Անարդյունավետ բուժում, հաճախ՝ նաև ծայրահեղ ծանր հիվանդներ. Բժիշկները՝ փսորիազի բուժման համար տարբեր կենտրոնների «բուժումների» և անդառնալի հետևանքների մասին
Հիվանդների միջազգային ասոցիատիվ դաշինքի նախաձեռնությամբ ամեն տարի հոկտեմբերի 29-ին Փսորիազի համաշխարհային օրն է նշվում: Միջոցառման նպատակը փսորիազի մասին տեղեկացվածության խթանումն ու հիվանդությամբ ախտորոշված մարդկանց աջակցության ցուցաբերումն է:
Փսորիազն աշխարհում ամենալայն տարածում գտած մաշկային հիվանդություններից մեկն է:
Մաշկաբանության ազգային կենտրոնի ամբուլատոր պոլիկլինիկական բաժանմունքի վարիչ Սևակ Մկրտչյանի փոխանցմամբ՝ իրազեկման ակցիայի շրջանակներում պլանավորում են Մաշկաբանության ազգային կենտրոնում անվճար կոնսուլտացիաներ, նպատակն է՝ մարդկանց էլ ավելի իրազեկել փսորիազ հիվանդության մասին, քանի որ տեղեկատվությունը բավականին թերի է: Պլանավորված անվճար ընդունելությունը կտևի մեկ շաբաթ:
ՀՀ առողջապահության նախարարության մաշկավեներաբանության գծով խորհրդատու, ՀՀ ԱՆ մաշկաբանության ազգային կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով էլ՝ այս օրը նշվում է՝ սկսած 1970-ական թվականներից, և այս տարի ընտրվել է՝ «եկեք լինենք տեղեկացված» կարգախոսը:
«Թերի իրազեկման հետևանքով առաջանում են կեղծ բժշկական մոտեցումներ, որոնք երբեմն անարդյունավետ են, բայց հաճախ վնասակար են հիվանդների համար: Եկեք ցանկացածին հարցնենք՝ փսորիազն ի՞նչ է, առաջինը սարսափ կառաջացնի, սակայն հավատացնում եմ, որ հիվանդների 95 տոկոսը, եթե ոչ՝ 98, շատ թեթև, առանց մշտական գանգատների սրացումներ են ունենում պարբերաբար, բայց միևնույն ժամանակ՝ ծանր հոգեբանական աուրայով են շրջապատված, որոնց պետք է օգնել: Եկեք ուշադիր նայենք, թե ինչ է կատարվում փսորիազի բուժման հետ կապված: Բազմաթիվ կենտրոններ հավատացնում են, որ իրենք վերջնական կբուժեն փսորիազը մեկ ամսվա կամ մի քանի օրվա ընթացքում: Այդ ամենն անպայման ուղեկցվում է շատ հետաքրքիր նկարներով, կա ախտահարված մաշկ, կողքն էլ՝ չգիտես՝ նույն մա՞րդն է, թե՞ ոչ, արդեն առողջ մաշկով: Ու բուժառուները, բժշկից լսելով անբուժելի հիվանդության մասին, վազում են դեպի այդ կենտրոններ:
Արդյունքում ի՞նչ է ստացվում՝ մեծ գումարների ծախս, որովհետև այդ կենտրոնների ծառայությունները բավականին թանկարժեք են, ու անարդյունավետ բուժում, հաճախ՝ նաև ծայրահեղ ծանր հիվանդներ, որոնք գալիս են մեր կենտրոն: Մեծ մասին կարողանում ենք հանել այդ վիճակից, բայց, դժբախտաբար, ունենում ենք դեպքեր, երբ սխալ բուժումն այնպիսի հետևանքներ է ունենում, որ շտկել չի ստացվում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱՆ մաշկաբանության ազգային կենտրոնի բուժական գծով փոխտնօրենը՝ շեշտելով, որ չինական, տիբեթյան, տարբեր սարերից «հավաքած» խոտաբույսերը, անհասկանալի ծագման բաները նույնպես օգտագործվում են բուժման համար, ու կրկին՝ անարդյունք:
Մաշկաբանության ազգային կենտրոնի ամբուլատոր պոլիկլինիկական բաժանմունքի վարիչն էլ հավելեց, որ կա երիտասարդացման դինամիկա:
«Նույնիսկ վերջին տարիներին հաճախ սկսել ենք նկատել երեխաների մոտ: Չեմ կարող ասել, թե ինչով է պայմանավորված, միգուցե դիմելիությունն է մեծացել, և ավելի շատ ենք հայտնաբերում: Շատ ունենք փոքր երեխաներ, ովքեր տառապում են այդ հիվանդությամբ: Նախկինում ավելի հազվադեպ էր հանդիպում»,- նշեց Սևակ Մկրտչյանը:
Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծեց՝ ապրում ենք մշտական սթրեսային պայմաններում, և բնական է, այն հիվանդությունները, որոնք սրվում են սթրեսի հետևանքով, պարզ է, որ ավելի հաճախ պետք է հանդիպեն: Տարեցտարի նման դեպքերն ավելանում են:
«Մենք ունենք փսորիազի առաջացման դեպքեր՝ 44-օրյա պատերազմից հետո, ինչպես նաև բուժառուներ, որոնց մոտ սրվել է այդ հիվանդությունը: Գործ ունենք անբուժելի հիվանդության հետ»,- նշեց ՀՀ ԱՆ մաշկաբանության ազգային կենտրոնի բուժական գծով փոխտնօրենը:
Բժիշկներն ընդգծեցին՝ փսորիազի զարգացման մեջ դեր ունի ժառանգական նախատրամադրվածությունը, բայց առաջացման հստակ պատճառ չեն կարող նշել, ու դժվար է ասել, թե ինչն է զարգացման պատճառ հանդիսանում: Այն վարակիչ հիվանդություն չէ, շփման արդյունքում չի կարող փոխանցվել:
Հիվանդության առաջացման պատճառ կարող է լինել և՛ սննդակարգը, և՛ ապրելակերպը, և՛ հոգեկան վիճակը:
Հիվանդության վրա բացասաբար ազդում է ծխախոտը: Փսորիազի սրման վրա, ապացուցված է, ազդում է նաև ավելորդ քաշը:
Իսկ ախտանշանները տարբեր կարող են լինել, բայց հիմնականում թեփոտվող մակերեսով հանգույցներ են առաջանում՝ սկսած գլխի մազածածկ հատվածից, վերջացած վերջույթներով:
Բուժման դեպքում լավ արդյունք լինում է ֆոտոթերապիայով:
Ինչ վերաբերում է փսորիազի վրա կորոնավիրուսի ազդեցությանը՝ Հովհաննես Հովհաննիսյանը նկատեց. «Վիճակագրությունը հետաքրքիր մի բան ցույց տվեց. կորոնավիրուսը անգամ թեթև ընթացքի ժամանակ ազդում է փսորիազի ընթացքի վրա: Լինում է և կովիդի, և փսորիազի ծանր ընթացք, և այս երկու հիվանդությունները միասին բուժել պրակտիկորեն դառնում է անհնար, ունենում ենք ոչ ցանկալի ելքեր: Մի քանի դեպք ենք ունեցել, որ կորոնավիրուսի բուժման ժամանակ փսորիազը հետ է զարգացել, քանի որ օգտագործվել է «Դեքսամետազոն»՝ հորմոնալ դեղամիջոց, սակայն դա ունենում է բացասական ընթացք, երբ հրաժարվում ենք այդ «Դեքսամետազոնից», քանի որ անվերջ հնարավոր չէ ստանալ»:
Բանախոսները հավելեցին՝ հիվանդության սրացման շրջանից դուրս գալուց հետո ցանկալի են պատվաստումները: