Բաժիններ՝

Ինչու է պետք անցնել կիբեռանվտանգությունից կիբեռիմունիտետ ճանապարհը. պարզաբանում է Արմեն Կարապետյանը

Թվային աշխարհում սպառնալիքներից պաշտպանության ոլորտն արդեն պետք է ապավինի ոչ թե կիբեռանվտանգության, այլ կիբեռիմունիտետի գաղափարին՝ արտադրական (գործառնական) համակարգերի հիմքում դնելով այնպիսի ենթակառուցվածք, որի սարքերը, ծրագրաշարը և ներքին ու արտաքին հաղորդակցության ուղիները պաշտպանված են լռելյայն, ի սկզբանե։ Այս մասին «Կասպերսկի. Բիզնեսը նոր դարաշրջանում» նախագծի շրջանակում նշեց Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի» ընկերության տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։

Նա պարզաբանեց, որ մինչ այժմ թվային սարքերը և տեղեկատվական համակարգերը նախագծվում էին հիմնականում արտադրողականության և ֆունկցիոնալության պահանջմունքը բավարարելու նպատակով, և եթե ֆիզիկական անվտանգությունը բավական մեծ չափով եղել է վերահսկողության առարկա, ապա կիբեռանվտանգությունը չի եղել ուշադրության կենտրոնում։ «Դա է պատճառը, որ մենք ամեն օր լուրեր ենք ստանում կիբեռխմբավորումների և չարագործների կողմից սարքերի և համակարգերի խոցելիությունների շահագործման հետևանքով խոշոր ձեռնարկությունների, կրիտիկական ենթակառուցվածքների, հիվանդանոցների և նույնիսկ քաղաքների նորմալ գործունեության դադարեցման մասին»,- ընդգծեց կիբեռանվտանգության փորձագետը։

Իսկ կիբեռիմունիտետի դեպքում, Արմեն Կարապետյանի խոսքով, կիբեռանվտանգությունը դրվում է սարքերի և տեղեկատվական համակարգերի ծրագրաշարերի, հատկապես, օպերացիոն համակարգերի նախագծման հիմքում` նվազագույնի հասցնելով խոցելիությունների առկայության հնարավորությունը։ ««Կասպերսկի» ընկերությունն մշակել է այդպիսի օպերացիոն համակարգ՝ KasperskyOS-ը, որն ի սկզբանե կառուցված է անվտանգ միկրոմիջուկային ճարտարապետությամբ, աշխատում է հասցեների պաշտպանված միջավայրում՝ «արգելվում է ամենը, ինչը թույլատրված չէ» սկզբունքով, և թույլ է տալիս նկարագրել բիզնես-տրամաբանությունն ամենայն մանրամասնությամբ»,- նկատեց նա։

Կիբեռհանցագործների և կիբեռանվտանգության մասնագետների պայքարում որոշիչ հանգամանք է գրոհի ինքնարժեքը, այսինքն՝ այն ամբողջ մարդկային, ֆինանսական և նյութական ռեսուրսների արժեքը, որ ներդրվում է գրոհի իրականացման մեջ։ Եվ եթե այն գերազանցում է ակնկալվող եկամուտը, ապա գրոհը չի իրականացվում։ Արմեն Կարապետյանի բնորոշմամբ՝ կիբեռիմունային համակարգերի կիրառող կազմակերպությունների վրա գրոհների ինքնարժեքն այնքան է մեծանում, որ անիմաստ է դարձնում դրանց իրականացումը։ Նա կարևորեց ևս մեկ հանգամանք. «Կիբեռիմունիտետով ծրագրային ապահովմամբ աշխատող տեղեկատվական համակարգերում գրեթե բացառվում է մարդկային գործոնի ազդեցությունը, որը կարող է թողնել անհուսալի գաղտնաբառ օգտագործած, ֆիշինգի, սոցիալական ինժեներիայի կամ խարդախների այլ հնարքի զոհ դարձած աշխատակցի կամ գործընկեր կազմակերպության սխալը»։

Կիբեռանվտանգության փորձագետն ընդգծեց, որ այդպիսի համակարգեր արտաքին միջամտությունը կանխվում է անվտանգության ենթահամակարգի միջոցով, որը թույլ է տալիս կարգավորել անվտանգության քաղաքականությունն ըստ կոնկրետ արտադրական խնդրի՝ լինի դա հաղորդակցության, ավտոմեքենայի կամ  միջուկային ռեակտորի կառավարումը։

Արմեն Կարապետյանը հայտնեց, որ կիբեռիմունիտետով օժտված ծրագրային ապահովումն արդեն օգտագործվում է բազմաթիվ սարքերում և կազմակերպություններում, և հավաստիացրեց, որ որքան արագանա և նոր ոլորտներ ընդգրկի դրանց կիրառումը, այդքան  կնվազի իրական կյանքում մարդկանց համար մեծ վտանգ ներկայացնող խոշոր կիբեռմիջադեպերի թիվը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031