Իրան-Ադրբեջան հարաբերությունները կարծես անբեկանելիորեն վատթարացել են. իրանագետ

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն այսօր ճեպազրույցի ժամանակ ևս մեկ անգամ անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրանին և Հայաստանին ուղղված մեղադրանքներին՝ Ադրբեջանի ղեկավարությանը կոչ անելով «թույլ տալ շարունակել երկու երկրի պաշտոնյաների միջև երկխոսությունը դիվանագիտական ուղիներով և խուսափել բացասական հայտարարություններից»:

Հիշեցնենք՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հեռավար նիստին Իլհամ Ալիևն առանց փաստարկներ բերելու հայտարարել էր, որ Հայաստանն Իրանի հետ դավադրությամբ Ադրբեջանի օկուպացված տարածքներն օգտագործել է դեպի Եվրոպա թմրանյութ փոխադրելու համար: Այս հայտարարություններին հակադարձել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Հայաստանն Իրանի հետ միասին արդյունավետորեն պայքարում է նարկոթրաֆիքինգի չարիքի դեմ։

Ի դեպ, Իրանում Բաքվի բռնապետի հայտարարություններին արձագանքել են ոչ միայն արտգործնախարարության մակարդակով. այս մեղադրանքները բավականին սուր են ընկալվել նաև հասարակական ու լրատվական շրջանակներում:

Իրանագետ Գարիկ Միսակյանը 168.am-ի հետ զրույցում անդրադարձավ իրանական արձագանքներին. «Պաշտոնական մակարդակում արձագանքեց ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, որոնք, ըստ էության, կոչեր էին անում Բաքվի բռնապետին՝ «մտածել սեփական երկրի և սեփական անձի մասին», քանի որ Ալիևն ու Ալիևի ընտանիքն են նմանատիպ գործարքներում նկատվում:

Եթե խոսենք քարոզչական և լրատվական մակարդակներում տեղ գտած արձագանքներին, ապա իրանական ԶԼՄ-ներում, որոնք կապակցված են և՛ պետական, և՛ ռազմական կառույցների հետ, բավականին լուրջ հրապարակումներ եղան, որտեղ և՛ Իլհամ Ալիևի ընտանիքի վերաբերյալ բացահայտումներ ներկայացվեցին, և նաև՝ Բաքվի պետական ավիաուղիների կողմից միջազգային զենքի առևտրում ներգրավված լինելու փաստեր, ահաբեկչական կառույցներին ապօրինի զենք մատակարարելու փաստեր:

Հասարակական արձագանքները ևս բացասական էին. սոցիալական տիրույթում՝ հատկապես թվիթերում և թելեգրամում, բավականին շատ էին հակաադրբեջանական տրամադրությունները՝ նաև այն կոնտեքստից ելնելով, որ Ադրբեջանը, լինելով Իրանին հարևան և բավականին փոքր պետություն, հանդգնում է իրեն թույլ տալ նման հայտարարություններ Իրանի նկատմամբ»:

Արձագանքելով մեր հարցադրումին՝ արդյո՞ք քարոզչական մակարդակում այս լարվածությունը կհանգեցնի նաև ռազմական լարվածության, իրանագետը պատասխանեց. «Հնարավոր ռազմական գործողությունների մասին, կարծում եմ, վաղ է խոսել, սակայն մի բան պետք է նկատել, որ Իրան-Ադրբեջան հարաբերությունները կարծես անբեկանելիորեն վատթարացել են, և եթե նույնիսկ որոշակի փուլում այդ լարվածությունը նվազի, այնուամենայնիվ, այս պետությունների հարաբերություններն այլևս չեն լինելու այն մակարդակի վրա, որ կար Հասան Ռուհանիի կառավարման շրջանում»:

Տեսանյութեր

Լրահոս