքաղաքական զարգացումներով: Իրականում հարցերն ավելի շատ են, քան պատասխանները: Հայտնի չէ, թե որ հարթակը կգործի, ինչ հարցեր կքննարկվեն, և արդյո՞ք այդ դեպքում Մինսկի խումբը լիովին լուսանցքում կմնա, քանի որ խաղաղության նախաձեռնություն ձևակերպումը թույլ է տալիս ենթադրել, որ խաղաղություն է նախապատրաստվելու, իսկ դա նշանակում է, որ կարգավորման հարց է քննարկվելու, իսկ դրանով, նախատեսվում է, որ պետք է զբաղվի Մինսկի խումբը»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս