Բաժիններ՝

Առանց դիմակները կրելու՝ մեքենան չի շարժվելու. տեսչական մարմնի ներկայացուցիչը դիմակ չկրող քաղաքացիներին իջեցրեց ավտոբուսից

«Ժողովուրդ, դիմակ դրեք, ցանկացած պահի մենքենան կանգնեցնում ու ստուգում են»,- առավոտյան ուղևորներին զգուշացնում էր ավտոբուսի վարորդը:

Ոմանք ականջալուր եղան, ոմանք՝ ոչ, վարորդի հորդորներն անօգուտ էին, որքան էլ պնդեց:

Իսկ 5 րոպե անց տեսչական մարմինների աշխատակիցները կանգնեցրին ավտոբուսը՝ հորդորելով նրանց, ովքեր դիմակ չեն կրում, իջնել ավտոբուսից:

– Հա, ունե՞ք դիմակ, տվեք՝ դնեն»,- ասաց ուղևորներից մեկը:

– Չէ, չունենք: Դուք վերջը դիմակ չդրեցի՞ք, խնդրում եմ՝ իջե՛ք,- դիմելով քաղաքացիներից մեկին՝ ասաց տեսչական մարմնի ներկայացուցիչը՝ շեշտելով,- առանց դիմակները կրելու՝ մեքենան չի շարժվելու ու, մինչև դիմակ չկրող քաղաքացիները հանդարտ քայլերով իջնում էին, հաջորդ հարցը հնչեց, թե՝ որտե՞ղ է ալկոգելը:

Ավտոբուսի վարորդը արձագանքեց՝ ասելով, թե վերջացել է, նորը պետք է դնի: Տեսչական մարմնի ներկայացուցիչը հորդորեց շատ կարճ ժամանակահատվածում հարցը լուծել՝ ընդգծելով, որ առայժմ կսահմանափակվեն նախազգուշացմամբ:

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից 168.am-ին փոխանցել էին, որ դիտարկումն իրականացնում են համատեղ, վարորդների կողմից թույլ տրված խախտումների վերաբերյալ արձանագրությունը կազմում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը և իրականացնում հետագա վարչական վարույթ, իսկ հանրային տրանսպորտում ուղևորների կողմից դիմակ չկրելու դեպքում տուգանք կիրառում է ՀՀ Ոստիկանության ծառայությունը։

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տեսուչները հանրային տրանսպորտում դիտարկում և ստուգում են ախտահանիչ հեղուկի առկայությունը, Covid-19-ի վերաբերյալ համապատասխան թերթիկների առկայությունը, որոնք պարտադիր պետք է փակցված լինեն տրանսպորտային միջոցում, ինչպես նաև ուղևորների և վարորդների դիմակների կրումը:

Այս ընթացքում Տեսչական մարմինների կողմից արձանագրվել են դեպքեր, երբ տրանսպորտային միջոցում կամ բացակայել է ախտահանիչ հեղուկը, կամ առկա է եղել ախտահանիչ հեղուկը, բայց այն եղել է ոչ պատշաճ որակի, որոնց դեպքում ևս կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ։ Օրինակ՝ մեծ տրանսպորտային միջոցներում երկու տեղ պետք է ամրացված լինի ախտահանիչ հեղուկը, որոշ դեպքերում հանդիպում ենք իրավիճակներ, երբ այն մի տեղ է լինում ամրացված: Սա խախտման այն տեսակն է, որ հաճախ ցուցում ենք տալիս՝ կամ տեղում շտկեն, կամ մինչև կանգառի վերջնակետ հասնելն ուղղեն»,- 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս