Բառադավիրուս. Հայաստանի երկրորդ համավարակը

Պետությունն ունի հարկադրանքի իրավունք, ինչը պետություններին ներհատուկ բնորոշիչներից մեկն է։ Հարկադրանքը, որն իր մեջ բնականորեն ճնշման, ուժի հատկանիշներ է պարունակում, կարող է արդարացված լինել միայն այն պարագայում, երբ դրա արդյունքում ստացվելիք բարիքն իր նշանակությամբ գերակշռում է այն բացասականին, որն առաջանում է ինքնին հարկադրանքի ընթացքում։ Խոսքը վերաբերում է հատկապես ու առավել ևս ժողովրդավարական պետություններին ու հասարակություններին, քանի որ ցանկացած հարկադրանք այս կամ այն չափով սահմանափակում է մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները։

Այս հարցում սահմանագծերը շատ նուրբ են, և օբյեկտիվորեն ոչ միշտ է հնարավոր լինում ապահովել հանրային բարիք՝ առանց նույն հանրության անդամների որոշակի իրավունքների սահմանափակման։ Դա վերաբերում է հատկապես ֆորսմաժորային իրավիճակներին, որոնց այսօր բախվել է ողջ աշխարհը՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով, ինչը պետությունների մեծ մասին ստիպում է շատ ավելի մեծ չափով դիմել հարկադրանքի՝ սովորական պայմաններում ոչ ցանկալի միջոցներին՝ համընդհանուր բարիքի՝ հանրության առողջության ապահովման նպատակով։

Հարկադրանքի միջոցները, սակայն, նաև պետությունների ու դրանց իշխանությունների որակի ցուցիչներ են։ Կախված նրանից, թե որքանով է խելամիտ ու հիմնավորված հարկադրանքի այս կամ այն միջոցը, կարելի է գնահատել նաև այն կիրառող պետության, տվյալ դեպքում՝ իշխանության ողջախոհությունը կամ դրա բացակայությունը, կոմպետենտությունը կամ բառադիությունը, վերջին հաշվով՝ մեղսունակությունը։

Ահա այս հարթությունում Հայաստանի իշխանության գործողությունները դիտարկելիս ակնհայտ է դառնում, որ գործ ունենք, մեղմ ասած, ոչ խելամիտ, ոչ կոմպետենտ, իսկ իրերն իրենց անուններով կոչելու դեպքում՝ ոչ մեղսունակ իշխանության հետ։ Դրա վերջին ամենացայտուն արտահայտությունը բաց տարածքներում դիմակներ կրելու պարտադրանքն է, որը գործում է նոյեմբերի 1-ից։

Միջոց, որ չունի գիտական որևէ հիմնավորում, ու չի ապացուցվել դրա կիրառման գործնական արդյունավետությունը որևէ երկրում, բայց որը մի կողմից՝ պահանջում է հսկայական ծախսեր՝ ի դեմս քաղաքացիներին ստուգող ու տուգանող իրավապահների, տեսչական մարմինների ներկայացուցիչների աշխատանքի, մյուս կողմից՝ ավելացնում  առանց այդ էլ գերլարված հասարակության լարվածությունը։

Այսպիսով «ժողովրդավարության բաստիոն» հռչակված Հայաստանում իշխանությունն առանց որևէ լուրջ հիմնավորման խախտում է մարդու հիմնարար ազատություններն ու իրավունքները, ոտնահարում է ժողովրդավարությունը՝ ըստ էության ՈՉՆՉԻ համար։ Բացի քաղաքացիների անհանգստությունից, դրա արդյունքում զգալիորեն խաթարվում է պետության, պետական ինստիտուտների՝ առանց այդ էլ խարխլված հեղինակությունը, մարդիկ ուղղակի սկսում են լուրջ չվերաբերվել պետությանը, որն անլուրջ հիմնավորումներով, իսկ իրականում՝ դրանց բացակայությամբ, դիմում է հարկադրանքի ծայրահեղ միջոցի։

Իսկ երբ նույն այդ քաղաքացիները հիշում են, որ ընդամենը մեկ տարի առաջ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում, իշխանությունը չդիմեց բոլոր առումներով արդարացված ու հիմնավորված հարկադրանքի միջոցին ու համընդհանուր զորահավաք չհայտարարեց՝ երկրի ղեկավարի միջոցով կամավորագրվելու լիրիկական կոչեր անելով, արձանագրում են, որ պետություն, որպես այդպիսին, գոյություն չունի։

Հայաստանը ղեկավարում են մարդիկ, որոնք առաջնորդվում են ամենայնով, բացի խելքից ու մտքից, ցույց են տալիս ուժ, երբ դրա կարիքն ընդհանրապես չկա, և զբաղվում են զազրախոսությամբ՝ այն ժամանակ, երբ անհրաժեշտ է կիրառել պետության հարկադրանքի միջոցը։

Կորոնավիրուսի համավարակը մի օր ավարտվելու է, բայց Հայաստանը շարունակելու է ապրել միայն մեր երկրում դրսևորվող անմեղսունակության համավարակով այնքան ժամանակ, քանի դեռ հասարակությունն այդ ախտանիշով արդեն երեք տարի գործող իշխանության նկատմամբ չի կիրառել հարկադրանքի իր միջոցը։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս