Եթե չլիներ ռուսական կողմը՝ ամեն բան անելու էր, որ Արցախն ամբողջությամբ հանձնի. Տիգրան Վարդանյան

ՀՀԿ անդամներ Տիգրան Վարդանյանը և Հայկ Դերզյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին իշխանության կողմից վերջին մեկ տարվա ընթացքում թե պատերազմից առաջ, թե դրանից հետո տարվող քարոզչության մասին:

«Հոկտեմբերի սկզբին իշխանությունների կողմից դաշտ նետվեց դավաճանություն տերմինը, որն ուղղել էին նախկին իշխանությունների դեմ: Առավելապես խոսվում էր Արցախի մասին՝ բացասական ներկայացնելով մի շարք անձանց, ովքեր մեկնել էին պատերազմ: Ընթացքում մենք համոզվեցինք, որ դավաճանություն բառը պատահական չէր ու օրեր անց իշխանությունների կողմից այդ նետված բառը նոյեմբերի 10-ի բուն գործընթացների հետևանքով Նիկոլ Փաշինյանի կողմից բազմիցս շեշտվեց: Եթե հիշում եք, մեկին մեղադրել էր ժամանակին չհասնելու մեջ, մյուսին՝ Շուշիից հեռանալու մեջ: Մի շարք տարբեր մեղադրանքներ, մեկը մյուսին հակասող: Որպես այդպիսին՝ իշխանությունները պատերազմից օրեր անց արդեն նախապատրաստվում էին սպասվելիք պարտությունը ընդդիմության վրա բարդելուն»,- նման կարծիք հայտնեց ՀՀԿ անդամներից Հայկ Դերզյանը՝ հավելելով, որ հաջորդիվ ականատես են եղել, թե ինչպիսի քարոզչություն է ընթացել ընդդեմ արցախցիների, Արցախի:

«Քարոզչական տեսանկյունից դա արվում էր նրա համար, որպեսզի պատերազմից հետո քաղաքացիների մոտ չառաջանա պահանջատիրություն, նվազի դժգոհությունը և տարածվի հետևյալ թեզը՝ ոչինչ, արցախցիները թող իրենց հարցերը լուծեն, թող արցախցին պահի Արցախը և այլն: Արդյուքնում տեսանք, որ Արցախը՝ առանձին, Հայաստանը՝ առանձին թեզն ուղղակի փլուզվեց և փաստացի ապացուցվեց այն, որ Արցախը հանդիսանում էր ՀՀ պաշտպանիչ վահանը:

Դրանից հետո, երբ պատերազմը վերջացել էր, և Նիկոլ Փաշինյանը ստորագրել էր այն չարաբաստիկ փաստաթուղթը, կարճ ժամանակ հետո տարբեր ուղղություններով սկսվեցին քարոզչական հարվածներ, որոնց մի մասն ուղղված էր արցախցիների դեմ, ասում էին, որ այնտեղ իրենց սնունդ չէին տալիս: Այսինքն, հակաարցախյան շարժումը առավել ակտիվացավ պատերազմից հետո: Մյուս վեկտորը՝ զինվորական համազգեստով, գծված թրաշով մարդիկ էին խոսում, որ իրենց փրկել է Նիկոլ Փաշինյանը:

Բավականին պատրաստված քարոզարշավ սկսվեց: Նաև այդ թեզը փլվեց, որովհետև ինչպես իրենք էին նշում, թե իբր Նիկոլ Փաշինյանն իրենց փրկել է, ժամանակը ցույց տվեց, որ ընդհակառակը, մենք այսօր լուրջ խնդիր ունենք: Պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը գործեց պրոադրբեջանական քարոզչության ուղղությամբ՝ Հայաստանը ներկայացնելով խեղճ, որևէ պահանջատիրություն, նկրտում չունեցող, ամորֆ մի պետություն, և մինչ օրս շարունակում է այդ պրոադրբեջանական քարոզչությունը: Համեմատության համար նշենք, որ արցախյան առաջին պատերազմից հետո Ադրբեջանում ակտիվ քարոզչություն էր ընթանում, որ Արցախն իրենցն է, պետք է պատրաստվեն, իսկ մեզ մոտ հակառակն է՝ տեղի է ունենում պարտվածի հոգեբանության առավել խորացում, և ինչպես բազմիցս է նշվել՝ պատերազմից հետո շարունակում ենք պարտվել»,- նշեց ՀՀԿ անդամը:

Տիգրան Վարդանյանն էլ շարունակելով խոսքը՝ հիշեցրեց. «Պատերազմը սկսելու, եթե չեմ սխալվում, առաջին օրերին էր, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ՝ եկեք, ինչ էլ պատահի՝ մենք մեզ պարտված չհամարենք և այս թեզերի հիման վրա շարունակվեց «արծրունական» ստերի ժողովածուն՝ Գյանջայի օդանավակայանին հարվածելը, որը միֆ էր: Ցավալին այն է, որ չգիտենք՝ որքան զոհ ունենք, որքան՝ գերեվարված, վիրավոր տղաներ: Առողջապահական համակարգում օրենքներ են ընդունվել, ըստ որոնց՝ սառեցվում են մեկ տարով բոլոր վիրահատությունները, այդ թվում՝ նաև մեր զինվորների, ովքեր վիրավորվել են 44-օրյա պատերազմի ժամանակ: Պատերազմի օրերին եթե չլիներ ռուսական կողմը՝ այս կապիտուլյանտն ամեն բան անելու էր, որ Ստեփանակերտը կամ Արցախն ամբողջությամբ հանձնի: Հիմնավոր կասկածներ ունեմ, որ ամեն բան արել է, որպեսզի այդ ճանապարհով գնա, և շարունակում է անել»:

Հայկ Դերզյանն էլ շեշտեց՝ ՀՀ քաղաքացուն պետք էր խաղաղ կյանք:

«Ընտրություններից առաջ իշխանական լրատվականներով ակտիվ տարածվում էր ադրբեջանցիների հետ հարցազրույց, որտեղ իբր ադրբեջանցիներն ասել են, որ ընտրություններից հետո մենք կլքենք Սև լճի հատվածը: Հիշեցնեմ, որ և՛ Սև լիճն է իրենց վերահսկողության ներքո, և՛ Գորիս-Կապան ճանապարահի որոշ հատված: Ունենք տնտեսական լուրջ ճգնաժամ, ահռելի թանկացումներ, ՀՀ քաղաքացիները չեն կարող հանգիստ երթևեկել ՀՀ սահմաններով, որովհետև ինչ-որ պահից կարող է պարզվել, որ իշխանությունները դրանք ճանաչում են՝ որպես ադրբեջանական: Հիմա քաղաքացին պետք է որոշի, թե ինչպիսի իշխանություն է ուզում տեսնել: Մի իշխանություն, որը լինելու է բանակցությունների սեղանին և ով ինչ ուզենա՝ պոկի՞, թե՞ լինելու է բանակցող»,- նշեց ՀՀԿ անդամը:

Տեսանյութեր

Լրահոս