Դպրոցական թվեր

Վերջին տարիներին հանրակրթական դպրոցն իր խնդիրներով մղվել է հետին պլան: Պատճառը հասարակական-քաղաքական-տնտեսական կյանքի ցնցումներն են ու պարտությունը պատերազմում: Համավարակի պարագային արմատապես փոխվեց հանրակրթության կազմակերպումը (խոսքը հեռավար համակարգի ներդրման մասին է): Սակայն նույնիսկ այս պարագային հանրակրթության խնդիրները չդարձան հասարակական ու մասնագիտական քննարկումների թեմա: Միակ ոլորտը, որ չփոխեց իր վերաբերմունքն այս ոլորտի հանդեպ, վիճակագրությունն է:

Պաշտոնական վիճակագրությունը շարունակում է մասնագիտական «սառնասրտությամբ» ուսումնասիրել հանրակրթության ոլորտը: Ուսումնասիրել ու ներկայացնել թվերի տեսքով: Հանրակրթության ոլորտում 20/21 ուստարում կար 399 հազար 294 աշակերտ: Ուսուցիչների թվաքանակը 31 հազար 130 էր: Նրանցից 27 հազար 697-ը կամ մոտ 89 տոկոսը կին է:

Հայաստանում գործում է 1402 դպրոց: Այս թվից միայն 48-ն է մասնավոր (մնացած 1354-ը պետական են): 48 ոչ պետական դպրոցներից 41-ը գործում է Երևանում, 4-ը՝ Շիրակում, 2-ը՝ Արմավիրում, իսկ 1-ը՝ Տավուշի մարզում: Ըստ պաշտոնական վիճակագրության, հանրակրթական 1402 դպրոցների շենքերից բավարար վիճակում է գտնվում 562-ը: Փաստորեն, «բավարար» գնահատված է դպրոցական շենքերի մոտ 40 տոկոսը: Իսկ դպրոցական շենքերի մոտ 34 տոկոսը պաշտոնապես «կարիք ունի հիմնանորոգման»: Այդ դպրոցների քանակը 458 է: Իսկ 382 դպրոցական շենքի (ընդհանուրի մոտ 26 տոկոսը) վիճակը պաշտոնապես գնահատվում է՝ որպես «ընթացիկ նորոգման կարիք ունեցող»:

Վիճակագրական տվյալների համաձայն, երևանյան դպրոցական մասնաշենքերի վիճակն ավելի բարենպաստ է: Բավարար վիճակում է երևանյան 252 դպրոցների կեսը: Մոտ 36 տոկոսի վիճակը գնահատվում է՝ որպես «հիմնանորոգման կարիք ունեցող», իսկ 14 տոկոսինը՝ «ընթացիկ նորոգման կարիք ունեցող»: Մեր երկրում գործող դպրոցների 95 տոկոսը ջրամատակարարում ունի (Երևանյան դպրոցների ցուցանիշը 100 տոկոս է): Տաք ջրամատակարարում կա դպրոցական շենքերի մոտ 17.5 տոկոսում (Երևանում տաք ջրամատակարարում ունեցող դպրոցների քանակն էլ մեծ չէ՝ ընդհանուրի 19.4 տոկոսը): Հասկանալի է, որ դպրոցների այս նկարագիրը, մեղմ ասած, դժվար է համադրել ԲՏ նախարարություն ունեցող երկրում հնչող գերժամանակակից խոստումների հետ, բայց հաջորդ փաստն ավելի կոշտ է: Կոշտ է սանիտարահիգիենիկ տեսանկյունից:

Մեր երկրում գործող դպրոցների մոտ 10 տոկոսը կոյուղացված չէ: Ավելին՝ այդպիսի մեկ դպրոց կա մայրաքաղաքում: Հանրակրթական դպրոցների մասին մյուս վիճակագրական տվյալներն ավելի «մեղմ» են: Հայտնի է, որ մեր երկիրը գազիֆիկացման շատ բարձր մակարդակ ունի: Գազ կա համարյա բոլոր բնակավայրերում: Սակայն դպրոցների միայն 69.4 տոկոսն ունի գազամատակարարում (երևանյան դպրոցներից գազամատակարարում ունեն 93.6 տոկոսը): Կենտրոնացված ջեռուցում ունի դպրոցների 68.4 տոկոսը: Մնացածները կա՛մ էլեկտրաջեռուցիչներով են տաքանում, կա՛մ վառարանով (այդպիսի մեկ դպրոց կա նույնիսկ Երևանում):

Հնարավոր է, որ դպրոցների շենքային պայմանները համավարակի այս օրերին պակաս հետաքրքիր թեմա է: Ի վերջո, այս՝ աշնանային արձակուրդից հետո մեր դպրոցականներն ուսումը առկա՞, թե՞ հեռակա կշարունակեն՝ դժվար է կանխագուշակել: Ուստի ավելի կարևոր է դիտարկել, թե ուսուցիչ-դասարան, ուսուցիչ-աշակերտ, աշակերտ-դասարան տվյալների ինչ համամասնություններ կան:

Մեկ դասարանում ամենամեծ քանակով աշակերտներ կան երևանյան դպրոցների դասարաններում: Մայրաքաղաքային մեկ միջին դասարանն ունի 22.7 աշակերտ: Երկրորդը Կոտայքի մարզն է՝ 21.6 աշակերտ: Երրորդը՝ Արարատը՝ 20.1 աշակերտ: Աշակերտների քանակով ամենափոքր դասարանները Վայոց ձորում են՝ 11.3 աշակերտ, և Սյունիքի մարզում՝ 12 աշակերտ:

Մեկ ուսուցչի հաշվարկով, մայրաքաղաքային դպրոցներում սովորում է 15.4 աշակերտ: Երկրորդ ցուցանիշը Կոտայքի մարզինն է՝ 15.2 աշակերտ, երրորդը՝ Արարատինը՝ 15 աշակերտ: Վայոց ձորի մարզում մեկ ուսուցչի հաշվարկով կա 9.2 աշակերտ, Սյունիքում՝ 10.5:

«Ո՞ր պարագան է ուսման տեսանկյունից ավելի արդյունավետ՝ երբ մեկ ուսուցչին ավելի մեծ քանակով աշակե՞րտ է «բաժին հասնում», թե՞ հակառակը» հարցը կրթության ոլորտի մասնագետների քննարկման թեմա է: Մենք բերենք մեկ ուրիշ վիճակագրական տվյալ: Վերջին հինգ տարում վերապատրաստվել է 60 տոկոսը:

«Բավարա՞ր է սա, թե՞ ոչ» հարցը նույնպես կրթության ոլորտի մասնագետների քննարկման թեմա է: Մնում է, որ ոլորտի կառավարիչ պաշտոնատար անձանց այդ թեմաներն ու քննարկումները հետաքրքրեն: Բայց դա արդեն առասպելների ժանրից է:

Տեսանյութեր

Լրահոս