
1920-ական թվականների քարտեզները չեն տալիս ո՛չ ռուսները, ո՛չ վրացիները. ՀՀ իշխանություններն անընդհատ դիմել են՝ մերժել են. Քարտեզագիր

ՀՀ կառավարության օրակարգում այս պահին կան տարբեր հարցեր, որոնցից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է, իսկ մյուսը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան է,-այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա համաձայնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից օրերս արած հայտարարությանն այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանային հարցը պետք է կարգավորվի խորհրդային շրջանի քարտեզներով՝ նշելով, որ քարտեզները, եթե ոչ՝ 100, ապա՝ 99 տոկոսով համընկնում են 2010 թվականին ընդունված Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին օրենքով նկարագրված Հայաստանի Հանրապետության տարածքին:
«Վարչատարածքային բաժանման մասին օրենքը ցույց է տալիս Հայաստանի Հանրապետության տարածքը: Սահմանը՝ որպես դե յուրե կատեգորիա, սահմանվում է ուրիշ օրենքով:
Դելիմիտացիայի համար պետք է օգտագործվի Խորհրդային Միության քարտեզը: Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տարբեր թվականների քարտեզներն իրար վերատպումներն են, մենք պետք է խորանանք այդ քարտեզներով ու հասկանանք՝ որն ունի իրավական հիմք: Այդ քարտեզներում կան տարածքային որոշակի տարբերություններ»,- նշել է Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրերս Վալդայ ակումբում հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը կարող են լուծել սահմանի հարցը խորհրդային շրջանի քարտեզների հիման վրա: «Այս պահին կարևորը հայ-ադրբեջանական սահմանը հստակ որոշելն է, որի համար, բացի երկու կողմերից և Ռուսաստանից, ոչ ոք պետք չէ։ Ինչո՞ւ, որովհետև քարտեզները ՌԴ բանակի Գլխավոր շտաբում են, որոնք ցույց են տալիս, թե խորհրդային տարիներին ինչպես էր անցնում սահմանը երկու երկրների միջև»,- նշել էր նա։
Քարտեզագիր Շահեն Շահինյանի կարծիքով՝ ամենայն հավանականությամբ խոսքը 1970-ական թվականների քարտեզների մասին է:
«ՌԴ նախագահի ելույթից հետո ժողովրդի մեջ ինչ-որ սին հույսեր կան, որ նա խոսում է 1920-ական թվականների քարտեզների մասին, սակայն նա ոչ մի թվականի քարտեզի մասին չի խոսել: Քանի որ շեշտել է, որ փոխանակումների կարիք է լինելու (անկլավներ, ճանապարհներ), ամենայն հավանականությամբ, խոսքը 1970-ական թվականների քարտեզների մասին է: Կան բազմաթիվ հետազոտություններ՝ և՛ մեր կողմից արված, և՛ այլ հետազոտողների, որ մեզ առավել ձեռնտու է 1920-ական թվականների, անգամ՝ մինչև 1932թթ. քարտեզները, որտեղ Հայաստանի մակերեսը հասնում է ընդհուպ 31․000 քմ-ի: Սովետական հանրագիտարանի առաջին խմբագրության մեջ 30.000 քմ-ն անցնում է ՀՀ տարածքը»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Շահեն Շահինյանը:
Ինչ վերաբերում է նրան, որ մենք պետք է ուսումնասիրենք այդ քարտեզները ու հասկանանք՝ որն ունի իրավական հիմք, քարտեզագիրը նշեց, որ իրավական հիմք ասելով՝ նկատի ունենք այն քարտեզը, որի տակ առկա է ՀՀ լիազոր անձի ստորագրություն և լիազոր մարմնի հաստատում:
«ԽՍՀՄ տարիներին այն քարտեզները, որոնք պաշտոնական հաստատում պետք է ստանային՝ ԽՍՀՄ ղեկավարությունը հաստատել և կնքել է: 1926 թ. քարտեզների վրա, որոնք ես տեսել եմ, եղել են այն ժամանակվա ՀՀ ղեկավարության ստորագրություններն ու կնիքները: Իսկ եթե խոսքը գնա 1970-ական թթ. քարտեզների մասին, անձամբ կնքած չեմ տեսել, բայց հավանական եմ համարում, որ ռուսական արխիվներում կլինեն նմանատիպ օրինակներ: Ո՛չ 1970-ականների, ո՛չ 1920-ականների քարտեզները չկան մեզ մոտ: 1920-ական թվականների քարտեզները չեն տալիս ո՛չ ռուսները, ո՛չ վրացիները: Սկսած Քոչարյանի ղեկավարման ժամանակահատվածից՝ մինչև այս տարի, անընդհատ իշխանությունները դիմել են՝ մերժել են»,- մանրամասնեց Շահեն Շահինյանը:
Հարցին՝ ստեղծված իրավիճակում որքանո՞վ է հավանական, որ Հայաստանին ձեռնտու քարտեզը կիրառեն, քարտեզագիրը նկատեց. «Այնպես չէ, որ Ադրբեջանը ծափահարելով՝ համաձայնելու է այն քարտեզին, որը մեզ է ձեռնտու: Նրանք այնպես են անելու, որ իրենց համար շահեկան լինի, իսկ թե ինչքանո՞վ ճնշում կգործադրվի նրանց վրա, որ գնան փոխզիջումների, դա այլ հարց է»:
Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման գործընթացին: Այս մասին հոկտեմբերի 28-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա նաև նշել է, որ Խորհրդային Միության տարիների առաջին դեմարկացիայի գործընթացը 1920-ականներին է սկսվել՝ 1926-27 թթ․, որն ավարտվել է 1929-ին, իսկ հետագայում ձևավորված քարտեզների հիմքը եղել է հենց այդ թվականների քարտեզը։ Իրավական հիմք ունեցող քարտեզը 1920-ականների քարտեզն է:
«Քարտեզները, որոնք պետք է դրվեն բանակցությունների հիմքում, քննարկվել են աշխատանքային խմբում»,- հավելել է Գրիգորյանը։