Սոցիալական իրավիճակը հաջորդ տարի կշարունակի լարվել․ այս բյուջեն սոցիալական որևէ խնդիր չի լուծում
Ազգային ժողովի հանձնաժողովներում սկսվեցին հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Անկախ նրանից, թե ինչ կասեն Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարության անդամները, այս բյուջեն սոցիալական խնդիր չի լուծում։
Սոցիալական լարվածությունը հաջորդ տարի մեր երկրում շարունակելու է խորանալ։ Բյուջեն այդ հարցին որևէ լուծում չի պատրաստվում տալ։
Սոցիալական խնդիրները կառավարությունը մղել է հետին պլան, չնայած այս ընթացքում հասցրել ենք բախվել բավական բարդ իրավիճակի հետ. մարդկանց եկամուտները գնաճին համարժեք չեն ավելանում, ինչը բերել է աղքատության խորացման։
Գնաճը շարունակվելու է նաև հաջորդ տարի, իսկ եկամուտների աճի մասին բյուջեում խոսք չկա։
Բացի մանր-մունր փոփոխություններից՝ կառավարությունը չի նախատեսում՝ ինչպես աշխատավարձերի բարձրացում, այնպես էլ՝ սոցիալական մյուս վճարների ավելացում։
Բազային աշխատավարձը Հայաստանում կշարունակի մնալ նույնը։ Ճիշտ է, վերջին տարիներին այդ բացը լրացրել են պարգևավճարներ բաժանելով, այնուհանդերձ, պետական համակարգի ոչ բոլոր աշխատողներին է դա հասու եղել։ Ի տարբերություն պետական կառավարման մարմինների բարձր օղակների, որտեղ ամեն ամիս պարգևավճարներ են բաժանում, պետական համակարգի ներքին օղակներում զբաղված բազմաթիվ քաղաքացիներ զրկված են դրանից։ Նրանք ստանում են չոր աշխատավարձ, որը շարունակելու է մնալ նույնը՝ նաև հաջորդ տարի, չնայած այս ընթացքում արձանագրված բարձր գնաճին, բազմաթիվ ապրանքների ու ծառայությունների թանկացմանը։
Կառավարությունը հաջորդ տարվա բյուջեով ոչինչ չի առաջարկում այս մարդկանց։
Խոսում են մանկավարժների աշխատավարձերը 30-50 տոկոսով բարձրացնելու մասին, բայց դա էլ կեղծիք է։ Այդ բարձրացումը կարող է վերաբերել նրանց շատ փոքր մասին։ Հազիվ 1-2, առավելագույնը՝ 3-4 հազարին։ Այն դեպքում, երբ կրթության համակարգում այսօր զբաղված են տասնյակ-հազարավոր մարդիկ։ Միայն պետական համակարգում նրանց թիվը հասնում է 100 հազարի։
Հաջորդ տարվա պետական բյուջեն կենսաթոշակների բարձրացում ևս չի նախատեսում։ Նվազագույն կենսաթոշակը կավելանա 2,1 հազար դրամով, բայց դա, անգամ մեծագույն ցանկության դեպքում, դժվար է կենսաթոշակների բարձրացում համարել։ Դեռ մի կողմ թողնենք այն, որ խոսքն ընդամենը 2,1 հազար դրամի մասին է։ Այդ բարձրացումը վերաբերելու է թոշակառուների ընդամենը 3 տոկոսին. 466 հազարից ընդամենը 17 հազարին։
Նրանց 97 տոկոսի կենսաթոշակը կառավարությունը մտադիր չէ բարձրացնել։ Չնայած փորձում են ամեն կերպ տպավորություն ստեղծել, թե սպասվում է կենսաթոշակների բարձրացում։
Սոցիալական մյուս հատվածներում ևս բյուջեն առաջարկելու մեծ բան չունի։ Մարդիկ ստիպված են լինելու համակերպվել նրա հետ, ինչ կա։ Ոչ մի նշանակություն չունի, որ գնաճն այսքան բարձր է և հաջորդ տարի ևս բարձր է լինելու։
Գնաճի կանխատեսումը 5 տոկոսից բարձր է, այլ բան, դա էլ կհաջողվի՞ ապահովել, թե՞ ոչ։
Այս տարի էլ տասներկուամսյա գնաճը պիտի լիներ 2,5-5,5 տոկոսի սահմաններում։ Բայց հասել է 9 տոկոսի։ Իսկ սննդամթերքի դեպքում, որն ավելի կարևոր է սոցիալական առումով՝ մոտեցել է նույնիսկ 16 տոկոսին։
Այսքանից հետո կառավարությունը ոչինչ կամ գրեթե ոչինչ չի առաջարկում հաջորդ տարվա համար։
Դա էլ քիչ է, տարբեր տեսակի հանրային ու պետական ծառայությունների թանկացման, հարկերի ավելացման միջոցով ծանրացնում են մարդկանց ֆինանսական բեռը։
Այս տարվանից գործողության մեջ է մտել գույքահարկի նոր օրենքը, որով, ինչպես հայտնի է, կտրուկ ավելանալու են սեփականատերերի գույքային պարտավորությունները։ Գրեթե ամբողջ անշարժ գույքը հայտնվել է գույքահարկով հարկման տակ։
Արդեն այս տարի մարդիկ կզգան դրա ազդեցությունը, որն աստիճանաբար կավելանա հաջորդ 2 տարիներին, երբ օրենքը սկսի գործել ամբողջ ծանրությամբ։
Բայց միայն գույքահարկը չէ։ Սպասվում է ֆինանսական բեռի ավելացում նաև այլ ոլորտներում և առաջին հերթին՝ հանրային ծառայություններում։
Այլևս փաստ է, որ հունվարի 1-ից կբարձրանան խմելու ջրի սակագները։ Ոչ ավել, ոչ պակաս՝ 11 տոկոսով։
Հարցականի տակ են գազի ու էլեկտրաէներգիայի սակագները։ Մեկը կախված է մյուսից։ Եթե թանկանա գազը, կբարձրանա նաև հոսանքի սակագինը։
Գազի դեպքում բանակցությունները դեռ շարունակվում են։ Դրանք վերածվել են անվերջ ձգվող պրոցեսի։
Էներգետիկ համակարգի որոշ օղակներում իշխանությունների ձախողումների հետևանքները թանկացումների տեսքով կախված են սպառողների գլխին։ Եթե չհաջողվի լուծումներ գտնել, ապա դրանք կհանգեցնեն գազի, հետևաբար՝ նաև էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման։
Այս ամենի ազդեցությունը մարդկանց, հատկապես սոցիալական անապահովների վրա կարելի է մեղմել միայն մի տարբերակով՝ եկամուտների ավելացմամբ։ Բայց ինչպես տեսնում ենք, կառավարության պատրաստ չէ դրան։
Բացի ձևական հայտարարություններից՝ ոչ մի էական առաջընթաց չի սպասվում հաջորդ տարվա բյուջեով սոցիալական հատվածում։ Պիտի շարունակենք ձգել գոտիները։
Բյուջետային ոսկե կանոնի խախտումը, որին բախվել ենք այս իշխանությունների կողմից հսկայական նոր պարտքեր ներգրավելու հետևանքով՝ ստիպում է սեղմել ընթացիկ, այդ թվում՝ սոցիալական ծախսերը։ Փոխարենը՝ այդ կանոնը պարտադրում է ավելացնել կապիտալ ծախսերը։
Այստեղ էլ բախվում ենք մեկ այլ իրողության հետ. կառավարության կարողությունները թույլ չեն տալիս նախատեսվող կապիտալ ծախսերը ժամանակին կատարել։
Վերջին տարիներին այս խնդիրը մշտապես ունեցել ենք։ Այս տարի էլ շարունակում ենք ունենալ։ Ծախսերի մի հսկայական հատված դարձյալ չի կատարվելու։ Ու այդքանից հետո կառավարությունը պարտադրված է հաջորդ տարվա համար ավելացնել կապիտալ ծախսերը, լավ իմանալով, որ կրկին բախվելու է թերակատարման խնդիրների հետ։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ