Ո՞վ է կանխել Խաչատուր Սուքիասյանի եղբոր ձերբակալության հետ կապված սկանդալը, ի՞նչ փաստաթուղթ է անհետացել

Այս տարվա հուլիսի 18-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, կրակոցներ էին հնչել Երևանի Ամիրյան փողոցում։ Հրազենային վիրավորում էր ստացել ԱՄՆ քաղաքացի։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ կրակողը Խաչատուր Սուքիասյանի եղբայր Ռոբերտ Սուքիասյանն էր։

Եվ թեպետ իր նախնական հաղորդագրության մեջ ՀՀ Քննչական կոմիտեն դեռ «չէր պարզել» կրակողի անձը, այնուամենայնիվ, աղմուկն այնպիսին էր, որ որոշ ժամանակ անց ստիպված եղավ հայտարարել, որ հրազեն կիրառողը Ազգայի ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» ցուցակով պատգամավոր դարձած, խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է՝ Ռոբերտ Սուքիասյանը:

Այնուամենայնիվ, հաջորդ օրը Ռոբերտ Սուքիասյանը ձերբակալվեց , ապա կալանավորվեց:

Այդ օրը Քննչական կոմիտեն կրկին հաղորդագրություն տարածեց, այս անգամ՝ այլ բովանդակությամբ:

ՀՀ քննչական կոմիտեն նախ տեղեկացրել էր, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 2021թ. հուլիսի 18-ին Երևանի Ամիրյան փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևանի բնակիչ Ռոբերտ Սուքիասյանն է:

«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ռոբերտ Սուքիասյանը, երթևեկության ընթացքում իր ծանոթի կնոջը Նարեկ Կարապետյանի կողմից ձայնային ազդանշան տալու և վիրավորանքներ հասցնելու շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով, 2021թ. հուլիսի 18-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Ամիրյան փողոցում վերոնշյալ ծանոթի և մի խումբ անձանց հետ վիճաբանել է Ն.Կարապետյանի և նրա ընկերոջ հետ, որի ընթացքում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ նշված անձինք հայհոյանքներ են հնչեցրել և փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց:

Այդ ընթացքում Ռոբերտ Սուքիասյանն, իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, նախ` գլխով, ապա՝ բռունցքով, հարվածել է Ն.Կարապետյանի դեմքին, որից հետո հանել ու ցուցադրաբար լիցքավորել է օրինական հիմունքներով իրեն պատկանող «BROWNING» տեսակի 9×17 տրամաչափի մարտական ատրճանակը, ապա՝ շարունակելով խուլիգանական գործողությունները՝ նշված ատրճանակից 2 կրակոց է արձակել վերջինիս ոտքերի ուղղությամբ՝ գետնին՝ շրջապատում գտնվող անձանց մոտ առաջացնելով վախի մթնոլորտ:

Այնուհետև Ռոբերտ Սուքիասյանը նույն ատրճանակով կրակոց է արձակել նաև Նարեկ Կարապետյանի ընկերոջ ուղղությամբ՝ պատճառելով աջ սրունքոսկրի հրազենային վնասվածք և հեռացել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ռոբերտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ Նարեկ Կարապետյանին ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը: Նախաքննությունը շարունակվում է»,-  ասված էր ՔԿ հաղորդագրության մեջ:

168.amին, սակայն, ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Ռոբերտ Սուքիասյանի ձերբակալության ոդիսականից:

Մինչ այս պատմության մանրամասներին անդրադառնալը՝ հիշեցնենք, որ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ Անրի Վարդանյանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի փեսան է, իսկ ինքը՝ Ջհանգիրյանը՝ Խաչատուր Սուքիասյանի խնամին:

Մեզ փոխանցեցին, որ Ռոբերտ Սուքիասյանի ձերբակալության պատմությունը սպառնում էր դառնալ այդ շրջանի սկանդալը, և միայն Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանի սկզբունքային դիրքորոշման արդյունքում է հաջողվել խուսափել դրանից:

Այն բանից հետո, երբ առկա փաստերի առկայության պարագայում դատախազության  ճնշման արդյունքում քննիչը որոշում է կայացնում ձերբակալել Ռոբերտ Սուքիասյանին, ՀՀ ՔԿ Կենտրոնի բաժնից գործի նյութերը փոխանցվում են ՀՀ ոստիկանություն, որպեսզի վերջինս ի կատար ածի ձերբակալման որոշումը, ինչի մասին հիշատակում կա նաև վերը բերված ՔԿ հաղորդագրության մեջ:

Այստեղ արդեն տեղի է ունենում ամենահետաքրքիրը: Ռոբերտ Սուքիասյանի գործը քննող քննիչը, մեր տեղեկություններով, գնում է ոստիկանության կենտրոնի բաժին՝ ասելով, որ ցանկանում է վերցնել որոշումը, որպեսզի ինչ-որ ուղղում կատարի, և երբ նրան են փոխանցում փաստաթուղթը, վերջինս անհետանում է:

Հաջորդիվ սկսվում են երկար ու բարակ բանակցություններ՝ ձերբակալման որոշումը վերադարձնելու հարցով, սակայն նախաքննական մարմինը հրաժարվում է ոստիկանությանը վերադարձնել այդ փաստաթուղթը, ավելին՝ ասում են, որ չկա նման որոշում և վերջ:

Խնդիրը հասնում է դատախազության վերին օղակներին, և Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը հարցը կտրուկ է դնում՝ կա՛մ փաստաթուղթը կվերադարձնեն, կա՛մ քննիչի այդ արարքն ու դրան հետևած գործողությունները կունենան քրեաիրավական հետևանքներ:

Սրանից հետո միայն ձերբակալման որոշումը վերադարձվում է ոստիկանությանը, և Ռոբերտ Սուքիասյանը ձերբակալվում է:

Տեսանյութեր

Լրահոս