2022 թվականի բյուջեով ԱԳՆ-ին նախորդ տարվա համեմատ` 412 մլն-ով ավելի դրամ է հատկացվել
2022 թվականի պետական բյուջեի նախագծով ՀՀ արտաքին գործերի նախարարությանը կհատկացվի 18 մլրդ 653 մլն դրամ։ 2021 թվականին հաստատված բյուջեի համեմատությամբ՝ այս տարի հատկացվող գումարը 412 մլն դրամով ավելին է։ Խորհրդարանում ասաց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, նախագիծը ներկայացնելիս:
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն էլ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ Նիկոլ Փաշինյանի ձևակերպած և տված ուղենիշների համաձայն՝ ՀՀ արտգործնախարարության աշխատանքներն ուղղված են երկրի արտաքին անվտանգության ամրապնդմանը, պետության զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային ասպարեզում ՀՀ դիրքորոշման ներկայացմանը, ԼՂՀ կարգավորմանը և այլն։
«Նախորդ տարի աշնանը Արցախի և նրա բնակչության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով, ինչպես նաև ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումներով պայմանավորված՝ ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից է մնում Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը, ԼՂՀ խաղաղ կարգավորումը, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության հաստատումը և ապաշրջափակումը։ Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը բազմիցս արտահայտվել է, այն է՝ միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո է հնարավոր հասնել ԼՂՀ հարցի խաղաղ ու համապարփակ կարգավորմանը՝ հիմնված հայտնի սկզբունքների ու տարրերի վրա»,- շեշտեց նախարարի տեղակալը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում