Կոլեկտիվ անպատասխանատվության անհատական զոհերը
Վերջին մեկ ամսվա ընթացքում կորոնավիրուսի համավարակը մոլեգնում է Հայաստանում, ամեն օր արձանագրվում է վարակման 1500-2000 դեպք, միջին հաշվով օրական մահանում է թվով 50 մարդ, 1 միլիոն մարդու հաշվով՝ մահերի թվով Հայաստանը գտնվում է աշխարհի երկրների առաջատարների մեջ։ Միևնույն ժամանակ Հայաստանն աշխարհում զբաղեցնում է վերջին հորիզոնականները պատվաստված բնակչության տոկոսով՝ 12 տոկոս։ Այս իրավիճակի առաջին պատասխանատուն, իհարկե, իշխանությունն է, որը գործնականում տապալել է համավարակի դեմ պայքարը՝ ինչ-որ հարցերում անգործության, այլ հարցերում՝ ոչ հիմնավոր քայլերի, պատվաստման խելամիտ քարոզչության բացակայության և բազմաթիվ այլ ուղղություններով։
Բայց եթե իշխանությունը մեղավոր է համավարակի կառավարման գլոբալ հարթությունում, ապա քաղաքացիներն ուղղակի մեղավորություն ունեն արդեն անհատական մակարդակում։ Յուրաքանչյուր մարդ, իհարկե, ինքն է տնօրինում իր կյանքը և ազատ է ընտրություն կատարելու՝ պատվաստվել և նվազեցնե՞լ սեփական կյանքին սպառնացող ռիսկը, թե՞ ապրել մահվան ամենօրյա սպառնալիքով։
Եթե սեփական կյանքի նկատմամբ անպատասխանատվությունը պայմանականորեն կարելի է դասել մարդու հիմնարար իրավունքների շարքին, ապա շրջապատի, մերձավորների, ծանոթների ու անծանոթների նկատմամբ նրա այդ վարքագիծը վկայում է ընդհուպ հանցավոր անպատասխանատվության մասին, քանի որ չպատվաստվելով՝ մարդը վտանգում է ոչ միայն իր, այլ նաև այլոց կյանքը։
Իրականում իշխանությունների մեղքը համավարակի կառավարումից ու պատվաստման տապալումից բազմապատիկ ավելի է հենց այս՝ հասարակության տոտալ անպատասխանատվության հարթությունում։ Իշխանությունը՝ ամենաստորինից մինչև ամենաբարձրաստիճան պաշտոնյա, գործում է կատարյալ անպատասխանատվության մթնոլորտում։ Վաղուց արդեն սովորական երևույթ է դարձել, որ երկրի ղեկավարը կարող է հաջորդ իսկ օրը հակասել նախորդ օրն արած սեփական հայտարարությանը կամ հրապարակավ ասել մի բան, գործնականում անել ճիշտ հակառակը։ Եվ ցանկացած խնդրի ձախողում կամ տապալում բարդում է ուրիշների վրա:
Ընդհանուր առմամբ Հայաստանը երեք տարի շարունակ կառավարվում է համատարած անպատասխանատվության պայմաններում։ Հասարակությունն ամեն օր տեսնում է այդ անպատասխանատվությունը, ապրում է անպատասխանատվության մեջ և սեփական վարքագիծը կառուցում դրա հանգույն։ Քաղաքացին տեսնում է, որ պատերազմում 4000 զոհերի համար որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում, և համարում է, որ այդ դեպքում իր կողմից հարևանին կամ անծանոթին վարակելը ոչինչ է։
Հայաստանում պատվաստումների գերցածր մակարդակը զգալիորեն պայմանավորված է նաև այս գործոնով՝ հասարակության տոտալ անպատասխանատվությամբ։ Մենք ապրում ենք իշխանությունների անհատական և հասարակության կոլեկտիվ անպատասխանատվության պայմաններում, որտեղ որևէ մեկը հաշվետու չէ ոչ կյանքի, ոչ էլ, առավել ևս, մահվան համար։ Մարդկային կյանքի նկատմամբ անպատասխանատու հասարակությունն ու իշխանությունը չի կարող պատասխանատու լինել պետության համար, որի դանդաղ մահը սողալով արձանագրվում է ամեն օր՝ մոտավորապես կորոնավիրուսից մահացող քաղաքացիների մահվան տեմպերով։
Հարություն Ավետիսյան