Բաժիններ՝

«Ֆիզգորոդոկի» բնակիչները հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին, որի հիման վրա քրեական գործ է հարուցվել, ու շինաշխատանքները կասեցվել են

«Ֆիզգորոդոկ» անունով հայտնի բնակելի թաղամասում սեպտեմբերի 29-ից հողային աշխատանքներ կարծես թե չեն կատարվում, իսկ բնակիչները պնդում են՝ Քաղաքապետարանը պետք է կասեցնի շինաշխատանքները, տրամադրի Ալիխանյան 6/1 տարածքի կարգավիճակի մասին հիմքերը և Հողային օրենսգրքի 60 հոդվածի սահմանափակումների վերաբերյալ եզրակացությունը:

Նրանց փոխանցմամբ՝ ի թիվս բազմաթիվ դատական գործընթացների` ընթացքի մեջ է գոյություն չունեցող նկուղի հիմքով պաշտոնեական լիազորությունների չարաշահման քրեական գործի քննությունը:

Բնակիչների պնդմամբ՝ զավթվել է հանրային տարածքը՝ կանաչ հրապարակը, որը ապօրինաբար օտարվել է 2005 թվականին՝ գոյություն չունեցող նկուղի հիմքով:

ԿԳՄՍ նախարարությունը ողջ գիտավանը ներառել է նորահայտ հուշարձանների ցանկում, սակայն հետո ինչ-ինչ ճնշումների ներքո հեռացրել է Ալիխանյան 6/1 հասցեի տարածքը հուշարձան-տարածքի սահմաններից:

Քաղաքապետը երկու տարի շարունակ չի ընդունել բնակիչներին և չի ծանոթացել բերվող փաստացի հիմնավորումներին, փոխարենը՝ 2021թ.հուլիսին կառուցապատողին տրամադրել է 12 հարկանի բարձրահարկի կառուցման ապօրինի շինթույլտվություն:

Կառուցապատող ՌԱՏԿՈ ՍՊԸ-ն չի ներկայացրել Կադաստրի՝ հողի օգտագործման փաստաթղթերը՝ շինաշխատանքները կազմակերպելու համար՝ ապօրինաբար ցանկապատելով զավթված հանրային տարածքն ու խոչընդոտելով բնակիչների ազատ տեղաշարժի իրավունքը՝ ապօրինաբար տարհանելով կայանված ավտոմեքենաները:

«Չեն աշխատում, բայց երեկ բետոն բերեցին, լցրեցին, մենք ահազանգեցինք քննիչին, ով փորձում էր մեկնաբանել, որ մի հատված իրենք վարձակալել են, իսկ դատապաշտպանն էլ ասաց, որ վարձակալությունը կադաստրում գրանցված չէ: Արդեն երկրորդ կիրակին է՝ բնակիչներով հավաքվում, մաքրում ենք տարածքը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց գիտավանի բնակիչներից Վահրամ Ասատրյանը՝ հայտնելով, որ հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին, որի հիման վրա քրեական գործ է հարուցվել, ու աշխատանքները կասեցվել են:

«Ոչ թե դատարանի միջնորդության, այլ քրեական գործի հաղորդման հիման վրա են դադարեցվել աշխատանքները»,- պարզաբանեց մեր զրուցակիցը:

ՌԱՏԿՈ ՍՊԸ հիմնադիր-տնօրեն Արթուր Մնացականյանն էլ Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում հայտնել է, որ 2018 թվականից փորձաքննություններ է անցել, և ի սկզբանե բնակչությանն իրազեկել են նախագծի մասին, եղել են հանրային լսումներ:

«Բնակիչների պատճառաբանությունները հետևյալ բնույթի էին հիմնականում. Այնտեղ բնակվողների կյանքի որակը կփոխվի, քանի որ բնակչությունը կավելանա: Կամ սկյուռիկներ կան, շինարարության ընթացքում կփախչեն: Մեքենաների քանակը կավելենա, կողքի շենք արև չի ընկնի, և այլն: Հետո բոյկոտեցին լսումները՝ չուզենալով լսել մեր պատասխանները: ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 202 հոդվածի համաձայն՝ բոլոր ծառերը, որոնք գտնվում են մեր տարածքում, մեր սեփականությունն են, և իրավունք ունենք տնօրինել մեր հայեցողությամբ: Քաղաքապետարանը հաշվառել է բոլոր ծառերը, և մենք պարտավորվել ենք՝ ինչպես մեր տարածքում, այնպես էլ՝ ամբողջ ֆիզիկայի բանավանում կրկնակի, եռակի ավելի ծառեր տնկել և խնամել»,- Հանրային հեռուստաընկերությանն ասել է ՌԱՏԿՈ ՍՊԸ տնօրենը:

Հիշեցնենք, որ Քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում ավելի վաղ գրել է, որ հողը սեփականաշնորհվել է 2004 թվականին, Երևանի քաղաքապետարանն իրավական հնարավորություն և լիազորություն չունի չեղարկելու սեփականաշնորհման որոշումը: Այդ տարածքում արդեն տրված է եղել 12 հարկանի շենքի շինթույլտվություն 2007 և 2012 թվականներին: 2019-ին քաղաքապետարանը մերժել է նախկին շինթույլտվության երկարացումը և պահանջել կառուցապատողից՝ նորից անցնել բոլոր փորձաքննությունները:

ԿԳՄՍՆ-ն 2021-ի փետրվարին հայտնել է, որ ճանաչել է «Ֆիզգորոդոկի» տարածքը՝ որպես նորահայտ հուշարձան, այնուհետև՝ 2021-ի մայիսին, հանել Ալիխանյան 6/1-ի հողակտորն այդ տարածքից: 2021-ի հուլիսին քաղաքապետարանը տվել է շինթույլտվություն: Քաղաքապետարանը պարտավոր է տալ շինթույլտվություն, եթե նախագիծը համապատասխանում է բոլոր նորմերին, և տարածքն ընդգրկված չէ հուշարձանների ցանկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս